կարևոր
15223 դիտում, 1 տարի առաջ - 2022-10-24 15:49
Մշակույթ

«Էս հանրապետությունում չկա մի խնդիր, որն ինձ չի վերաբերում». Այսօր Սոս Սարգսյանի ծննդյան օրն է

«Գիտեմ, որ պետք եմ իմ ազգին, այս ազգի մեծերից մեկն էլ ես եմ, փոքր ազգը պետք է մեծ մարդիկ ունենա». հոկտեմբերի 24-ին հայ մեծանուն դերասան, մտավորական Սոս Սարգսյանի ծննդյան օրն է:

«Ինձ համար ամենամեծ զավեշտը դերասան դառնալս է: Ես շատ ամաչկոտ եմ, եթե 4 մարդ է լինում մոտս, կաշկանդված եմ լինում: Եվ այսքանից հետո ճակատագիրը ինձ դարձրեց դերասան` անկախ իմ կամքից: Ես կգերադասեի շինական դառնալ` հորս նման». վարպետի անսպասելի խոստովանությունն էր:

«Թումանյանը լոռեցի էր, ես լոռեցի, Համբոն լոռեցի»,- ասում էր նա:

Սոս Սարգսյանը ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին, Ստեփանավանում: Երեւանի գեղարվեստաթատերական ինստիտուտն ավարտելուց հետո 37 տարի շարունակ Մայր թատրոնի բեմում էր: Մեծ կինոյում առաջին քայլը «Եռանկյունի» ֆիլմում էր: Ասում էր` մեծ ջանքերի գնով ստացվեց ճաշակով ու արվեստով կինո:

1990 թվականին Սոս Սարգսյանն անդամակցում է Հայ Յեղափոխական Դաշնակցությանը, ավելին` մասնակցում է Հայաստանի անկախ Հանրապետության նախագահի առաջին ընտրություններին` իբրեւ նախագահի թեկնածու` ՀՅԴ-ից: Սրտացավորեն էր վերաբերվում Հայաստանին ու հայությանն առնչվող յուրաքանչյուր խնդրի. «Էս հանրապետությունում մի խնդիր չկա, որն ինձ չի վերաբերում»:

Դեռեւս ղարաբաղյան շարժման տարիներին Սոս Սարգսյանը Մոսկվայում հացադուլի միջոցով լսելի դարձրեց իր ձայնը, պայքարեց իր հայրենիքի համար ստեղծագործողին վայել կեցվածքով:

1991 թվին հիմնում ու ղեկավարում է Համազգային թատրոնը: Դժվար ժամանակներ ապրող երկրում թատրոնն էլ ծանր օրեր էր ապրում, բայց Սոս Սարգսյանի համոզումն էր. «Թատրոնն ապրում է, շնչում, թատրոնը հավիտենական է, եւ նրա ասելիքն էլ հսկայական նշանակություն ունի հասարակության համար»:

2012 թ. որոշվեց, որ 21 տարվա կենսագրություն ունեցող Համազգային պետական թատրոնի՝ սեփական տանիք ու բեմ ունենալու երազանքն իրականանալու է: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ թատրոնի շենք պիտի կառուցվի. Վարպետն ապրում էր դրանով, բայց չհասցրեց:

«Մենք ենք մեր սարերը», «Նվագախմբի տղաները», «Նահապետ», «Խաթաբալա», «Գիքորը»... կինոյում նրա կերտած դերերի թիվն անցավ 40-ը, սակայն նրա համար ամենահոգեհարազատը «Ձորի Միրոն» էր: Բազմաթիվ կինոպատմությունների կենդանի շնչառություն հաղորդեց Սոս Սարգսյանի ձայնը: Օրինակ, «Մատենադարան» եւ շատ այլ ֆիլմաշարերի դեպքում: Մեծ սիրով ու խանդավառությամբ էր աշխատում երիտասարդների հետ: Շուրջ 10 տարի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ռեկտորն էր:

Չնայած պատկառելի տարիքին` Վարպետն աշխատում էր: 2012 թ. Համազագային պետական թատրոնում «Հացի խնդիր» վեպի նոր բեմադրությունն էր: Վստահ էր` մի ներկայացմամբ հեղաշրջում չեն անի, բայց մի բարոյական ապտակ կհասցնեն:

Կյանքի վերջին տարիներին Վարպետը գրքեր էր գրում` իր բնորոշմամբ «իր իսկ ցավերի մասին»: Սոս Սարգսյանը հաճախ էր խոսում իր ժողովրդի հետ` հեռուստատեսային էկրանից, մեծ ու փոքր դահլիճներում: Խոսում էր իր մասին, իր մարմնավորած հերոսների, հայ ժողովրդի խորդուբորդ եւ իրեն չբավարարող ներկայի ու ապագայի մասին. «Հուսանք, որ իմ երեխաների երեխաները, ձեր ծոռները կապրեն ոչ այսքան հարմարավետ աշխարհում, բայց մի քիչ ազնիվ»:

Կյանքի վերջին շրջանում Սոս Սարգսյանը տանից շատ դուրս չէր գալիս, փոխարենն` ուրախությամբ էր հյուրեր ընդունում: Խոստանում էր արագ ապաքինվել. անավարտ գործեր ուներ: Ուզում էր իր սիրելի «Հեղնար աղբյուրին» նոր շունչ տալ:

«Իմ ժողովուրդը սիրում է ինձ: Մի քիչ՝ շատ, բայց սիրում է»,- ասում էր նա:

Իր մարմնավորած կերպարներով երբեք չծերացող Նահապետն ապրում եւ ուրախանում էր իր թատրոնով, իր ժողովրդով, հայրենիքով: Մերօրյա լեգենդը, հայ կինոյի ու թատրոնի, հայ իրականության, քաղաքական ու մշակութային կյանքի ամենահեղինակավոր ներկայացուցիչը, մեծ մտավորականը, Նահապետը հավետ կմնա սերունդների հիշողության մեջ: