|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Նոյեմբերի 18-ին Վիեննայում ԵԱՀԿ Մշտական խորհրդում ելույթով հանդես եկավ Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Պապիկյանը՝ ի պատասխան ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների զեկույցին։ Այս մասին Yerkir.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունից:
«Դեսպան Պապիկյանը, ողջունելով հյուրերին, վերահաստատեց Հայաստանի աջակցությունը ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին՝ որպես Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային միակ մանդատ ունեցող ձևաչափի: Առավելապես կարևորվեց ԼՂ հակամարտության խաղաղ գործընթացի և տարածաշրջան այցերի վերականգնումը:
Դեսպանն այլ հարցերի շարքում նշեց, որ Ադրբեջանի կողմից շարունակվող հրադադարի խախտումները և դրանց հաճախականությունը գնալով ավելանում են՝ խոչընդոտելով տարածաշրջանում երկարատև խաղաղություն հաստատելու միջազգային հանրության ջանքերը: Դեսպանը հիշեցրեց Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի քաղաքացիական բնակչության դեմ ուղղված հանցագործությունների մասին։
Դեսպան Պապիկյանը նկատեց, որ Ադրբեջանի նման ագրեսիվ քաղաքականության հանդեպ միջազգային հանրության կրավորական կեցվածքով է նաև պայմանավորված նոյեմբերի 16-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի վրա հարձակումը, որի արդյունքում կան զոհեր, անհետ կորածներ և գերեվարվածներ։
Դեսպանն ավելացրեց, որ ցավոք սրտի, ուժի կիրառման և դրա սպառնալիքի նման բացահայտ դրսևորումը դառնում է Ադրբեջանի վարած քաղաքականության հիմնական հատկանիշներից մեկը, և պետք է կասկած չթողնի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների, ԵԱՀԿ-ի և նրա մասնակից պետությունների մոտ, ով է հանդիսանում ագրեսորը և տարածաշրջանում խաղաղության հաստատման հիմնական խոչընդոտը»,- նշված է հաղորդագրության մեջ: