կարևոր
2749 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-09 13:42
Քաղաքական

Աղետի քաղաքական ենթաշերտերն ու երկակի ստանդարտները. «Փաստ»

Աղետի քաղաքական ենթաշերտերն ու երկակի ստանդարտները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է․

Շատ հաճախ բնական աղետներն իրենց ուրույն հետևանքներն են թողնում նաև քաղաքական որոշակի ուղղությունների վրա։ Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժը ևս բացառություն չէ: Միայն Թուրքիայում 10 նահանգ է տուժել, որոնց ընդհանուր բնակչությունը մոտ 13 միլիոն է կազմում: Խոշորամասշտաբ ավերածությունները և դրանց արդյունքում հազարավոր զոհերը ցույց տվեցին, որ Թուրքիան, մեծ հաշվով, պատրաստ չէր նման աղետի։ Իսկ այն ռեսուրսները, որոնք կարող էին դրվել երկիրը աղետներից պաշտպանելու և մարդկանց կյանքի որակը բարձրացնելու ուղղությամբ, թուրքական իշխանությունները մեծ հաշվով ներդրել են ռազմական և արտաքին քաղաքական ոլորտում թուրքական ազդեցությունն ընդլայնելու և պանթուրքական ու նեոօսմանական ծրագրերն իրականացնելու ուղղությամբ։

Բացի դրանից, երկրաշարժից տուժած շրջանները տարիների ընթացքում ավելի քիչ ուշադրության են արժանացել իշխանությունների կողմից, դրա արդյունքում էլ այս նահանգներն ավելի քիչ են զարգացած, քան երկրի արևմտյան նահանգները, որտեղ անհամեմատ խոշոր ծրագրեր են իրականացվել։ Բնականաբար, աղետը նաև էական ազդեցություն կունենա Թուրքիայի ներքաղաքական կյանքի վրա, քանի որ մայիսին Թուրքիայում սպասվում են նախագահական ընտրություններ, որոնց արդյունքները կարող են վճռորոշ նշանակություն ունենալ Թուրքիայի ճակատագրի վրա։ Ուստի, գործող նախագահ Էրդողանը արդեն իսկ սկսել է միջազգային օգնությունները և աղետի գոտում մեկնարկած աշխատանքներն օգտագործել իր վարկանիշը բարձրացնելու համար, որը վերջին ամիսներին բավականին իջել է։ Նա փորձում է ցույց տալ, թե վերականգնումն արդեն իսկ սկսվել է և արագ թափով ընթանում է, և միայն իր իշխանության ջանքերի արդյունքում է հնարավոր վերացնել աղետի հետևանքները։

Միաժամանակ, մամուլում տեղեկություններ են տարածվում, որ աղետից տուժած քրդական բնակավայրերը վերականգնման համար ավելի քիչ ուշադրության են արժանանում, քան թուրքականները։ Մյուս կողմից էլ՝ ուշադրության է արժանանում այն հանգամանքը, որ Թուրքիայի՝ աղետի ենթարկված տարածքներում չկան անհրաժեշտ քանակությամբ վրաններ ու կազմակերպված կացարաններ՝ անօթևան մնացած մարդկանց ապահովելու համար։ Իսկ պետությունը չի կարողանում ամբողջապես վերահսկել իրավիճակը, և դա է պատճառը, որ համացանցում տարածվում են տարբեր տեսանյութեր և կադրեր այն մասին, թե ինչպես են բազմաթիվ անձինք թալանում խանութները։ Երկրաշարժը նաև մեծ ազդեցություն է ունենում Թուրքիայի տնտեսության վրա, քանի որ զբոսաշրջությունը, որը փաստացի մեծ եկամուտներ էր ապահովում Թուրքիային, կանգնել է, իսկ առանց այն էլ արժեզրկված լիրայի փոխարժեքը շարունակում է անկում գրանցել, դրան զուգահեռ թուրքական շուկայում գնաճը նոր ռեկորդներ է սահմանում։

Այս վիճակը կարող է օգտագործել թուրքական ընդդիմությունը, որը ցանկանում է միասնական թեկնածուով հանդես գալ, սակայն այս հարցում դեռևս վերջնականապես չի կողմնորոշվել։ Երկրաշարժի հետ կապված մյուս ենթաշերտը միջազգային արձագանքն է։ Սպասելի էր, որ Ադրբեջանը շտապեց ցուցադրական ձևով օգնություն ուղարկել Թուրքիային, քանի որ գտնվում է այդ երկրի ազդեցության տակ։ Նույնիսկ այն, որ Հայաստանը ևս ցավակցեց Թուրքիային, ինչ-որ կերպ դեռ գուցե կարելի է հասկանալ, որպես միջազգայնորեն ընդունված «պրակտիկա» և հարաբերությունների կարգավորման ճանապարհին «ժեստ»։ Բայց առնվազն տարակուսանքի տեղիք է տալիս այն հանգամանքը, որ Հայաստանի կառավարությունը որոշել է փրկարարներ ուղարկել մի երկիր, որը Հայաստանի դեմ բացահայտ թշնամական դիրքորոշում ունի, իսկ Արցախյան պատերազմի ժամանակ ոչ միայն ռազմատեխնիկական օգնություն էր ցուցաբերում Ադրբեջանին, այլև վարձկան ահաբեկիչներ էր տեղափոխում Արցախ հայ զինվորներին կոտորելու համար։

Ավելին, Թուրքիայում կասկածի տակ են դնում Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Եվ ելնելով թուրքական կառավարող շրջանակների կողմից հնչող հայտարարություններից՝ պարզ է դառնում, որ Անկարայի աջակցությամբ է, որ Ադրբեջանը սեփական օրակարգում է պահում, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Մյուս կողմից՝ տարակուսելի է ցավակցության հաղորդագրության մեջ Սիրիայի ու Թուրքիայի միաժամանակյա նշումը այն դեպքում, երբ Սիրիան բարեկամական երկիր է, այնտեղ մեծաքանակ հայություն կա և այլն: Ավելին, Հայաստանն ուղղակի պարտավոր է մեծ օգնություն տրամադրել այդ բարեկամական երկրին։ Միևնույն ժամանակ երկրաշարժը երևան հանեց նաև մի շարք այլ ենթաշերտեր, վկայություններ այն մասին, թե ինչպես են միջազգային պրակտիկայում կիրառվում երկակի ստանդարտները։ Օրինակ՝ արևմտյան երկրները միահամուռ շտապեցին օգնության հասնել Թուրքիային։ Անգամ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը նշեց, որ ՆԱՏՕ-ն մոբիլիզացնում է ուժերը՝ Թուրքիային օգնություն ուղարկելու համար։

Սակայն Արևմուտքը մեծ հաշվով ձեռնպահ է մնում Սիրիային անհրաժեշտ չափով օգնության հասնելու խնդրում։ Այդ երկրի նկատմամբ սահմանված արևմտյան պատժամիջոցները պահպանվում են անգամ աղետից տուժելուց հետո։ Եվ պատահական չէ, որ սիրիական Կարմիր խաչը կոչ արեց վերացնել միակողմանի պատժամիջոցները Դամասկոսի նկատմամբ՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։ Արևմուտքը փորձում է միջազգային ասպարեզում ներկայանալ որպես մարդու իրավունքների պաշտպանության չեմպիոն, սակայն հումանիտար խնդիրներ լուծելու տեսանկյունից խտրական վերաբերմունք է ցուցաբերում։ Բայց գոնե մեզ համար դա նորություն չէ, դրան մենք ականատես ենք եղել հատկապես 2020 թ. պատերազմի ժամանակ ու դրանից հետո: Նաև հիմա...։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում