կարևոր
2419 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-18 10:18
Քաղաքական

Դիլիջանի տնտեսական ֆորումը հետաքրքիր էր միայն Փաշինյանի համար․ «Հրապարակ»

Դիլիջանի տնտեսական ֆորումը հետաքրքիր էր միայն Փաշինյանի համար․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

Կիրակի Դիլիջանում տնտեսական ֆորում էր` ճռճռան ու անհասկանալի խորագրով՝ «Փոխակերպում դեպի կայունություն: Էներգիա եւ ֆինանսներ բարձր մակարդակի կոնֆերանս»։ Դրան զուգահեռ՝ նաեւ ՀՀ վարչապետին կից տնտեսական քաղաքականության խորհրդի նիստը։ Ստացվում է, մեր էներգետիկ ու ֆինանսական ոլորտները մինչ այս պահն անկայուն էին ու հիմա պետք է կայունանան։ «Կայունություն» բառը, իհարկե, անհաջող է ընտրված` մի տեսակ շատ է «նախկին»։ Միջոցառումը բարձր մակարդակի էր, «պրեզիդիումում» «բարձր մակարդակի» մարդիկ էին՝ ՀՀ վարչապետ, ՀՀ նախագահ, ՀՀ փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ այլ նախարարները:

Վարչապետ Փաշինյանը, որի կառավարման 5 տարիները, ըստ ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության դոկտոր Հրանտ Բագրատյանի, ամենավատ հնգամյակներից են եղել ՀՀ տնտեսության պատմության մեջ, որի ժամանակ ո՛չ իրական աշխատավարձն է աճել, ո՛չ իրական թոշակը, մեծ-մեծ բաների մասին էր ելույթ ունենում՝ կանաչ ֆինանսներ, կլիմայական ռիսկերի կառավարում, կայուն հաշվետվություններ, վերականգնվող էներգիա, կանաչ տեխնոլոգիաներ, կենսաբազմազանության կորուստ, կլիմայի փոփոխություն, սոցիալական հավասարության խթանում, կրթություն: Փաստորեն, ամեն ինչի մասին, բացի տնտեսությունից։ 

«Մենք նպատակաուղղվելու ենք կայուն զարգացման նպատակներին ֆինանսական ներդրումների միջոցով՝ դրանք համապատասխանեցնելով սոցիալական հավասարությանը եւ ֆինանսական պատասխանատու գործելակերպին»,- ասում էր վարչապետը, ու քիչ էր մնում հեռվում տեսնեինք այդ սոցիալիստական կապույտ հորիզոնը, բայց էլի հիշեցինք տնտեսագիտության դոկտոր Բագրատյանին, որն իր «Արմագեդոններում» գրել է, որ 2018-2022 թվականներին, այն է՝ փաշինյանական իշխանության տարիներին, տնտեսական աճի արագացում չկա, ճյուղային կառուցվածքը «վատն» է, հանքարդյունաբերության ու ազարտային խաղերի սրընթաց աճ է գրանցվել, տնտեսական աճի արդյունավետություն չենք ունեցել, այսինքն՝ այդ աճի համար ավելի շատ ռեսուրս ենք օգտագործել, քան նախկինում, անհամաչափ են զարգացել Երեւանն ու մյուս մարզերը, դոտացիաները գյուղերին ավելացել են եւ այլն, եւ այլն։ Ուրեմն, ի՞նչ կայուն զարգացում, ի՞նչ վերականգնվող էներգիա, ի՞նչ կանաչ տեխնոլոգիաներ, երբ ՀՀ բնակչությունը տարեցտարի ավելի վատ է ապրում, աղքատությունը մեծանում է, պետական պարտքն աճում է, ծախսերն ավելանում են, եկամուտները՝ անհասկանալի է, թե ինչի վրա են ծախսվում, եւ մեր հրատապ խնդիրը շարունակում է մնալ «հետույք ծածկելը»։
Վարչապետի լեզվով՝ այդ «հետույք ծածկելն» այսպես է հնչում․ «Մեր տնտեսական քաղաքականության առանցքային նպատակն է` ձեւավորել այնպիսի տնտեսություն, որն ի վիճակի կլինի գեներացնել ինքնիշխան եւ մրցունակ պետություն ունենալու համար անհրաժեշտ ռեսուրսներ»:

Տնտեսական խորհրդի նիստի երկրորդ օրվա հարցերի ցանկն ավելի իրատեսական էր՝ տնտեսական ակտիվություն, ներդրումային միջավայրի վրա փոխարժեքի տատանումների ազդեցություն, արտահանման ոլորտում տեղի ունեցող գործընթացներ, աշխատուժի որակավորման բարձրացում, ընթացիկ տնտեսական միտումներ, եկամուտների համընդհանուր հայտարարագրում։

Ամերիկյան համալսարանի Բիզնեսի եւ տնտեսագիտության քոլեջի դեկան, նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը, որը մասնակցել է Դիլիջանի ֆորումին, չցանկացավ երկար մեկնաբանել այն։ Փոխակերպում դեպի կայություն՝ ի՞նչ է դա։ «Դա հիմնականում կանաչ տեխնոլոգիաներ, կլիմայի փոփոխություն՝ դրանց է վերաբերում»,- պատասխանեց Գաբրիելյանը։ Այսինքն՝ ամեն ինչից, բացի այսօրվա ռեալ տնտեսությունը, խոսվե՞լ է։ «Չէ, ռեալ տնտեսությունից էլ է խոսվել, ուղղակի դա միջազգային փորձի փոխանակում էր էդ կոնֆերանսը։ Դրանից առաջ այլ հանդիպումներ են եղել, որոնց ես ներկա չեմ եղել»,- ասաց Գաբրիելյանը։ Հարցին՝ պե՞տք էր մեզ այդ ֆորումը, ի՞նչ տվեց, նա պատասխանեց` այո, պետք էր, բայց` «եկեք ես մեկնաբանություն չտամ»։ Ինչպես հայտնի է, նա այնքան էլ լավ կարծիքի չէ Հայաստանի տնտեսական ու ֆինանսական վիճակի մասին։ Երեք օր առաջ նա Հանրայինի եթերում ներդրումների մասին խոսելով, ասաց, որ տնտեսության իրական հատվածում մեծ ներդրումներ չեն եղել, ՀՆԱ-ում համախառն կուտակման ցուցանիշն իջել է, խոշոր ներդրումային պրոյեկտներ չկան, ֆինանսական հատվածում ավելացած գումարները չեն գնացել տնտեսություն, բանկային շահույթները չեն ուղղվել տնտեսություն, այլ ուղղվել են հիպոթեքային եւ սպառողական վարկերին։

Փորձեցինք այս ֆորումի մասին լսել նաեւ ճյուղային գերատեսչություններից մեկի կարծիքը: Էկոնոմիկայի նախարարությունում երկար չէին կարողանում հասկանալ, թե ինչ ֆորումի մասին է խոսքը։ Վերջում հասկացան ու խորհուրդ տվեցին դիմել կառավարություն, քանի որ իրենք տեղյակ չեն եւ իրավասու չեն խոսելու ֆորումից, որն ամբողջությամբ կառավարությունն է կազմակերպել։ Էկոնոմիկայի նախարարի հետ Դիլիջանում կիրակին անցկացրել է նաեւ փոխնախարար Տիգրան Ռաֆայելյանը։ Դիլիջանյան «տնտեսական» քննարկումների մասին նա եւս ասելու բան չուներ,  թեեւ նրան էինք խնդրել, որ կարծիք հայտնի։

Ֆորումին մասնակցել էր նաեւ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախկին նախարար Սուրեն Կարայանը։ Այսպիսի ֆորումներ առհասարակ պե՞տք են։ «Ես ուղղակի ունկնդիր եմ եղել»,- ասաց նա։ Իսկ ինչ-որ ռեալ բաների մասին խոսե՞լ են, բացի կանաչ տեխնոլոգիաներից եւ այլն։ «Այո, նաեւ էներգետիկայի վերաբերյալ էին քննարկումները, տնտեսական, ֆինանսական, բայց տեղս հարմար չէ, չեմ կարող խոսել»,- խուսանավեց նախկին նախարարը։ Փաստորեն, այնքան հետաքրքիր էր ֆորումը, որ ոչ ոք չի ցանկանում դրա մասին խոսել։
Մեր ուշադրությունը գրավեց այն, որ ֆորումին մասնակցում էին մի խումբ «նախկիններ»` ոչ միայն Վաչե Գաբրիելյանն ու Սուրեն Կարայանը, այլ նաեւ ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանը եւ «Տաշիր գրուպի» սեփականատեր Կարեն Կարապետյանի որդին` Վահե Կարապետյանը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում