կարևոր
11221 դիտում, 1 տարի առաջ - 2023-02-03 14:28
Քաղաքական

Պետք է 120 հազար մարդուն Արցախում պահելը ստրատեգիական կարևորագույն խնդիր լինի Հայաստանի համար․ Միքայել Աջապահյան

Մտածում էի, թե ավելի շատ պետք է խոսք գնար, թե ինչու է փակվել Բերձորի միջանցքը, ինչպես պետք է բացվի այն, բայց մյուս կողմից ուրախ եմ, որ ամեն ինչ դիտվում է գլոբալ իրականության մեջ։ Ինչպես ասվեց Բերձորի միջանցքի փակ լինելը ընդհանուր մեր դժբախտության կատաստրոֆիկ վիճակի մեկ բաղադրիչն է։ Այս մասին Ազգային Ժողովում տեղի ունեցող լսումների ժամանակ հայտարարեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Աջապահյանը։

«Այո, Լաչինի միջանցքը միշտ եղել է հաղթաթուղթ Ադրբեջանի ձեռքին և հիմա էլ շարունակում է մնալ մեր տկարության, թուլության, ապիկարության, ես ասում եմ մեր, որովհետև ցավոք բոլորն էլ մերոնք են, չեմ ուզում իմ վրայից գցել այդ պատասխանատվության բեռը, ասել միայն իշխանության մեղքն է, քանի որ իշխանությունն էլ է մերը։ Եվ այդ հաղթաթուղթը մեր ապիկարության պատճառով Ադրբեջանը օգտագործում է ռազմական նակատառումներով և ռազմական քաղաքականությամբ։ Հումանիտար լինելուց բացի սրանով լրջագույն ռազմական հարց է լուծում Ադրբեջանը և ես պարզապես ամոթով, իրապես ամոթով նայում եմ Ադրբեջանի և Թուրքիայի միացյալ քաղաքականությանը և ամաչում։ Թե ինչ գրագետ են գործում Ադրբեջանը և Թուրքիան միասին, գրագետ են գործում տասնամյակներ շարունակ, իսկ մենք ապիկար, անտրամաբանական միջոցներով փորձում ենք դրա դեմն առնել և տարբերվում ենք առավելապաշտության և նվազապաշտության միջև, մաքսիմալիզմի և մինիմալիզմի։ Սկսում ենք պայքար, պայքար մինչև վերջից և հասնում ենք , ինչպես Պարոն Արսենյանը ներկայացրեց, ծայրահեղ մինիմալիզմի, այսինքն 120,000-ին տանք և 29,800 քառակուսու վրա 3 միլիոնը փրկենք»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ սա ծայրահեղ մինիմալիստական մոտեցում է․ «Բայց ինչպես ասել եմ, այդ 120,000 ՀՀ քաղաքացիներ են և Հայաստանի Հանրապետությունը պարտավորություն ունի այդ 120,000 քաղաքացիների նկատմամբ, ինչպես պարտավորություն կունենար, եթե Սոմալիում 12 Հայաստանի քաղաքացի շրջափակման մեջ լինեին, նույնքան պարտավորություն պետք է ունենար։ Ուրեմն ՀՀ և այսօրվա իշխանությունը ձեռքերը լվանալ, ասելով, որ 120,000 Ադբեջանի քաղաքացիներ են, ոչ նրանք Հայաստանի քաղաքացիներ են։ Ինչպես ՀՀ քաղաքացի են Բաքվում գտնվող գերիները, որոնցով նույնպես պետք է զբաղվի ՀՀ-ն։ Ուրեմն ինչու է փակվել Բերձորի միջանցքը, փակվել է այդ 120,000 Հայաստանի քաղաքացուն իրենց օրրաններից դուրս մղելու ռազմական նպատակադրումով։ Դժվար է սա նկատելը և այդ 120,000 մարդուն այնտեղ պահելը ստրատեգիական կարևորագույն խնդիր պետք է լինի Հայաստանի համար։ Պետք է թողնել այս տատանումները առավելապաշտության և նվազապաշտության միջև, հասկանալ՝ որտեղ ենք մեր ուժերը կշռել, որպեսզի կարողանանք այս հարցը լուծել»,- ասաց նա։