կարևոր
3394 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-15 15:29
Քաղաքական

Ինչո՞ւ դեռ չենք հաղթում․ Էդգար Էլբակյան

Ինչո՞ւ դեռ չենք հաղթում․ Էդգար Էլբակյան

Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» ծրագրի համահիմնադիր Էդգար Էլբակյանը գրում է.

• Եթե 1915 թ․-ին լիներ ավիափոխադրում, ցեղասպանությունից մազապուրծ սասունցիների մեծ մասը կմեկներ դեպի արևմուտք, չէր գա Երևանի նահանգ, ըստ այդմ՝ թյուրքերից չէր մաքրագործի Էջմիածնի և Թալինի շրջակայքը, Ջղնիի ձորը, ինչի պատճառով անհնար կդառնար Հայաստան պետության ստեղծումը․ մենք կուլ կգնայինք թշնամիների օվկիանոսում։

• Եթե 20-րդ դարակեսին լիներ ուժեղ և կայացած վիետնամական սփյուռք, վիետնամցիները միգուցե երբեք էլ չպայքարեին և ծնկի չբերեին ԱՄՆ-ին։

• Եթե Ավոն չկանգնեցներ, չբեռնաթափեր և հետ չուղարկեր Արցախից դուրս գալ փորձող վախեցած քաղաքացիական բնակչությանը, մենք կարող էինք և չհաղթել առաջին պատերազմում։ Եվ եթե Սպահանի Սոֆե լեռը դժվարանցանելի չլիներ, միգուցե ես կեսից հետ դառնայի և երբեք չհասնեի լեռան գագաթին…

• Այո՛, ընկերնե՛ր։ Կենաց և մահու պայքարում հաղթելու համար անհրաժեշտ է, որ դեպի հաղթանակ տանող ճանապարհն ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԵՆԱ։ Անհրաժեշտ է նաև, որ ՀՈՒՅՍ լինի, որ դեպի հաղթանակ տանող ճանապարհը վերջ ունի, և այդ վերջում հենց հաղթանակն է։ Ես դա իմ մաշկի վրա զգացի հիշատակածս իրանական լեռան վրա։ Ի սկզբանե մտածում էի՝ «դե սար ա էլի, ճամփեն կգտնեմ, կբարձրանամ», իսկ կեսից պարզվեց, որ սար չէ, այլ ժայռապար, և պետք է ոչ թե բարձրանալ, այլ մագլցել։ Ըստ որում՝ մագլցել քաղաքային կոշիկներով, առանց ջրի, առանց տեխնիկական կահավորանքի և ապահովության։ Ինձ դեպի գագաթ տանող ամենազորավոր գործոնն այն էր, որ հետդարձի ճանապարհ չկար, որովհետև անհնար էր առանց տեխնիկական հարմարանքների հետ իջնել մագլցածս ճանապարհով․ եղած ոտնատեղերի քարերն անգամ արդեն փշրվել էին բարձրանալուս ընթացքում։ Այսպիսով՝ հետ իջնելու փորձն անգամ ստույգ մահ էր նշանակում։ Փոխարենը հեռվում՝ վերևում, երևում էր արևի լույսը, ինչը հույս էր տալիս, որ նեղ ժայռազանգվածի ճեղքը հաղթահարելուց հետո հասնելու եմ սարահարթին…

• Այս երկու անհրաժեշտ պայմաններ են այսօր պակասում մեր հաղթանակի համար․ կոնտրէլիտայի/ազգային ուժերի/ընդդիմության առաջնորդության շարքերում չկա բավարար գիտակցում, որ հետդարձի ճանապարհ չկա ո՛չ Հայաստանի, ո՛չ անձամբ իրենց համար։ Չի կարող մեր փոխարեն որևէ «միջազգային հանրություն» կամ այլ ուժ հայանպաստ լուծում տալ մեր խնդիրներին։ Զուգահեռաբար դե-ֆակտո թշնամական իշխանություններն էլ փորձում են զրկել երկրորդ անհրաժեշտ բաղադրիչից՝ հույսից, որ ժայռը չարչարանքներով հաղթահարելուց հետո արևի լույս ու հարթ տարածք կա, որ մենք դատապարտված չենք ամբողջ կյանքում այս նեղության մեջ մնալու։

• Սա է մեր ներկայիս պարտության անատոմիան՝ բավարար չափով չգիտակցելը, որ այլ ճանապարհ չկա՝ կա՛մ կռվում ենք, կա՛մ վերանում, և հույսի ու հավատի պակասը, որ կռվելու դեպքում հաղթանակի հավանականությունը շատ մեծ է։

• Ես հասա Սոֆե լեռան գագաթին, և վստահ եմ, որ մենք միասին հասնելու ենք մեր ազգային երազանքների գագաթին…։