կարևոր
703 դիտում, 3 ժամ առաջ - 2025-10-20 22:11
Հասարակություն

Վարորդները փակ են պահում «Բավրա», «Բագրատաշեն» և «Գոգավան» անցակետերի ճանապարհները

Վարորդները փակ են պահում «Բավրա», «Բագրատաշեն» և «Գոգավան» անցակետերի ճանապարհները
Բեռնատարների վարորդները փակել են Բավրայի, Բագրատաշենի ու Գոգավանի անցակետեր տանող միջպետական ճանապարհները. նրանք բողոքում են ՌԴ-ում ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար 90-օրյա ժամկետ սահմանելու որոշման դեմ։ «Եթե ՌԴ-ն տարվա մեջ 90 օր է թույլատրում մեզ գտնվել այնտեղ, ապա մենքէլ թույլ չեն տա, որ օտարերկյա համարներով որևէ բեռնատար Հայաստան մտնի»,- հայտարարել են ակցիայի մասնակիցները: Այսօր ավելի վաղ բեռնատարների վարորդները ակցիաներ էին իրականացրել Երևանում ու իրենց պահանջներով նամակ փոխանցել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին: Այս տարվա հունվարի 1-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները, որոնք ՌԴ են մուտք գործում ոչ աշխատելու նպատակով (այսինքն՝ միգրացիոն քարտում «այցի նպատակը» բաժնում աշխատանքը նշված չէ- խմբ․), օրացույցային տարվա ընթացքում կարող են մնալ 90 օր (նախկինում թույլատրելի էր տարվա յուրաքանչյուր 180 օրվա մեջ 90 օր- խմբ․)։ Այս փոփոխությունը վերաբերում է նաև ուղևորափոխադրում և բեռնափոխադրում իրականացնողներին։ Վարորդները պնդում են, որ 90 օրը քիչ է, որովհետև թույլատրելի ժամկետի մեծ մասն իրենք կարող են անցկացնել, օրինակ, Վլադիկավկազում կամ Վերին Լարսում հերթերի մեջ։