կարևոր
2377 դիտում, 11 ամիս առաջ - 2023-04-13 17:38
Քաղաքական

Վստահ եմ, որ Մինսկի խումբը դեռ իր դերակատարումն ունի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման գործում. Արարատ Միրզոյան

Վստահ եմ, որ Մինսկի խումբը դեռ իր դերակատարումն ունի ԼՂ հայության իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման գործում. Արարատ Միրզոյան

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Հայաստանում աշխատանքային այցով գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ:

Հանդիպումը մեկնարկել է առանձնազրույցի, այնուհետև շարունակվել ընդլայնված ձևաչափով, որին հաջորդել է երկու երկրների ԱԳ նախարարների մամուլի ասուլիսը:

ԱԳ նախարար Միրզոյանն իր ելույթում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի պարոն նախարար, պարո՛ն Օսմանի,

Հարգելի գործընկերներ,

Եվս մեկ անգամ ողջունում եմ Ձեզ Երևանում՝ որպես ԵԱՀԿ գործող նախագահ Հայաստան Ձեր այցի շրջանակներում: Այս այցը տեղի է ունենում Հայաստանի համար դժվար ժամանակաշրջանում, երբ մենք բախվում ենք սպառնալիքների և մարտահրավերների, որոնք ուղղակիորեն առնչվում են ԵԱՀԿ հիմնարար սկզբունքներին ու մանդատին, տարածաշրջանում անվտանգությանն ու կայունությանը, և ԵԱՀԿ գործող նախագահի այցը Հայաստան լավ հնարավորություն է քննարկելու տարածաշրջանում առկա խնդիրները, ընդգծելու ԵԱՀԿ դերը, ներգրավվածության հնարավորությունը, կառույցի հետ մեր հետագա համագործակցության հեռանկարները:

Իհարկե, Հայաստանը ԵԱՀԿ գործընկերներին մշտապես տրամադրում է տարածաշրջանում անվտանգային իրավիճակի, Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին և Լեռնային Ղարաբաղի շուրջ զարգացումների վերաբերյալ հավաստի տեղեկատվություն: Այսօրվա հանդիպման ընթացքում մենք անդրադարձ ենք կատարել իրավիճակի շուրջ վերջին զարգացումներին, ես գործընկերոջս ներկայացրել եմ 2021թ. մայիսից Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ագրեսիայի և հարձակումների, օկուպացիայի, ինչպես նաև ապրիլի 11-ին՝ այցի նախօրեին, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական սադրանքի, ագրեսիվ գործողությունների հետևանքները: Պետք է ընդգծեմ, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները հանդիսանում են ԵԱՀԿ արժեքների և Հելսինկիի եզրափակիչ ակտի մի շարք հիմնարար սկզբունքների կոպտագույն խախտումներ:

Այս համատեքստում կարևորել եմ 2022թ. սեպտեմբերյան ագրեսիայից անմիջապես հետո ԵԱՀԿ փաստահավաք առաքելության գործուղումը Հայաստան, որը հնարավորություն ընձեռեց ԵԱՀԿ դիտորդներին տեղում ծանոթանալ Ադրբեջանի ռազմական ագրեսիային և դրանց մարդասիրական հետևանքներին։ Հավելեմ, որ մեր կարծիքով առաքելության դիտարկումները և վերջնական զեկույցը պետք է հասանելի դառնան բոլոր մասնակից-պետությունների, ինչպես նաև` միջազգային հանրության մյուս ներկայացուցիչների համար՝ որպես ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվության աղբյուր։

Հարգելի ներկաներ,

Գործընկերոջս հետ քննարկոււմների ընթացքում անդրադարձ ենք կատարել նաև ԵԱՀԿ-ում Հյուսիսային Մակեդոնիայի նախագահության գերակայություններին, ինչպես նաև կազմակերպության առջև ծառացած խոչընդոտներին և դրանց լուծմանն ուղղված հնարավոր ջանքերին:

Վերջին աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում այսօր ԵԱՀԿ-ն կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ։ Այդ մարտահրավերները պահանջում են բոլոր մասնակից-պետությունների կողմից ԵԱՀԿ պատասխանատվության գոտում կազմակերպության գործիքակազմի բոլոր մեխանիզմների կիրառմամբ առկա խնդիրների հասցեագրում և դրանց վերաբերյալ հստակ դիրքորոշումների արտահայտում՝ առանց ընտրողականության, քաղաքական նախապատվությունների և աշխարհաքաղաքական առաջնահերթությունների:

Հարգելի ներկաներ,

Ինչպես գիտեք, լրանում է չորրորդ ամիսը, ինչ Ադրբեջանն ապօրինաբար արգելափակված է պահում Լաչինի միջանցքը՝ արհամարհելով Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի՝ իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումը և դրա կատարումն ապահովելուն ուղղված միջազգային հանրության հստակ պահանջը: Լաչինի միջանցքի արգելափակմամբ, ահաբեկումներով, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հայությանն իրենց տները հարկադրաբար լքելուն դրդող այլ գործողություններով Ադրբեջանը ձգտում է Լեռնային Ղարաբաղում իրականացնել էթնիկ զտումների համակարգված քաղաքականություն: Ցանկանում եմ հատկապես ընդգծել, որ Արդարադատության միջազգային դատարանը փաստել է «Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին» կոնվենցիայի շրջանակներում հայերի իրավունքներին անդառնալի վնասներ հասցնելու անմիջական վտանգի առկայությունը:

Այս համատեքստում, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը, ևս մեկ անգամ ընդգծել եմ, որ Լեռնային Ղարաբաղ միջազգային մարդասիրական կազմակերպությունների անարգել մուտքը, միջազգային փաստահավաք առաքելության ուղարկումը Լեռնային Ղարաբաղ և Լաչինի միջանցք կարող է կարևոր նշանակություն ունենալ Ադրբեջանի կողմից պարբերաբար շրջանառվող կեղծ թեզերին վերջ դնելու, վերահաս ագրեսիան կանխելու, մարդկային տառապանքները դադարեցնելու և տարածաշրջանում կայունություն հաստատելու գործում:

Գործընկերոջս ուշադրությունն եմ հրավիրել նաև Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մյուս դրույթների խախտումներին: Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին և պատանդի կարգավիճակում պահվող քաղաքացիական անձանց՝ նրանց նկատմամբ իրականացնելով շինծու դատավարություններ:

Նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան ՄԱԿ-ի փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի վերահսկողության ներքո ներքին տեղահանված անձանց և փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ չապահովելուն զուգահեռ Բաքուն ադրբեջանցիներով է բնակեցնում իր վերահսկողության տակ անցած հայկական բնակավայրերը:

Բացահայտ արհամարհանք ցուցաբերելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների նկատմամբ ադրբեջանական կողմը շարունակում է ռազմատենչ հռետորաբանությունն ու ատելության խոսքը՝ սպառնալով նոր ագրեսիայով և լրջորեն վտանգելով տարածաշրջանային կայունությունը:

Հարգելի ներկաներ,

Հայաստանը հետևողական է 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների կատարման և տարածաշրջանում համապարփակ ու երկարատև կայունության հաստատման ուղղությամբ ջանքերի գործադրման հարցում: Այդ նպատակով Հայաստանը բարեխղճորեն շարունակում է բանակցություններն Ադրբեջանի հետ՝ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ: Կցանկանայի ընդգծել, որ վերջնական կարգավորման համար, իհարկե, առանցքային է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը՝ միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմների ներքո:

Հավատացած ենք, որ ԵԱՀԿ-ն, որպես կազմակերպություն, որը զբաղվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ 1990-ականներից, պետք է ակտիվացնի իր ներգրավվածությունը՝ այդ թվում կանխելու ուժի կիրառման ցանկացած դրսևորում: Մեծապես կարևորում ենք ԵԱՀԿ նախագահության դերակատարությունը, ինչպես նաև` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար ստեղծված կառույցների ներգրավումն՝ իրենց մանդատին համապատասխան։

Եզրափակելով նշեմ, որ օգտվելով այցի ընձեռած հնարավորությունից՝ այսօր մենք մտքեր ենք փոխանակել նաև Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև երկկողմ օրակարգին վերաբերող հարցերի շուրջ: Հայաստանը կարևորում է իր հարաբերությունները Հյուսիսային Մակեդոնիայի հետ և պատրաստ է հետագայում ևս խթանել մեր երկկողմ օրակարգը և փոխշահավետ համագործակցությունը։ Վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերով կարող ենք զարգացնել համագործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում:

Պարո՛ն Օսմանի,

Եվս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում այսօրվա քննարկումների համար և խոսքը սիրով փոխանցում եմ Ձեզ»:

***
Հարց («Հանրային հեռուստաընկերություն»). Հարցս ուղղված է երկու արտաքին գործերի նախարարներին: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համատեքստում ընդգծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործուն ներգրավվածության անհրաժեշտությունը, բայց ինչպես հայտնի է պատերազմից հետո Ադրբեջանի նախագահը բազմիցս նշել է, որ հակամարտությունն այլևս գոյություն չունի, չնայած փաստերը հակառակն են ապացուցում: Ինչպես նաև, խոսելով Մինսկի խմբի դերակատարության մասին՝ նշել է, որ այն սպառել է իրեն, և այլևս դրա անհրաժեշտությունը չկա: Ինչպե՞ս կմեկնաբանեք սա: Արդյո՞ք սա չի նպաստում հակամարտության ավելի սրացմանը:

Արարատ Միրզոյան. Կարծում եմ, որ մենք չենք կարող առաջնորդվել ադրբեջանական պնդումներով՝ առավել ևս հաշվի առնելով փաստը, որ շատ հաճախ տարբեր թեմաների առնչությամբ ադրբեջանական զանազան պնդումներն իրենք իրենց ներսում հակասություններ ունեն: Կարող ենք հիշատակել միայն Լաչինի միջանցքի օրինակը, երբ Ադրբեջանը պնդում էր և, կարծում եմ, մինչև օրս էլ պնդում է, որ միջանցքը փակ չէ, արգելափակված չէ, հետո զուգահեռաբար կամ երկու օրվա տարբերությամբ պնդում, որ միջանցքն արգելափակված է շրջակա միջավայրի ոլորտով զբաղվող քաղաքացիական ակտիվիստներով, ովքեր շրջակա միջավայրի հետ կապված մտահոգություններ ունեն, հետո ասում են, որ այդ ակտիվիստները պետք է ստուգեն միջանցքով անցնող բեռներն ու անձանց և այլն: Եթե մենք առաջնորդվենք ադրբեջանական պնդումներով, կատարյալ շփոթի մեջ կհայտնվենք:

Ավելին ասեմ, Ադրբեջանը պնդում է, որ ոչ միայն Մինսկի խումբն այլևս գոյություն չունի, այլև Լեռնային Ղարաբաղը գոյություն չունի, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գոյություն չունի, ընդհանրապես այդ կոնտեքստում հարց չկա, որը ենթակա է հասցեագրման, միջազգային քննարկման, լուծման և այլն: Եթե մասնավորեցնեմ պատասխանը և հենց Ձեր բարձրացրած թեմայի մասին խոսեմ, փաստն այն է, որ ԵԱՀԿ անդամ որևէ երկիր միայնակ չի կարող վերջ դնել մի մեխանիզմի, մի ինստիտուտի, մի որոշման, որի հիմնադրման շուրջ միակարծիք են եղել բոլոր անդամ երկրները և որը հիմնադրվել է, ըստ էության, բոլոր անդամ երկրների կողմից: Մինսկի գործընթացը, Մինսկի ձևաչափը գոյություն ունի, այլ բան, որ բազմաթիվ պատճառներով՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ, համանախագահության գործունեությունն այս պահին սառեցված է: Ես վստահ եմ, որ Մինսկի գործընթացը և Մինսկի կոնֆերանսը, որի մասին ի սկզբանե եղել է, դեռ իր անելիքն ունի և դերակատարումն ունի Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրման գործում: Եվ առհասարակ նաև ԵԱՀԿ-ն անելիք ունի, որովհետև ոչ միայն Մինսկի գործընթացի, այլ նաև մյուս ինստիտուտների, օրինակ՝ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա ունեցած մանդատի ու նրա հնարավորությունների գործադրման մասին է խոսքը: Վստահ եմ, որ ԵԱՀԿ-ն իր անելիքն ունի: Նաև փաստահավաք առաքելության մասին խոսեցինք, որը դեկտեմբերին էր գործուղվել տարածաշրջան, այնպես որ, ինչպես դասականը կասեր, այդ լուրերը փոքր-ինչ չափազանցված են:

