կարևոր
60820 դիտում, 10 ամիս առաջ - 2023-05-29 09:33
Մշակույթ

Հայաստանի Առաջին Հանրապետության 105-ամյակը ու Համազգային հայ կրթական և մշակութային միության 95-ամյակը նշվեց Հայաստանի մշակութային ու արվեստաբույր քաղաքում՝ Գյումրիում

Հայաստանի Առաջին Հանրապետության  105-ամյակը ու Համազգային հայ կրթական և մշակութային միության 95-ամյակը  նշվեց Հայաստանի մշակութային ու արվեստաբույր քաղաքում՝ Գյումրիում

Մայիսի 28-ը Գյումրիում

Հայաստանի Առաջին Հանրապետության 105-ամյակը ու Համազգային հայ կրթական և մշակութային միության 95-ամյակը նշվեց Հայաստանի մշակութային ու արվեստաբույր քաղաքում՝ Գյումրիում։

Գյումրիում նորերս իր դռներն էր բացել նաև Համազգայինի Գյումրու գրասենյակը՝ նպատակ ունենալով իր շուրջը համախմբել տեղի արվեստասեր հասարակությանը, քաղաքի ու մարզի մտավորականությանը։

Մայիսի 28-ին նվիրված միջոցառումը կայացավ Գյումրու Հ․ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի դահլիճում՝ Համազգայինի Գյումրու գրասենյակի նախաձեռնությամբ։

Միջոցառումը բաղկացած էր երեք խորհրդանշական մասերից՝ Հայոց պետականության վերակերտման օր, Համազգային հայ կրթական և մշակութային միության 95-ամյա ճանապարհ և «Պոլսահայ գրականությունը 20-րդ դարի կեսից մինչև մեր օրերը» ժողովածուի շնորհանդես։

Բացման խոսքով հանդես եկավ Համազգայինի Գյումրու գրասենյակի տնօրեն Արա Նախշքարյանը՝ կարևորելով օրվա խորհուրդն ու նշանակությունը մեր ժողովրդի կյանքում։

Ողջույնի և շնորհավորանքի առաջին խոսքը տրվեց Համազգայինի կենտրոնական վարչության անդամ Տիգրան Պապիկյանին (ԱՄՆ), ով իր խոսքը սկսեց հերոսների հիշատակին հարգանքի ու խոնարհումի լռության րոպեով։ «Եթե չլիներ մայիս քսանութի հաղթանակն ու անկախությունը, չէր լինի նաև այսօրվա Հայաստանը, ուստի այս օրը մեզ համար պետք է դառնա սրբազան ուխտի օր՝ պահելու և պահպանելու այն, ինչ ձեռք բերեցինք 105 տարի առաջ և անկախության խորհուրդը աչքի լույսի պես փոխանցելու գալիք սերունդներին։ Այս դժվար օրերին մենք այլ ելք չունենք, քան համախմբվելու, միավորվելու, միասին դիմագրավելու ներկա մարտահրավերներին՝ մեր մեջ կրելով մայիսյան հաղթանակների շունչն ու ոգին»,- իր խոսքում շեշտել է Տիգրան Պապիկյանը։

Համազգայինի կենտրոնական վարչության անդամ (Հայաստան), «Դրոշակ» ամսագրի գլխավոր խմբագիր Արտաշես Շահբազյանն ամփոփ պատմական ակնարկով ներկայացրեց մայիսյան հերոսամարտերի կարևոր նշանակությունը՝ շեշտելով, որ մայիսյան հերոսամարտերով ճանապարհ բացվեց դեպի հայոց պետականության վերակերտում։ Արտաշես Շահբազյանը նաև անդրադարձավ Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր մեծությանը՝ Դաշնակցության գաղափարակիր Արամ Մանուկյանի կերպարին, ով կարողացավ երկրի համար ծայրագույն դժվար պայմաններում ցուցաբերել քաղաքական ու ռազմական փայլուն գործունեություն՝ օրինակ հանդիսանալով գալիք բոլոր քաղաքական գործիչների համար։ <<Ի՞նչ է անկախությունը մեզ համար և ինչո՞վ է այն պայմանավորվում,- այս կարեւորագույն հարցին ի պատասխան Ա. Շահբազյանը նշեց,- կան մի քանի կարևոր գործոններ, որոնք պայմանավորում են անկախության գոյությունը՝ աշխարհագրական տարածք, մարտունակ ուժ, քաղաքական ղեկավարություն, նյութական հնարավորություններ և այլն։ Այս ամենի կողքին, կարծում եմ, կա մի շատ կարևոր գործոն, որով իրապես պայմանավորված է անկախության լինել-չլինելը․ այդ գործոնը գտնվում է մեր բոլորիս ներսում, դա պետականության գիտակցությունն է։ Եթե կա պետականության գիտակցություն, ինչպես որ տեղի ունեցավ 1918-ին, ապա անձև քաոսի մեջ անգամ ժողովուրդը կարող է ստեղծել պետականություն, հասնել անկախության>>։

Համազգայինի անցած ուղու և առաքելության մասին ներկաների հետ կիսվեց Համազգայինի Երևանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը՝ նշելով , որ Համազգայինի հիմնադիրներից Նիկոլ Աղբալյանը և Լևոն Շանթը նաև Հայաստանի անկախության վերակերտման ակունքներում էին կանգնած։ «Առաջին Հանրապետություն կերտող հայ մտավորականները, ովքեր կրթություն էին ստացել եվրոպական երկրներում, ունեին միայն մեկ ուղենիշ՝ նրանց համար Հայրենիքը ոչ միայն սրբություն էր, այլև հայրենիքի անկախությունը կերտելը սրբազան գործ էր։ Նրանցից շատերը հետագայում ձեռնամուխ եղան ստեղծելու Համազգային հայ կրթական և մշակութային միությունը, որովհետև գիտակցում էին, որ առանց մշակույթի, առանց կրթված երիտասարդության չէր կարող հայը հայ մնալ, չէր կարող Հայրենիքը պահվեր ու փոխանցվեր սերնդեսերունդ»,- ընդգծեց Ռուզան Առաքելյանը։

Համազգայինի Արցախի գրասենյակի տնօրեն Հերմինե Ավագյանը, ով նույնպես ներկա էր միջոցառմանը, իր սրտի խոսքն ասաց օրվա խորհուրդի կապակցությամբ.« 1918 թվականին Սարդարապատի պատի տակ որոշվեց մեր ժողովրդի լինել-չլինելու ճակատագիրը, մենք կերտեցինք պետականություն, որովհետև Սարդարապատում հաղթեց մեր ժողովրդի միասնական կամքը և նպատակի գիտակցումը։ Այսօր հայոց Սարդարապատը Արցախն է ու Արցախում է որոշվում մեր ժողովրդի գոյության ուղին։ 120 000 մեր հայրենակիցները, ովքեր այսօր գտնվում են շրջափակման մեջ, մեր նոր Սարդարապատի մարտիկներն են, որովհետև նրանք են, որ ուս ուսի դիմակայում են՝ փրկելով անկախ Հայրենիք ունենալու բոլորիս երազանքը։ Ես ցանկանում եմ, որ բոլորիս մեջ արթնանա հայի այն տեսակը, որը հաղթել է Սարդարապատում, այն տեսակը, որը գիտի, թե ինչպես են սուգը դարձնում պայքար, ինչպես են հայրենասիրությունը դարձնում հայրենատիրություն, հայրենատիրությունը՝ ազգային արժանապատվություն»,- ասաց Հ.Ավագյանը։

Մայիսի 28-ի պատմական իրադարձությանը անդրադարձավ նաև պատմական գիտությունների դոցենտ Կարինե Ալեքսանյանը, ով իր ելույթում շեշտեց, որ հայ ժողովրդի հաղթանակները կվերադառնան այն ժամանակ, երբ մենք չկոչվենք երևանցի, գյումրեցի, արցախցի, սփյուռքահայ և այլ նման անուններով, այլ կոչվենք ու գործենք որպես միասնական հայ ժողովուրդ, ով հստակ գիտի, թե որտեղից է գալիս և ուր է գնում։

Բանասիրական գիտությունների դոցենտ Կարինե Մարտիրոսյանն էլ ներկայացրեց օրերս Համազգայինի Երևանի գրասենյակի և Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի համատեղ նախաձենությամբ լույս տեսած « Պոլսահայ գրականությունը 20- րդ դարի կեսից մինչև մեր օրերը » գիտաժողովի նյութերի ժողովածուն՝ կարևորելով պալսահայ գրականության դերը հայ գրականության անդաստանում։

Հանդիսավոր միջոցառման ընթացքում մենապարով ներկայացավ «Հայկական զարդանախշեր» համույթի պարուհի Յուլյա Ռևազյանը։

Իր ելույթներով հիացրեց հրաշամանուկ Միքայել Հակոբյանը։

Hamazgayin Yerevan Office/Համազգայինի Երևանի գրասենյակ

Hamazgayin Artsakh office

Hamazkayin Central

Համազգային Գյումրի