կարևոր
55738 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-03 23:33
Մշակույթ Հասարակություն

Արագածոտնի մարզի Արագած գյուղի Թուխ Մանուկը

Արագածոտնի մարզի Արագած գյուղի Թուխ Մանուկը

Արագածոտնի մարզի Արագած գյուղի հիմնական սրբվայրերից է Թուխ Մանուկ մատուռը:

Այս Թուխ Մանուկն արդեն կառուցած է որպես փոքրիկ եկեղեցի։ Զանգակատան գմբեթ հիշեցնող, սյունակների վրա նստեցրած գմբեթը պսակված է մետաղյա խաչով։ Գմբեթի պատվանդանն ունի տաճարանման տեսք։ Դուռը վերցված է ուղղանկյուն փորագրված շրջանակի մեջ։ Դռան ներքևի հատվածում էլ քանդակված է հավերժության (սվաստիկա) նշանը

Ըստ ավանդույթի Մանուկ անունով տղա է եղել։ Նա շատ աստվածավախ ու մաքուր կյանքով է ապրել ու միշտ նրան ջահելները նեղացրել են մեկուսանալու համար։ Սևուկ մաշկ ունենալու համար անվանել են Թուխ Մանուկ։ Հետո, երբ մահացել է թաղել են առանձին մեկուսի վայրում ու վրան մատուռ կառուցել։  Հենց այս ավանդույթի ուժով էլ անվանակաոչվել է Արագածի Թուխ մանուկը:

Մատուռում հաճախակի են կատարվել հայկական ավանդական մատաղի արարողությունը: Մեծ մասամբ մատաղն անում են երեկոյան։ Մատաղ են անում աքլոր, գառ, հատուկ առիթներով ` ուլ, բաժանում են հնարավորինս շատ տներ։ Բաժանում են ինչպես հում, այնպես էլ եփած վիճակում։ Հետաքրքրական է, որ եփած վիճակում մատաղի միսը  հիմնականում բաժանվում էր լավաշի մեջ փաթաթված:

Թուխ Մանուկի օրերն են երեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, այցելում են ցանկացած ժամի։ Գալիս են անկախ սեռից ու տարիքից։ Մատաղը կատարվում է հիմնականում շաբաթ օրերին։

Թուխ Մանուկի անվան հետ են կապում նաև եղանակային անոմալիաների դեմ պայքարը: Հատկապես խիստ երաշտ տարիների մարդիկ զանգվածաբար ուխտի են գնում Թուխ Մանուկ զոհաբերություն կատարում մոմ վառում և խնդրում, որ Թուխ Մանուկն իրենց զորավիգ լինի: Հետաքրքրական է, որ դրանից հետո ծայրահեղ եղանակային պայմանները երբեմն կտրուկ փոխվել են դեպի լավը:

Թուխ Մանուկ գնում են, սուրբ Զատկի առավոտյան։ Մեռելոցներին գնում են գերեզմաններ, հետո` պարտադիր կերպով Թուխ  Մանուկ։ Գալիս են նաև հեռու տեղերից նախկին գյուղացիները, օտարները` երազի նշանով: Երազում սուրբը հայտնում է, որ  պետք է գնան այսինչ տեղը և ուխտավորները գալիս են իրենց հավատքի ուժով:

Թուխ Մանուկ ուխտագնացությունների մեծ մասը հիմնականում դիպվածային բնույթի են, երբ հավատացյալը տեղեկություն չունի, սակայն հանգամանքների բերումով է հայտնվում սրբավայրում:  Հաճախ այս մատուռ այցելության են գալիս կրկին իրենց երազների հետքերով, և ըստ երազի բովանդակության պահում են իրենց նպատակն ու երազանքը: Իրենց պահած երազանքը ի կատար ածելու հավատով:

Հեռվից եկողները շուտ են գալիս։ Եթե մեկի երեխան, հարսը հիվանդանում է, գնում են, մոմ վառում, աղոթք անում, այդ դեպքում գնում են երեք անգամ։ Փափագը միշտ կատարվում է։ Գնում են երեխա ունենալու, սիրածի հետ ամուսնանալուն աջակցելու խնդրանքով։ Կան Մանուկ անունով սրբի տված երեխաներ։ Թուխ Մանուկ են գնում ցանկացած տարիքի մարդիկ, թե տղամարդ, թե կին։

Մհեր Համբարձումյան