Հարց («Ազատություն ռադիոկայան»). Մի քանի օր, գուցե շաբաթներ առաջ, վարչապետ Փաշինյանը խոսեց, որ ըստ պլանի նախատեսվում է Հայաստանի սահմանի երկայնքով պաշտպանության նախարարության ստորաբաժանումները փոխարինել սահմանապահ ստորաբաժանումներով: Տեսնելով, թե հիմա ինչ է տեղի ունենում, մենք գիտենք, որ ադրբեջանցիներ են ներխուժել Հայաստանի սահման, և նրանցից մեկին այդպես էլ չգտանք, համենայնդեպս և՛ մեր սահմանապահները, և՛ բանակը, Դուք հավելյալ ռիսկեր այստեղ չե՞ք տեսնում, և արդյո՞ք Բաքուն համաձայնություն տվել է բանակը փոխարինել սահմանապահներով: Շնորհակալություն:

Արարատ Միրզոյան. Անշուշտ, բանակի, զինված ուժերի փոխարինումը Հայաստան-Ադրբեջան սահմանին, սահմանապահ ներկայացուցիչներով վստահ եմ, պետք է լինի վերջնական կարգավորումների մաս: Սա կարևոր է մի քանի առումներով՝ նաև հասկանալով, որ, անշուշտ, սահմանապահ ծառայությունը բոլոր երկրներում սահմանապահ առաքելություն է իրականացնում, բայց նաև գործիքակազմն է տարբեր, ընդհուպզենքերն են, զինատեսակներն են տաբեր և այլն: Եվ վստահ եմ, որ սահմանի հսկողության հանձնումը սահմանապահ ծառայությանն էականորեն կնվազեցնի հետագա նոր կոնֆլիկտների, այդ թվում նաև՝ ՀՀ տարածք նոր ներխուժումների հավանականությունը: Այս գաղափարը քննարկվում է, այս գաղափարը նոր չէ, իրականում մենք նախկինում էլ հրապարակավ առաջարկել ենք զինված ուժերը միմյանցից որոշակի հեռավորության վրա հետ քաշելու հնարավորությունը, այս պահին էլ դա քննարկվում է: Եվ կարող եմ նաև փոքր ինչ գաղտնիք բացել. դա նաև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ քննարկումների մաս է՝ առնվազն մեր առաջարկների տեսքով: Կրկնում եմ, մենք կարևոր ենք համարում այս մեխանիզմի ներդրումը:

Այժմ արդեն Հայաստան-Ադրբեջան սահմանին մասնակիորեն որոշակի հատվածներում այդպիսի մեխանիզմ ունենք, սահմանապահ ծառայությունն է իրականացնում հսկողությունը: Եվ փորձը ցույց է տալիս, որ այդ տարածքներում բախումների հավանականությունը, այսինքն պատմությունը, համենայն դեպս, ցույց է տալիս, որ մեխանիզմի արդյունավետությունը, որ ես նշեցի, կա, իրականում աշխատում է: Ցավոք սրտի, մենք գործ ունենք բազմաթիվ չլուծված խնդիրների հետ. ես նշեցի, օրինակ, բանակցում էինք, այդ հարցը բանակցությունների մաս է, բայց նաև բանակցություններին զուգահեռ մենք տեսնում ենք, որ գետնի վրա Ադրբեջանը փորձում է, շարունակում է ուժի գործադրման իր անթաքույց քաղաքականությունը: Եվ երբ, ինչպես ասում են, գետնի վրա, ուժը չի կիրառվում, մենք շարունակաբար լսում ենք ամենաբարձր մակարդակով այդ ուժի կիրառման սպառնալիքները և խաղաղ բնակչության, քաղաքացիական բնակչության ահաբեկումը: Եվ այս առավելապաշտական, ագրեսիվ մոտեցումները դրսևորվում են նաև մնացյալ շաղկապված, փոխկապակցված հարցերում, այդ թվում նաև՝ զինված ուժերը սահմանապահներով փոխարինելու, այդ թվում նաև բանակցությունների ընթացքում և այլն: Այսինքն դրանց զուգահեռ սա, իհարկե, մեզ հետ չի պահում շարունակել աշխատել այդ ուղղությամբ, և կրկին վերադառնալով մասնավոր բարձրացված հարցին, այո, դա ընդհանուր կարգավորումների և վերջնական կարգավորումների մաս պետք է լինի: