|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Խերսոն քաղաքից ռուսական ուժերի նահանջից հետո Ուկրաինայի զինված ուժերը դարձյալ վերահսկողություն են հաստատել մի շարք բնակավայրերի վրա: Դրանցից ամենակարևորը Նիկոլաևսկի մարզում գտնվող Սնիգիրյովկա քաղաքն է, որը գտնվում է Խերսոնի մարզի վարչական սահմանի մոտ:
Վերջին մեկ օրվա ընթացքում ուկրաինական բանակն իր վերահսկողության տակ է առել Խերսոնի և Նիկոլաևվսկի մարզերի 12 բնակավայրեր: Ուկրաինայի զինված ուժերը հաղորդում են նախկինում գրավված տարածքներում 7 կմ առաջ գնալու մասին:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում հայտնել է երկրի հարավում 41 բնակավայրի ազատագրման մասին:
Իսկ Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Կրասնի Լիմանի ուղղությամբ ռուսական զորքերը խափանել են Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության բնակավայրերը գրոհելու ուկրաինական զինուժի փորձերը:
Գերատեսչությունը նաև տեղեկացրել է, որ Նիկոլաև-Կրիվոժորսկ ուղղությամբ իրականացվում է ռուսական ստորաբաժանումների մանևր դեպի Դնեպր գետի ձախ ափին նախապատրաստված դիրքեր՝ համաձայն հաստատված պլանի:
Ի դեպ, Ուկրաինայի պաշտոնյաները կասկածանքով են մոտենում ռուսական ուժերի դուրսբերմանը Խերսոնից՝ նախազգուշացնելով, որ այդ մանևրը կարող է ծուղակ լինել:
Ինչ վերաբերում է ռազմական գործողությունների ավարտի հնարավոր ժամկետներին, Պատերազմի ուսումնասիրության ամերիկյան ինստիտուտն իր հերթական տեղեկագրում հերքել է արևմտյան մի շարք պաշտոնյաների այն կանխատեսումները, թե ձմեռային եղանակը կարող է որոշակի առումով դանդաղեցնել ռազմական գործողությունների ընթացքը և բանակցություններ սկսելու հնարավորություն ստեղծել: