կարևոր
3064 դիտում, 11 ամիս առաջ - 2023-03-25 17:50
Քաղաքական

Փաշինյանի ստորագրելիք փաստաթուղթը պատերազմը չի կանխելու

Նիկոլ Փաշինյանը միայն տարածքներ հանձնելու դիմաց է ստանում իր իշխանությունը պահպանելու երաշխիքները, ուստի դրանով է պայմանավորված այն, որ մի կողմից՝ մենք տեսնում ենք Արցախի պաշտպանության հարցում Հայաստանի իշխանության բացարձակ անգործությունը, ինչը, սակայն, բացակայում է, երբ խոսքը վերաբերում է սեփական իշխանության պահպանմանը։

Այս ամենը գալիս է ցույց տալու, որ նպատակ է դրված՝ ամեն գնով պահպանել սեփական իշխանությունը, այդ նպատակով հասարակության մեջ սերմանելով «ցանկացած զիջում նոր պատերազմից խուսափելու համար» կործանարար թեզը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, անդրադառնալով Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ Հայաստանի իշխանության որդեգրած և իրականացվող քաղաքականությանը, նման տեսակետ հայտնեց ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ ընդգծելով.

«Այստեղ է, որ մարդիկ պետք է հասկանան՝ սպասվողը ոչ թե խաղաղության, այլ կապիտուլյացիայի պայմանագիր է, պետք է տեսնեն, որ սպասվողը ոչ թե կանխելու է պատերազմը, այլ այն մոտեցնելու է մեզ դրան՝ մեզ համար ավելի անբարենպաստ պայմաններում։ Այս պայմանագրով պատերազմը լինելու է Երևանին մոտ տարածքում»,- ասաց Վարդանյանը՝ ընդգծելով՝ Հայաստանում գործում է մի իշխանություն, որն Ադրբեջանի հետ գնում է ժողովրդի թիկունքում պայմանավորվածությունների ձեռքբերման՝ հանրությունից թաքցնելով, թե ինչ է իրականում բանակցում Ադրբեջանի հետ, մասնավորապես, խաղաղության պայմանագիր կոչվածի համատեքստում։

«Բազմաթիվ անգամներ հարց է տրվել պատկան մարմիններին, թե ի՞նչ է պահանջում Ադրբեջանի ղեկավարը Հայաստանից, ասվել է՝ ներկայացրե՛ք դրված պահանջները, բայց չեն արել, բանակցությունների իրական բովանդակությունը լրիվ գաղտնի է, անգամ պատգամավորների՝ այդ ուղղությամբ արվող հարցումներն են մնում անպատասխան, որովհետև գիտեն, եթե հանրությանը ներկայացնեն այդ պահանջները, պարզ կդառնա, որ «Արցախը տանք, հանգիստ ապրենք» թեզը մեռելածին է, որովհետև Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացնում Հայաստանին»,- ասաց Վարդանյանը։

Պատգամավորի խոսքով՝ բաց աղբյուրներից հայտնի է դառնում, որ, օրինակ, Տավուշի գյուղերը, Երասխն Ադրբեջանի պահանջների կիզակետում են, ավելին՝ հայտնի է, որ Ադրբեջանը խոսում է ռեպարացիաների մասին, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է գումար վճարեն Ադրբեջանին։

«Այս բաց աղբյուրներում եղած տեղեկությունները ևս մեկ անգամ հիմք են տալիս իշխանությանը հարցնելու՝ լա՛վ, ի՞նչ եք պայմանավորվել փակ դռների հետևում, չէ՞ որ Ադրբեջանի ղեկավարի պահանջները միայն Արցախը Ադրբեջանի կազմում թողնելու մասին չեն։ Հարց է առաջանում, իսկ Գորիս-Կապան ճանապարհը մնալո՞ւ է Ադրբեջանին։ Նշեմ, որ ՊՆ հարցում եմ ուղարկել Ադրբեջանի կողմից Հայաստանում օկուպացված տարածքների վերաբերյալ, տրված պատասխանում Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքների մեջ Գորիս-Կապան ճանապարհի 20 կմ-ը չկա։ Լա՛վ, էլ ի՞նչ այդպիսի բարձր մակարդակի պայմանավորվածություն կա, որի մասին հանրությունը չգիտի»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը՝ շեշտելով՝ Փաշինյանը պայմանավորվածությունների է գնում թշնամու կողմից ուժի գործադրման արդյունքում, իսկ նման պայմաններում ձեռք բերված պայմանավորվածություններն առոչինչ պետք է ճանաչվեն։

«Փաշինյանն Ադրբեջանի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել ռազմական ուժի կիրառման ուղղակի ներգործության տակ, իսկ դա առոչինչ է»,- խոսքը եզրափակեց Վարդանյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։