կարևոր
6427 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-29 16:35
Քաղաքական

Ձեր ապազգային և հայրենադավ ուղեղների ողջ ընտրանին Վահանի լռությունն իսկ չարժե. Լիլիթ Գալստյան

Ձեր ապազգային և հայրենադավ ուղեղների ողջ ընտրանին Վահանի լռությունն իսկ չարժե. Լիլիթ Գալստյան

Ալեն Սիմոնյան և ԱԺ քպ խմբակ, դուք, որ կործանման եք հասցրել մեր պետականությունը, ու դեռ մերկապարանոց ցինիզմով և սոփեստությամբ կառչել եք ձեր աթոռներից՝ մոռանալով քաղաքական, բարոյական և պետական պատասխանատվության մասին, կարդացեք Վահանի խոսքը։

Դեռ մի բան էլ՝ անամոթաբար ԱԺ ամբիոնից մեզ հորդորում եք օգտվել ձեր այդ տարիների տեքստերից։

Ա~խր ձեր քաղաքական թիմից շատերն այդ տարիներին անգամ հանրակրթական վկայական չունեին։ Ունեցողներն էլ մի բան չէին։ Ձեզ վկայականը չի փրկի, ձեր ապազգային ու հայրենադավ ուղեղների հավաքական ողջ ընտրանին անգամ Վահանի լռությունը չարժի։

Կարդավեք Վահան Հովհաննիսյանի 22.02.2008թ․՝ ՀՀ ԱԺ փոխխոսնակի պաշտոնից հրաժարվելու դիմումը ժողովրդին։

Կարդացեք և համեմատեք․ սա քաղաքական, բարոյական, ազգային և պետական մարդու բարձրագույն արժանիքներ և նշաձող ունեցող գործչի միտք է, չափանիշ։

Վահանը հրաժարվեց փոխխոսնակի պաշտոնից, որովհետև 2008-ի նախագահական ընտրություններում բավարար ձայներ չհավաքեցինք։ Այստեղ ժամանակի բյուրեղացած գնահատականն է, ապագա ականների կանխագուշակումը։

Մայրամուտը սկսվել էր․․․

Ամեն դեպքում կարդացեք!!!!

<<Սիրելի՛ հայրենակիցներ

Ես դիմում եմ Ձեզ անձամբ իմ անունից` որպես ՀՀ նախագահի թեկնածու։ Այս ամբողջ ընթացքում ես պայքարեցի բացառապես քաղաքական մեթոդներով` հենվելով գաղափարական եւ բարոյական արժեքների վրա: Ես ջանք չխնայեցի մրցակցությունը կառուցողական քաղաքական բանավեճի շրջանակներում պահելու, մեր քաղաքացիներին «հանուն», այլ ոչ թե «ընդդեմ» կողմնորոշելու համար: Ես փորձեցի մեր քաղաքացիներին համոզել, որ հաղթանակը հնարավոր է:

Դա ինձ չհաջողվեց: Նախընտրական պայքարի ողջ ընթացքում տիրեց ատելության ու անհանդուրժողականության, ահաբեկման ու սպառնալիքների մթնոլորտ։ Դա չէր կարող իր դրոշմը չթողնել բուն ընտրության օրվա վրա:

Տարաբնույթ ընտրական խախտումները, ընտրակաշառքի համատարած բաժանումը, որոշ տեղամասերում կոպիտ բռնությունը, լցոնումները էլ ավելի խորացրին հասարակության մեջ ընտրությունից ընտրություն արմատավորվող կասկածամտությունը եւ անվստահությունը։

Նորից սահմանափակվեց ժողովրդի քաղաքական կամքի ազատ արտահայտման իրավունքը, ոտնահարվեց եւ վիրավորվեց մեր քաղաքացիների արժանապատվությունը:

ՀՅԴ Գերագույն մարմինը մանրամասն ուսումնասիրում է բոլոր մարզերից, ընտրատեղամասերից ստացվող զեկույցները, որոնց հիման վրա կտա իր գնահատականները եւ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:

Սակայն, անկախ այդ գնահատականից, ես կայացրել եմ իմ անձնական որոշումը։ Ես հրաժարվում եմ ՀՀ ԱԺ փոխնախագահի պաշտոնից:

Հայրենակիցնե՛ր, իմ առաջադրումով եւ ընտրապայքարով ես փորձում էի Ձեզ ցույց տալ ելքը ընտրությունից ընտրություն կրկնվող այս վիճակից: Դա ինձ չհաջողվեց: Բայց եթե շատերն այս անգամ չտեսան ելքը, դա չի նշանակում, թե այն գոյություն չունի: Ի վերջո, ինձ հավատաց ու վստահեց առնվազն 100.000 մարդ, եւ դա ինձ հիմք է տալիս հպարտությամբ հաստատելու, որ Հայաստանում ես ունեմ մտածող, հայրենասեր, հավատարիմ, մաքուր եւ անկաշառ կողմնակիցների մի այնպիսի բանակ, որի հետ եւ հանուն որի հնարավոր է պայքարել` նրանց արժանի Հայրենիք կառուցելու համար:

Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր հավատացին ինձ եւ տեսան իմ մատնանշած ելքը:

Շնորհակալություն նաեւ նրանց, ովքեր քվեարկեցին ազնվորեն, իրենց կամքով` չազդվելով կուրացնող ատելությունից, վախից կամ ագահությունից:

Եվ, իհարկե, շնորհակալ եմ իմ դաշնակցական ընկերներին եւ կուսակցության համակիրներին, իմ բոլոր թիմակիցներին, որոնց նվիրումը, եռանդը եւ հավատը ոգեւորում էին ինձ եւ տանում առաջ:

Ես Ձեզ հանդարտության եւ զսպվածության կոչ եմ անում: Նրանք, ովքեր այսօր փորձում են գնալ ընդվզումի ճանապարհով, պետք է հիշեն եւ հասկանան, թե ինչ հանցանք գործեցին եւ ինչ արհավիրք բերեցին մեր ժողովրդի գլխին` կոպտորեն կեղծելով 1996թ. նախագահական ընտրությունները, սանձազերծելով ընտրախախտումների ինքնակատարելագործվող մի մեքենա, որը կանգնեցնել մինչ օրս չի հաջողվում: Բայց հավերժ այսպես չի լինելու:

Եվ ես կոչ եմ անում բոլորիդ սառնասիրտ վստահությամբ պատրաստվել մեր հաղթանակին:

Իմ բոլոր մրցակիցներին ես ցանկանում եմ հաջողություն, իսկ Հայաստանի ապագա Նախագահին նաեւ իմաստնություն եւ վճռականություն` առաջիկա տարիներին այնպիսի բարեփոխումներ կատարելու, որ հաջորդ ընտրություններում իշխանությունը պարտավորված չլինի ապավինել փողին, իշխանական ռեսուրսին, նրա հետ հաճախ սերտաճած կիսաքրեական տարրերին, այլ հնարավորություն ստանա հենվել քաղաքական ուժերի եւ ժողովրդի վստահության վրա:

Իսկ Ձեզ` սիրելի՛ հայրենակիցներ, ես կոչ եմ անում չվհատվել եւ չհիասթափվել: Ես Ձեզ հետ եմ եւ ուժեղ։ Մեր պայքարը երկարատեւ պայքար է։

22.02.2008թ.>>

 

Լիլիթ Գալստյան

ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ,

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր