կարևոր
4780 դիտում, 11 ամիս առաջ - 2023-03-24 21:32
Քաղաքական

Երևանում մեկ տարի բնակվող և մայրաքաղաքային հաշվառում ունեցող օտարազգիները ևս կարող են մասնակցել Երևանի ավագանու ընտրությանը

Երևանում մեկ տարի բնակվող և մայրաքաղաքային հաշվառում ունեցող օտարազգիները ևս կարող են մասնակցել Երևանի ավագանու ընտրությանը

Ի տարբերություն համապետական ընտրությունների, տեղական ինքնակառավարման մարմիններում ընտրական իրավունքի իրացման համար պարտադիր չէ ՀՀ քաղաքացի լինելը: Ավագանու ընտրություններին քվեարկելու իրավունք ունեն նաեւ Երեւանում մեկ տարվա հաշվառում ունեցող, սակայն ՀՀ քաղաքացիություն չունեցող անձիք:

Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ Երևանում մեկ տարի բնակվող և մայրաքաղաքային հաշվառում ունեցող օտարազգիները /իսկ այդպիսիք վերջին տարիներին քիչ չեն/ պոտենցիալ ընտրողներ են։

Այս նույն պահանջները տարածվում են նաեւ ավագանու անդամի թեկնածուի վրա, բայց ոչ քաղաքապետի:

Ինչ վերաբերվում է քաղաքապետին։

Քաղաքապետ կարող է դառնալ 30 տարին լրացած, ՀՀ քաղաքացիություն ունեցող ավագանու այն անդամը, ով չունի այլ պետության քաղաքացիություն: Երեւանի քաղաքապետն ընտրվում է նորընտիր ավագանու առաջին նիստի ընթացքում գաղտնի քվեարկությամբ՝ ավագանու անդամների ընդհանուր ձայների մեծամասնությամբ:

Սակայն, եթե կուսակցություններից որեւէ մեկն ստացել է ավագանու մանդատների 50%-ից ավելին, ապա այդ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարն ինքնըստինքյան դառնում է քաղաքապետ:

Այն, որ ՏԻՄ-երում ընտրական իրավունքի իրացման համար պարտադիր չէ ՀՀ քաղաքացի լինելը և մայրաքաղաքային հաշվառում ունեցող օտարերկրացիների մասնակցությունը Երևանի ավագանու առաջիկա ընտրության համապատկերում լուրջ խորհրդածությունների առիթ է, ակնհայտ է։ Մանավանդ, երբ վերջին տարիներին բոլորիս աչքի առաջ հանրապետությունում, այդ թվում նաև՝ Երևանում զգալի փոփոխություններ են տեղի ունեցել և մենք այլևս չենք կարող ասել, թե՝ Հայաստանն այն մոնոէթնիկ պետությունն է, որպիսին կար 4-5 տարի առաջ։

Դեռ 2019-ին սկսված՝ ԵՄ առջև ՀՀ ստանձնած պարտավորությամբ՝ Եվրոպայի միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համատեքստում միգրացիոն հոսքերի մի քանակ Հայաստան ուղղորդելու ծրագիրը, կարելի է ասել, այսօր անզեն աչքով իսկ տեսանելի է Երևանում։ Հիշենք նաև, փաշինյանական՝ Հայաստանի բնակչությունը 5 միլիոնի հասցնելու խոստումը։

Բնականաբար, խնդրո առարկա թեմաները և դրանցով պայմանավորված հարցերը մեզ առաջին հերթին անհանգստացնում են Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրների համատեքստում, առավել ևս, որ այսօր Արցախ-Հայաստան գոյաբանական վիճակում են հայտնվել՝ փաստացի պատերազմներով և պատերազմի սպառնալիքներով ապրող տարածաշրջանում, իսկ Երևանը դեռ խորհրդային ժամանակներից՝ պետություն է՝ պետության մեջ։

Հիմա։ Դեռ քպական գունավոր հեղափոխությունից հետո իշխանությունները հպարտանում էին սփյուռքում տարիներ ծվարած՝ փաշինյանական ընտրողների վերադարձով և բնականաբար, հետաքրքիր է, այդ նույն ընտրողների երևանցի-Երևանի քաղաքացի հատվածը ավագանու ընտրությանն ինչպես կարձագանքի։

Բնականաբար, ռուս-ուկրաինական պատերազմի այս ընթացքում՝ Երևանում հաստատված և գործունեություն ծավալող և՛ ռուսների, և՛ ուկրաինացիների ներկայությունը զգալի է և փողոցներում, և հանրային սպասարկման վայրերում, նաև մշակույթի օջախներում, որոնք, ըստ օրենքի, ցանկության դեպքում, կարող են մասնակցել Երևանի ավագանու ընտրությանը։ Ո՞վքեր են նրանք։ Ըստ առկա գնահատականների՝ բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնողներն են գերիշխում նրանց մեջ, ըստ ամենայնի՝ արդեն իսկ հայտնի կողմնորոշումներով․․․

Ընդհանուր առմամբ, Երևանի ավագանու ընտրությանը մասնակցության հայտ ներկայացրածների խճանկարը բոլորովին հուսադրող չէ։ Երևանյան և ոչ միայն երևանյան՝ ցուցադրական-բոհեմիկ կերպարներից մինչև սնափառության ասպետներ․․․Վերջիններս հատկապես աչքի են ընկնում խոստումների առատությամբ, թեպետ դեռ ընտրության օրվա մասին տեղեկատվություն անգամ չկա։

Բնականաբար, որքան էլ՝ քաղաքային իշխանության համար է պայքարը, այն կուսակցական - քաղաքական է լինելու, քանի որ ընտրությունը համամասնական է։

Երևանյան տանիքների և ավտոբուսների վրայով քայլող ներկա վարչապետից սկսած՝ այժմյան ԱԺ նախագահով և նախկին փոխվարչապետից ներկա փոխքաղաքապետ դարձած քպական թեկնածուով վերջացրած՝ քաղաքապետը երազելի պաշտոն է եղել։ Այս պաշտոնի համար իրենք իրար մեջ այսօր էլ պայքարում են՝ անվտանգության բոլոր բարձիկները կորցրած պետության մայրաքաղաք Երևանի ավագանու առաջիկա ընտրություններում․․․

Շարունակելի