կարևոր
4183 դիտում, 1 տարի առաջ - 2023-04-15 14:48
Իրավական

Արամ Նիկոլյանին ձերբակալելը թուրք-ադրբեջանական լսարանի համար արված քայլ էր, իր արարքում հանցակազմ չկար, և նա որևէ կարգավիճակ չունի. փաստաբան

Արամ Նիկոլյանին ձերբակալելը թուրք-ադրբեջանական լսարանի համար արված քայլ էր, իր արարքում հանցակազմ չկար, և նա որևէ կարգավիճակ չունի. փաստաբան

Քննիչը կայացրել է քրեական վարույթ չնախաձեռնելու մասին որոշում, այն ուղարկել է դատախազություն՝ օրինականության ստուգման, դրանից հետո նաև Արամ Նիկոլյանին կվերադարձնեն իր հեռախոսն ու բանալին, Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ադրբեջանի դրոշն այրած Արամ Նիկոլյանի փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Արամ Նիկոլյանը որևէ կարգավիճակ չունի, մտացածին հանցափաստով ձերբակալվել էր, բայց հասկանալի է՝ հասարակական ընդվզման և ճնշման ներքո՝ ազատ արձակվել։ Այնքան ցածր է եղել ցենզը, որ չի էլ հարցաքննվել Արամ Նիկոլյանը։ Ես հեռու եմ այն կարծիքից, որ այստեղ իրավապահները հանցակազմ չտեսան։ Առաջին իսկ հայացքից ակնհայտ է, որ դա բողոքի ակցիա է և խուլիգանության հանցակազմ չի կարող պարունակել։ Իհարկե, շատ լավ կլիներ, որ բոլորին այս արարքը դուր գար, բայց հասկանալի է, որ ունենք թուրքամետ, թուրքասեր ուժեր, ում սրտով չէ արարքը, բայց դա բնորոշել իբրև հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք՝ չափազանց բարդ է։ Հակառակը՝ հասարակությունը հոտնկայս ծափահարություններով ողջունեց պարոն Նիկոլյանի արարքը։ Սա հայ հասարակության արժանապատվությունը վերականգնելուն ուղղված ինչ-որ քայլ էր, հետևաբար, կա՛մ չափազանց անգրագետ պետք է լինել, կա՛մ չափազանց անհագուրդ ցանկություն պետք է ունենալ մարդուն քրեական հետապնդման ենթարկելու։

Սա արտաքին լսարանի համար, մասնավորապես թուրք-ադրբեջանական լսարանի համար արված ձերբակալություն էր, որովհետև այստեղ չափազանց բարդ է իրավական պրոցես տեսնելը», - ասաց փաստաբանը։

Ինչ վերաբերում է լուրերին, թե Արամ Նիկոլյանին Հանրային հեռուստաընկերությունում աշխատանքից ազատման մասին պահանջ է ներկայացվել՝ Ալեքսանդր Կոչուբաևը պատասխանեց.

«Այս պահին չեմ կարող դա հերքել կամ հաստատել, մենք էլ մամուլից ենք կարդացել։ Եթե իմ կարծիքն եք հարցնում, ապա, կարծում եմ, որ կազատեն, բայց այս պահին չեմ կարող նման տեղեկություն հաստատել։ Պաշտոնապես հրաման կամ ծառայողական քննություն, կարգապահական վարույթ չկա։ Կարող է՝ նման ռեպրեսիվ փորձեր լինեն, բնականաբար, մենք էլ չենք նստելու, մենք էլ պայքարելու ենք դրա դեմ՝ հնարավոր բոլոր խողովակներով», - հայտնեց Կոչուբաևը։