| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ)՝ Լեռնային Ղարաբաղի առաքելության պատվիրակությանը՝ ղեկավար Նիկոլյա Ֆլյորիի գլխավորությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմից:
Ռուբեն Վարդանյանն ընդգծել է Արցախում ԿԽՄԿ առաքելության կարևոր գործունեությունը հատկապես հետպատերազմյան շրջանում՝ ինչպես մարդասիրական աշխատանքների, այնպես էլ բնակչության աջակցության տարբեր ծրագրերի իրականացման առումով:
Նիկոլյա Ֆլյորին տեղեկություններ է ներկայացրել այս տարվա ընթացքում կատարված և ընթացիկ աշխատանքների, ինչպես նաև բնակչության խոցելի խմբերին ուղղված սոցիալ-տնտեսական աջակցության ծրագրերի մասին: Քննարկվել են հետագա համագործակցության, ծրագրերի իրականացման շարունակականության ապահովմանը վերաբերող հարցեր:
Ռուբեն Վարդանյանը պատվիրակության ուշադրությունն է հրավիրել նաև օրեր առաջ Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում տեղի ունեցած միջադեպերի վրա, երբ ադրբեջանական մարտական դիրքերից կրակոցներ էին արձակվել դաշտում տրակտորով աշխատող քաղաքացիական անձանց ուղղությամբ:
Զրուցակիցներն առաջնային են համարել բնակչության բոլոր խմբերի անվտանգության ապահովումը: «Արցախում շուրջ 30 հազար երեխա է ապրում, մենք պարտավոր ենք ապահովել նրանց անվտանգությունն ու խաղաղ մանկությունը»,-ասել է պետնախարար Ռուբեն Վարդանյանը: