կարևոր
3109 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-07 17:48
Քաղաքական

Վստահ չեմ, որ կհասցնենք մինչև տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագրի վերջնական տարբերակ. Արարատ Միրզոյան

Վստահ չեմ, որ կհասցնենք մինչև տարեվերջ ունենալ խաղաղության պայմանագրի վերջնական տարբերակ. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահ չէ, որ մինչև տարեվերջ հնարավոր կլինի ունենալ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ: Այս մասին Միրզոյանն ասաց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին:

«Խաղաղության կամ հարաբերությունների հաստատման կարգավորմանն ուղղված բանակցություններն ակտիվ փուլում են, շարունակվում են: Նոր խմբագրությամբ փաստաթուղթ է շրջանառվում: Այժմ մենք ստացել ենք ադրբեջանական կողմի հերթական առաջարկները, հանդես կգանք մեր հերթական առաջարկներով: Ցավոք, կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում դեռևս շատ հեռու են իրարից, բայց նաև հենց դրա համար են բանակցությունները, որ կարողանանք հեռու դիրքորոշումների միջև ընդհանուր եզրեր գտնել ու ունենալ համատեղ արդյունք»,-ասաց Միրզոյանը:

Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն առայժմ շարունակվում են: Կան միմյանց համար անընդունելի  հատվածներ, կան հատվածներ, որտեղ կողմերը կարող են միմյանց ընդառաջ քայլեր անել:

Այս պահին մինչև տարեվերջ հանդիպում պլանավորված չէ ԱԳ նախարարների միջև:

«Բայց ես ենթադրում եմ, որ մինչև տարեվերջ մենք կունենանք ևս մեկ հանդիպում: Համենայնդեպս, մենք պատրաստ ենք այդ հանդիպմանը, մենք ակտիվ և կառուցողական ենք այս բանակցություններում: Վստահ չեմ, որ կհասցնենք մինչև տարեվերջ ունենալ պայմանագրի քիչ թե շատ վերջնական տարբերակ, թեև նախապես այդպես էինք հայտարարել, բայց դա մտադրության հայտարարություն է: Մեր մտադրությունը, մեծ հաշվով, ուժի մեջ է: Մենք աշխատում ենք որքան հնարավոր է շուտ հասնել խաղաղության և այս համապարփակ կարգավորմանը»,-ասաց ԱԳ նախարարը:

Նրա խոսքով՝ եթե նույնիսկ չստացվի մինչև տարեվերջ, բանակցությունները կշարունակվեն դրանից հետո: