կարևոր
3502 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-13 23:43
Արցախ Քաղաքական

Միջազգային կառույցներից ու ՀՀ իշխանություններից պահանջում ենք դրսևորել ադեկվատ մոտեցում. Արթուր Մոսիյան

Միջազգային կառույցներից ու ՀՀ իշխանություններից պահանջում ենք դրսևորել ադեկվատ մոտեցում. Արթուր Մոսիյան

Արդեն երկրորդ օրն է՝ ադրբեջանցիները փակել են Բերձորի ճանապարհը, շրջափակման մեջ թողնելով 120.000 արցախահայերի։

168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության ԱԺ «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն անդրադառնալով Արցախում ստեղծված հումանիտար աղետին, նկատեց՝ ճանապարհը բացելու տարբերակներից մեկը բանակցություններն են։

«Այսօր Ադրբեջանը խախտել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, և ռուս խաղաղապահներն այդ հայտարարության մի կողմն են, Բերձորի միջանցքը նրանց պատասխանատվության տակ է, նրանք կրում են պատասխանատվություն։ Կարծում եմ՝ նրանք ամեն ինչ պետք է անեն, որպեսզի այդ ճանապարհը բացեն»,- նշեց Արթուր Մոսիյանը։

Նրա խոսքով, ստեղծված իրավիճակի վերաբերյալ միջազգային հանրությունը հավուր պատշաճի չի արձագանքել, համենայնդեպս, ինքը նման արձագանք չի տեսել, այդ թվում՝ Հայաստանից պաշտոնական արձագանքներին տեղյակ չէ։

«Ի դեպ, Եռակողմ հայտարարությունն Արցախը չի ստորագրել, այլ Հայաստանն է ստորագրել և Հայաստանը՝ որպես Արցախի անվտանգության երաշխավոր, այժմ լռում է, ինչը, մեղմ ասած, անհասկանալի է, քանի որ Բերձորի ճանապարհն Արցախի համար կյանքի ճանապարհ է»,- նշեց Արթուր Մոսիյանը։

Նրա դիտարկմամբ, Ադրբեջանի այս քայլերի նպատակն Արցախից որևէ բան կորզելն ու Արցախը հայաթափելն է։

«Ամեն անգամ Արցախից մի բան կորզելով, ըստ իրենց՝ Արցախի հայաթափումը մոտեցնում են իրենց ուզած կետին։ Բայց ինչպես մենք ենք ասել ԱԺ հայտարարության մեջ՝ մեր ժողովուրդը վճռական է դիմագրվելու նաև այս մարտահրավերը։ Միջազգային կառույցներից ու Հայաստանի իշխանություններից պահանջում ենք դրսևորել ադեկվատ մոտեցում այս ամենի նկատմամբ, քանի որ այն կարող է վերջնական աղետի հասցնել մեր երկիրը»,- եզրափակեց Արթուր Մոսիյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այս պահին Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում կան հիվանդներ, որոնց պետք է տեղափոխեն Երևան՝ վիրահատելու համար, սակայն ճանապարհի փակ լինելու հետևանքով նրանց տեղափոխումն անհնարին է դառնում։

Աղբյուրը՝ 168.am