կարևոր
3154 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-21 17:23
Քաղաքական

12 հազարամյա Պորտասարի (Գյոբեքլիթեփե) հնագիտական հուշարձանը բացարձակապես չի տուժել երկրաշարժերից

12 հազարամյա Պորտասարի (Գյոբեքլիթեփե) հնագիտական հուշարձանը բացարձակապես չի տուժել երկրաշարժերից

Աշխարհի հնագույն հնագիտական հուշարձան համարվող 12 հազարամյա Պորտասարը (թուրք․ անվանումը՝ Գյոբեքլիթեփե), որն ընդգրկված է UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում, չի վնասվել վերջերս Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժերից։ Այդ մասին հաղորդում է Akunq.net-ը՝ վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

Աղբյուրի համաձայն՝ վերջերս Թուրքիայում գրանցված ուժգին երկրաշարժերից հետո մասնագետները հատուկ ուսումնասիրության են ենթարկել Պորտասարը և հավաստիացել, որ այս հնամենի հուշարձանը որևէ կերպ չի տուժել բնության այս արհավիրքներից։

Ուրֆայի մշակույթի և զբոսաշրջության նահանգային վարչության տնօրեն Այդըն Ասլանը թուրքական «Իհլաս» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում մասնավորապես նշել է․ «Գյոբեքլիթեփեն ոչ մի վնաս չի կրել այս երկրաշարժերից։ Ինչպես հայտնի է, Գյոբեքլիթեփեն 2018 թ․ ներառվել էր UNESCO-ի համաշխարհային մշակութային ժառանգության մնայուն ցանկի մեջ, իսկ մեր հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը 2019 թվականը հռչակել էր Գյոբեքլիթեփեի տարի։ Դրանից հետո այս հուշարձան այցելուների մեծ հոսք է գրանցվել։ Երկրաշարժերից անմիջապես հետո իջանք Գյոբեքլիթեփեի տարածք և ուսումնասիրեցինք՝ արդյոք կառույցը վնասվել է, թե ոչ։ Լիովին հանգիստ կարող եմ արձանագրել, որ Գյոբեքլիթեփեի վիճակի մեջ ոչ մի փոփոխություն չի գրանցվել երկրաշարժերի հետևանքով»։

Հիշեցնենք, որ Հայկական լեռնաշխարհում, ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում գտնվող Պորտասարի հնավայրը շուրջ 12 հազարամյա պատմություն ունի։ Այստեղ հայտնաբերվել են 12 հազար տարի առաջ կառուցված մի սրբավայր և աշխարհի ամենահին պատկերագրերը։ Նեոլիթյան դարաշրջանին պատկանող Պորտասարի տաճարների խումբը գտնվում է ներկայիս Օրենջիք գյուղի մոտակայքում: Մոտավորապես 300 մ տարածքում կառուցված այս սրբատեղին ունի 15 մ բարձրությամբ պատեր: Պորտասարը մինչ այժմ հայտնի առաջին սրբավայրն է աշխարհում: Տվյալ տարածքում մինչ օրս հնագետների կողմից պեղվել են 6 տաճարներ: Մասնագետները, սակայն, ենթադրում են, որ Պորտասարում տաճարների թիվը շուրջ 20-ն է: Այստեղ կատարված հնագիտական պեղումների արդյունքում նաև հայտնագործվել է, որ ցորենի նախատիպը ևս առաջին անգամ աճել է Պորտասարի ստորոտին: Պորտասարի պեղումներին մասնակցած հնագետները նաև նշում են, որ թեև մինչ այժմ չի պարզվել, թե ինչ բնույթի կրոնական արարողություններ են այստեղ կատարվել, այնուամենայնիվ, դրանք արվել են որևէ հեղուկի (արյուն, ջուր, ալկոհոլ և այլն) միջոցով: Պորտասարի սրբավայրի հայտնագործումը նաև հերքում է մինչ այժմ հայտնի պատմագիտական այն թեզը, թե քոչվոր համայնքները նստակյաց կյանքի են անցել գյուղատնտեսական կուլտուրաներ մշակելուց հետո միայն:

https://www.milliyet.com.tr/gundem/12-bin-yillik-gobeklitepe-iki-depremde-de-hasar-gormedi-6905648

Թարգմանեց Մելինե Անումյանը

Akunq.net