կարևոր
6118 դիտում, 1 տարի առաջ - 2022-09-08 16:09
Քաղաքական

Լեգենդար հրամանատարը փրկեց հարյուրավոր կյանքեր, բայց նրան չփրկեցին

Երևանից Գառնի տանող ճանապարհին՝ Ազատ գետի աջ ափին մի փոքրիկ գերեզմանատուն կա... Անցնելիս կանգ առեք, Գառնիի զինվորական պանթեոնն է՝  հավերժի անմահ ճամփորդների հանգրվանը։ Ծաղկաշատ այս հովտում են հանգչում արցախյան ազատամարտի  նահատակները։ Հարակից ձորակից փչող քամին ասես  ցավի կսկծալի շունչ է բերում, ես սրբում եմ շիրմաքարերի վրա նստած փոշին ու նայում նրանց աչքերին, ովքեր գնացին, պատերազմը տարավ նրանց, նրանց, ովքեր մի ժամանակ հավատով,  լավագույն գաղափարներով տոգորված զինվորական համազգեստ կրեցին ու պատերազմի գույժը լսելով՝ անվարան մեկնեցին ռազմաճակատ՝ վերադարձի մասին լուր չտալով...

-Պատերազմում անմահացած գառնեցի մարտիկներն են, կենտրոնում այս պատերազմի ամենախիզախ հրամանատարներից մեկի՝ փոխգնդապետ Արթուր Հակոբյանի  լուսանկարն է, իսկ նրա կողքին՝ գառնեցի զինվորների։ Վերջինը բերեցին Արթուրի մարմինը՝ փակ դագաղով։ Ջեբրայիլի շտաբի պետն էր, պատերազմից հետո գրեթե յոթ ամիս համարվում էր անհետ կորած… Նրա զոհվելու մասին լուրը մեզ հասավ 2020թ. հոկտեմբերի 5-ին, սակայն   մարմինը գտան 2021թ. ապրիլին` Ջեբրայիլի եկեղեցու մոտ, գրպանում բանալի կար, վրան երկու տառ՝ ՇՊ (շտաբի պետ)… Դրանով ճանաչեցին, փակ դագաղով հուղարկավորեցինք Արթուրին,- ասում է ինձ ուղեկցող նրա ընկերը` փոխգնդապետ Հ.  Պետրոսյանը։

Երևի մի ժամանակ կյանքն ու պատերազմը հայոց աշխարհում այլ գույներով էին պատկերանում մարդկանց։ Այժմ կանգնել ենք գոյության շեմին. մեր հայրենիքի ամեն անկյունում եղբայրական գերեզմաններ են՝ ծածանվող եռագույնով, ուր հանգչում է հայ ազգի սերուցքը՝ կյանքի գնով Արցախի իրենց վստահված հողը պահած հայորդիները՝ ամենաքաջերը, ամենագեղեցիկները, ամենաազնիվները... 

Մտնում ենք Գառնի, համայնքի մուտքի մոտ մեծ պաստառին մեր հերոսի լուսե նկարն է՝ «Դու հաղթել ես» վերտառությամբ...Նա հաղթանակած հեռացավ, նա իր զորքի նահանջը չտեսավ...

Հարցնում ենք համագյուղացիներին.

-Ջեբրայիլի շտաբի պետի հայրական տունը ո՞ր թաղամասում է...

-Նրա՞, որ զոհվեց էս պատերազմում... Նա հզոր տղա էր...

 Ալեհեր, վշտից դառնացած մի տղամարդ տան շեմքին դիմավորում է մեզ, այնուհետ մի տխրադեմ կին, ում այնքան նման է մեր հերոսը։ Տիկին Կարինեն է, փոխգնդապետ Արթուր Հակոբյանի մայրը։

-Որքա՜ն նման է Արթուրը ձեզ...

-Նա իր մամայի տղան էր, մենք այնքա՜ն կապված էինք...

Հյուրասենյակի պատին մեր հերոսի՝ յուղաներկով արված դիմանկարն է՝ ռադիոընդունիչը ձեռքին, ասես ուր որ է կլսվի բոլորիս հարազատ դարձած նրա ձայնը`   «Նարինջ 1» հրամանատարական դիտակետից ռադիոընդունիչով զօր ու գիշեր զորքին հարահանգներ տալու պատճառով մի փոքր խռպոտած «պատերազմի ձայնը».

-101, Լյա Լյա լայկից աջ կուտակում կաաա... խփե՛ք դրանց, խփե՛ք...

Հյուրասենյակի ողջ պատը զարդարում են Արթուր Հակոբյան զինվորականի և ըմբշամարտիկի մեդալները, գավաթները, պատվոգրերը և բարձրագույն երկու պարգևները՝ հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ խիզախության համար ՀՀ և ԱՀ նախագահների հրամանագրերով հետմահու նրան շնորհված «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանները ...

Ըմբշամարտիկն ու հետախույզը

Արթուր Դավիթի Հակոբյանը ծնվել է 1983 թվականի հոկտեմբերի 21-ին, Գառնիում: Դպրոցական տարիներից աչքի է ընկել նպատակասլացությամբ, ուսման և սպորտի հանդեպ հետաքրքրությամբ։ Գառնիի թիվ մեկ միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո 2001-2006 թթ. սովորել է ՌԴ Ռյազան քաղաքի օդադեսանտային ռազմական ինստիտուտում: Ուսումնառության տարիներին դարձել է չեմպիոն «Մարտեր  առանց կանոնների» մարզաձեւում: Ընդգրկվելով ինստիտուտի հավաքականի կազմում` մասնակցել է մի շարք մրցաշարերի` պարգեւատրվելով  պատվոգրերով, շնորհակալագրերով: ՌԴ սպորտի վարպետ էր, Ռյազանի սպորտկոմիտեի պատվավոր ներկայացուցիչ, ինչպես նաեւ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի չեմպիոն։

  Արթուր Հակոբյանը ԱՀ Պաշտպանության բանակում և ՀՀ Զինված ուժերում ծառայողական ուշագրավ ուղի է անցել` վաշտի հրամանատարից մինչև զորամասի հրամանատար: Իսկ 2011 թ., երբ Հայաստանում կազմավորվեց  «Դիպուկահարների» դպրոցը,  Արթուր Հակոբյանը եղել է նախ դպրոցի ավագ դասախոս, այնուհետ՝ ղեկավարել դպրոցը: Նա ՀՀ զինված ուժերի համար պատրաստել է բարձրակարգ դիպուկահարներ, որոնք մշտապես աչքի են ընկել բացառիկ հմտություններով: Անբասիր ծառայության եւ բանակաշինության գործում ունեցած մեծ ավանդի համար  Արթուր Հակոբյանը պագևատրվել է   «Ծովակալ Իսակով» մեդալով, «Արժեքավոր նվերով»,  «Մարտական ծառայության»,  «Մարշալ Բաղրամյան», «Անբասիր ծառայության համար» 1-ին և  2-րդ աստիճանի մեդալներով, ինչպես նաև ՊԲ կայացման մեջ ունեցած մեծ ավանդի համար   զորամասի  պատվո-գրքում լուսանկարի  զետեղմամբ և անվան գրանցմամբ:

2017-2019 թթ. Արթուր Հակոբյանը սովորել է Մոսկվայի Ֆրունզեի անվան համազորային ռազմական ակադեմիայում։ Ավարտելով ուսումը՝ վերադարձել է  հայրենիք և նշանակվել  զորամասի հրամանատարի տեղակալ մարտական պատրաստության գծով, այնուհետ` զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ։

-2020 թ. փետրվարին մի շարք տարաձայնությունների արդյունքում որդուս ի վերջո ուղարկեցին Ջրական` որպես զորամասի շտաբի պետ։ Ճակատագրական եղավ Ջեբրայիլը նրա համար, հենց այդտեղ էլ դիմավորեց պատերազմը՝ ստանձնելով ամենածանր ուղղության պաշտպանությունը: Նա հմուտ կերպով ղեկավարել է մարտը, համակարգել վիրավորների ու զոհերի տարհանումը։ Ծառայակիցների վկայությամբ, զինվորին մարտական գործողության ուղարկելուց առաջ ինքն անձամբ էր հետախուզում տարածքը և զոհվեց դարձյալ զինվորների մոտ` առաջնագիծ շտապելիս,-ասում է հայրը։

Մայրը` տիկին Կարինեն, տխուր ժպիտով է հիշում որդուն.

-Արթուրս այնքան ընկերասեր էր, նրա տարերքը սարերն ու ձորերն էին, սիրում էր բարձրանալ Գառնիի բարձրաբերձ լեռները, ընկերների հետ հացկերույթներ կազմակերպել։ Շատ կենսուրախ տղա էր։ Այնպիսի ուրախությամբ որդու ձեռքը բռնած առաջին անգամ տարավ դպրոց ու մի ամիս անց...

Մեր սերունդների ընդհանուր ճակատագիրը...

Տեսնե՞ս աշխարհում կա էլի մի փոքր ազգ, որ այսքան վիշտ ունի ամփոփած իր սրտում... Ես նայում եմ Արթուր Հակոբյանի յոթնամյա որդու տխուր աչքերին ու հասկանում, թե ինչ է զգում։ Երեսուն տարի առաջ այդ տարիքում ես նույնպես ճանապարհել էի հայրիկիս ռազմաճակատ ու սպասում էի նրա վերադարձին։ Ակամա հիշում եմ Ռուբեն Հախվերդյանի հեղինակած, հայոց աշխարհում միշտ արդիական երգի տողերը.

-Եվ այս խաղը պատերազմն է, որ խաղում են մեծ մարդիկ,

Իսկ խաղի վերջում քո ճիչն է՝

-Ես սպասում եմ քեզ հայրիկ...

Փոքրիկ Դավիթը հաճախում է իր հերոս հայրիկի անունը կրող՝ Գառնիի Արթուր Հակոբյանի անվան N 1 հիմնական դպրոցը։ Նա դեռ չի գիտակցում, որ ինքը փառապանծ հրամանատարի հպարտ զավակն է, նա տխուր աչքերով տուն մտնող բոլոր հյուրերի մեջ իր հորն է փնտրում, չէ՞ որ խոստացել էր, որ կվերադառնա...

Կանխազգացում, թե՞ պատահականություն

 Հետախույզի կանխազգացում էր, թե պատահականություն զոհվելու նախօրեին՝  կեսգիշերն անց զանգահարել տուն, խնդրել արթնացնել որդուն ու խոսել նրա հետ, խոստանալ, որ կգա՝ ինքն էլ թերևս  չհավատալով դրան...

Հայրը` Դավիթ Հակոբյանը համոզված է, որ փորձառու զինվորականի ճանապարհ անցած  որդին, ով պատերազմի ամենաարյունոտ ճակատում էր, արդեն գիտեր, թե ինչ է լինելու  և զանգել էր վերջին անգամ լսելու տղայի ձայնը...

Պատերազմի ամենազարհուրելի մարմնավորումը

2020 թ. աշնանը Ջեբրայիլ տեղանունը հայ ազգի համար դարձավ պատերազմի ամենազարհուրելի մարմնավորումը։ Արցախի Պաշտպանության բանակի երբեմնի 9-րդ պաշտպանական շրջանում մարտերն ամենարյունոտն ու ամենածանրն էին։ Այնտեղ  հակառակորդը կենտրոնացրել էր ամենամեծ թվով զորքն ու զինտեխնիկան, իսկ հայ քաջարի մարտիկները օրեր շարունակ խիզախորեն մարտնչում էին... Գրեթե մեկ շաբաթ ճակատը չճեղքվեց։

 Ջրականի դիրքերում մղվող մարտը ղեկավարում էր զորամասի շտաբի պետը՝ խորքային հետախուզության ստորաբաժանման հրամանատարի փառապանծ ուղի անցած  փոխգնդապետ Արթուր Հակոբյանը։ Նա համակարգում էր պաշտպանությունը, հարձակումը, և զորքը` գումարտակի, վաշտի, դասակի հրամանատարների, քաջարի զինվորների շնորհիվ կարողացավ հետ մղել մեծաթիվ հարձակումներ, խոցել թշնամու մեծաքանակ զինտեխնիկա։ Սակայն ճակատը երկար պահել չհաջողվեց. համալրումը դժվարությամբ էր իրականացվում,  ճանապարհը ռմբակոծվում էր, զորքն օրեցօր պակասում էր, զոհերի, վիրավորների և  անհետ կորածների թիվն՝ ավելանում... Հոկտեմբերի 5-ին «Նարինջ 1» հրամանատարական դիտակետի ռադիոընդունիչը լռեց, զորքի մեջ  խուճապ տարածվեց.

- Շտաբի պետին խփեցին...

Արցախի հարավային խրամատները լճացան հայ մարտիկների արյամբ, մեր լավագույն հրամանատարներն ու զինվորները զոհվեցին հենց այդ ճակատում։ Ասում են՝ Ջրականի հողն արյունից սևացել էր և պատերազմից դեռ շատ ամիսներ անց որոնողափրկարարական խմբերը Արաքսի արյունոտ այս հովտում շարունակում էին հայտնաբերել անթիվ, անհամար անթաղ մարմինները մեր քաջերի, հուժկու պայթյունների հետևանքով նրանցից շատերը մասնատվել էին, ոսկրացել, ձուլվել այդ հողին…

Փոխգնդապետի առեղծվածային մահը

Պատերազմի դաշտում՝ ոչնչացման սպառնալիքներում մարտնչողների  գործողություններն անկանխատեսելի են։ Ծառայակիցների վկայությամբ պատերազմի սկզբից ևեթ հակառակորդը նշանառության տակ էր առել հարավային ուղղությամբ մարտը փայլուն ղեկավարող զորամասի շտաբի պետին՝ թիրախավորելով ու փորձելով ոչնչացնել բոլոր այն փոխադրամիջոցները, որոնցով ըստ ամենայնի կարող էր  տեղաշարժվել նա։ Իսկ հոկտեմբերի 5-ին, երբ փոխգնդապետ Արթուր Հակոբյանը դուրս էր եկել զորաշարժը դիտարկելու, թշնամու դիպուկահարի գնդակը որսաց նրա  մեքենան։ Ղեկի մոտ հենց ինքն էր։ Ըստ ռազմաճակատից հասած կցկտուր լուրերի, Արթուր Հակոբյանը, վիրավորվելով որովայնից, դուրս է նետվել մեքենայից և ոչ ոք այլևս չի տեսել նրան: Մեկ այլ ծառայակցի վկայությամբ, երբ իրենց խումբը շրջափակման մեջ էր, հեռվից տեսել են վիլիսը, որի դռները փակ էր, Հակոբյանը մեքենայի մեջ էր ու արդեն մահացած... Իսկ նրա հետ մեքենայի մեջ գտնվող սպանե՞րը... Դեռ հայտնի չէ` ովքեր են եղել և ուր են գնացել... Ըստ ամենայնի՝ կրակի տեղատարափը թույլ չի տվել այդ ժամանակ դաշտից դուրս հանել վիրավոր փոխգնդապետին։ Իսկ օրեր անց հայկական զինուժը նահանջել է՝ Ջրականը թողնելով հակառակորդի վերահսկողության տակ...

Վիրավորներն ապաքինվեցին, վերադարձան նաև շրջափակման մեջ հայտնված զինծառայողները, որոնցից մեկին Արթուր Հակոբյանը նռնակ էր տվել` հրահանգելով ոչ մի դեպքում գերի չընկնել... Բայց ինքը չեկավ, ո՞ւր մնաց, ինչպե՞ս զոհվեց, ինչո՞ւ չփրկեցին նրան, ով ինքը հարյուրավոր կյանքեր էր փրկել` հաճախ նաև իր մեքենայով տեղափոխելով վիրավորների, զոհերի մարմինները... Հարցեր, որոնք մրմուռ, անամոք ցավ են պատճառում...

 Պատերազմից հետո Դավիթ Հակոբյանն անգամ գերեվարվածների անվանացանկում է փնտրել որդու անունը, սակայն ապարդյուն: Ամիսներ անց, երբ ԴՆԹ անալիզի համընկնում է եղել, հորն են հանձնել Ջրականից հայտնաբերված  մարմինը, որը,  ըստ նրա, ամբողջական էր, բայց ճանաչելի չէր… Ասում էին, որ սպորտային հագուստով է եղել: Փոխգնդապետի հայրն այդպես էլ չի հանդիպել նրա հետ մեքենայի մեջ եղած սպաներից և ոչ մեկի հետ, նրանք խուսափում են ի հայտ գալ և խոսել, որդեկորույս հոր համար որպես  սփոփանք պատմել գոնե քաջ մարտիկի վերջին ժամերի մասին…

Արթուր Հակոբյանի հուղարկավորությունը մարդաշատ էր, ներկա էին ՀՀ ԶՈՒ, ԱՀ ՊԲ բարձրաստիճան սպաներ, ծառայակից ընկերներ, մինչդեռ տեսախցիկների առջեւ նրա մասին պատմողների խոսքը կցկտուր էր, խուսափողական։ Ես այդպես էլ չհանդիպեցի գեթ մեկ սպայի, ով կհամաձայներ պատմել Արթուր Հակոբյանի առեղծվածային մահվան մասին. բոլոր պայմանավորվածությունները չեղարկվում էին, բոլոր հարցերը մինչ օրս շարունակում մնալ անպատասխան... 

Նրանից հետո նրա մասին պիտի ասեին.«Նրա խիզախ ոգին մեզ ուժ էր տալիս մարտի դաշտում...»

-Հոկտեմբերի սկզբին Ջեբրայիլում անձրեւ էր տեղում, եղանակը սառն էր, չի բացառվում, որ զինվորականները համազգեստի տակից սպորտային հագուստ կրեին, նրանցից շատերի ձայնը նաև սառը եղանակի պատճառով էր խզվել... Արթուր Հակոբյանի հետ ծառայել եմ մի քանի ամիս: Մարտական բարձր պատրաստվածությամբ զինվորական էր, հրաշալի մարդ։ Ցավում եմ այնքան լավ տղաների զոհվելու համար։ Պատերազմի դաշտում մարդկանց վարքագիծն անկանխատեսելի է, թե ովքեր են եղել փոխգնդապետի հետ մեքենայում և ինչպես է նա զոհվել, դեռևս հայտնի չէ...

Ա. Քարամյան

«Փոխգնդապետ Արթուր Հակոբյանը հայկական զինված ուժերի համար պատրաստել է բարձրակարգ դիպուկահարներ, որոնք փայլել են իրենց կարողություններով: Նա լավ հետախույզ էր, հմուտ ղեկավարել է մարտական առաջադրանքների կատարման ողջ ընթացքը: Մոբիլիզացված անձնակազմին անձամբ էր առաջնորդում ամենադժվար և ամենապատասխանատու բնագծերը...»։

 Մ. Բադալյան

«Նրա համար նահանջն անընդունելի էր, նա մարտնչող տեսակ էր։ Ընկերասեր էր ու կյանքը չէր խնայի հանուն ընկերների»։

Ս. Հակոբյան

«Ազատ ոճի ըմբշամարտի բնագավառում մեծ հաջողությունների հասավ։ Նրա կոչումն էր միշտ առաջինը լինել, և որպես հետախույզ նա առանց բարդությունների, փորձությունների չէր ապրում...»։

Դ. Հակոբյան

«Նա որքան խստապահանջ էր որպես հրամանատար, նույնքան էլ գթասիրտ: Հիշում եմ, թե ինչպես էր «տանջում» դիպուկահարների դպրոցի իր սաներին, որոնք քննությունը պետք է հանձնեին` հաշված րոպեների ընթացքում Գառնիի բարձրաբերձ սարերը մագլցելով։ Եվ ամեն անգամ Ստեփանակերտից  Ջրական գնալիս ինչպես էր խանութից առնում մի քանի կիլոգրամ ռուսական շոկոլադ և տանում զորամաս։ Ե՛վ ինքն էր սիրում շոկոլադ և՛ զինվորներին էր բաժանում»:

Կ. Սարգսյան

 «Իմ ընկալման հերոսները 9-րդ պաշտպանական շրջանի այն 300 նահատակներն են, 40-ը` սպա, որոնք ութ օր անկոտրում մարտնչում էին հակառակորդի մեծաքանակ զորքի դեմ ուժային ահռելի հարաբերակցությամբ ու ճակատը չէր ճեղքվում։ Այդ տարածքում թշնամու ամենամեծաքանակ տանկերն էին խփված։ Ադրբեջանական բանակի մեծաթիվ զորքի կողմից հարձակման առաջնային խնդիրը այդ տարածքում չէր կատարվել, և այդ պատճառով պաշտոնանկ արվեց անգամ նրանց գլխավոր շտաբի պետը։ Այդ հաջողության հետեւում անշուշտ Ջեբրայիլի մեր նահատակ հերոսներն են...»։

Ա. Հովհաննիսյան

«Պատերազմի ժամանակ գիտեի, որ շտաբի պետը գտնվում է ճակատի աջ թևում, բայց հանկարծ ձայնը լսվում էր ձախ թևից: Երբ կապ էի հաստատում, իմանում էի, որ նա բոլոր դիրքերը ստուգելով հասել է մյուս թև։ Նա կազմակերպում էր նաև վիրավորների տարհանումը մարտի դաշտից` հաճախ իր մեքենայով ճակատից բերելով վիրավորների, զոհերի...Նրա խիզախ ոգին մեզ ուժ էր տալիս մարտի դաշտում»։

Հ. Զաքարյան

Հորիզոնի մեղմ կապույտում մայր է մտնում արևը, աստիճանաբար թանձրանում է մութը, Գառնի Երևան վերադարձի ճանապարհը ծանր մտորումներով լի է։ Ես խորհում եմ անդառնալիորեն խորտակված նրանց երազանքների, հետզհետե թանձրացող մեր կորուստների մասին և վերստին հիշում Դարվիշ Մահուդի միշտ արդիական տողերը. «Պատերազմը կավարտվի։ Ղեկավարներն իրար ձեռք կսեղմեն՝ մինչ մայրը կշարունակի սպասել իր նահատակ որդուն, դեռատի կինը կսպասի իր սիրելի ամուսնուն, երեխաները կսպասեն իրենց հերոս հորը… Ես չգիտեմ, թե ով վաճառեց Հայրենիքը, բայց տեսա, թե ով վճարեց գինը…»:

 

Վարդինե Իսահակյան

Լուսանկարները` հղումով