|
Փոխարժեքներ
07 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 370 |
| EUR | ⚊ | € 436.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.934 |
| GBP | ⚊ | £ 504.57 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
Ոստիկանության նախկին աշխատակից` 61-ամյա Խ.Մ-ն մեղադրվում է պետական դավաճանության մեջ: Համաձայն մեղադրականի` նախորդ տարվա օգոստոսին նա մեկնել է Թբիլիսի, այնտեղ կապ հաստատել Ադրբեջանի դեսպանատան աշխատակցի հետ և առաջարկել իր ծառայությունները: Այդ աշխատակցի միջոցով էլ սեպտեմբերի 19-ին Թբիլիսիում հանդիպել է Մահմուդ ներկայացած մեկի հետ, ով Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից է եղել։ Խ.Մ-ն նրանից ստացել է 500 դոլար և առաջադրանք ստացել՝ տվյալներ հավաքել ՀՀ ՊՆ պատասխանատու պաշտոն զբաղեցնող, «Ինֆինիտի» մակնիշի արծաթագույն «ջիպ» ավտոմեքենա վարող մի անձնավորության և նրա սիրուհու, նրանց բնակության հասցեի վերաբերյալ:
Հետագայում պարզվել է, որ «Ինֆինիտիի» տերը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ, գեներալ-մայոր Ա. Կ-ն է:
Իսկ արդեն հոկտեմբերի 20-ին Խ.Մ-ն Թբիլիսիում Մահմուդին է փոխանցել իրականությանը չհամապատասխանող տվյալներ՝ հեռախոսի օգնությամբ նկարած նմանատիպ ավտոմեքենայի լուսանկարներ և հարևանությամբ բնակվող Է. Ս-ի տվյալները, որին չէր համակրում։ Փոխանցած նկարներն ու տվյալները օգտագործվել են Ա.Կ-ին վարկաբեկելու նպատակով: Նախորդ տարվա հոկտեմբերին մի քանի ադրբեջանական ինտերնետային կայքերում հրապարակվել են լուսանկարներ և Է.Ս-ի տվյալները:
Համացանցում հայտնաբերեցինք, որ հրապարակված այդ նյութերում նշված է, թե գեներալ-մայորը հարբած վիճակում ավտոճանապարհային վթարի է ենթարկվել իր սիրուհու` Է.Ս.-ի հետ հանդիպումից վերադառնալիս: Տեղադրված են նաև հեռախոսով արված բավական վատորակ լուսանկարներ, նշված է Է.Ս-ի բնակարանի հասցեն և հեռախոսահամարը:
Մեղադրականի համաձայն` Խ.Մ-ն նաև հանձնարարություն է ստացել ճշտել ՀՀ ՊՆ սննդամթերքի, հագուստեղենի, զենք-զինամթերքի, դեղորայքի 4 պահեստի տեղակայման կոնկրետ վայրերն ու հասցեները, կատարել նկարահանումներ, ինչպես նաև հավաքել տեղեկատվություն Գյումրիում տեղակայված ՌԴ ռազմակայանի վերաբերյալ։
Նշված առաջադրանքը ստանալուց հետո նա հեռախոսով կատարել է ոչ զինվորական օբյեկտների նկարահանումներ, սակայն լուսանկարները չի փոխանցել, քանի որ ադրբեջանցիները դեռևս չէին կատարել առաջին հանձնարարության համար տված՝ իր ավտոմեքենայի նորոգման համար պահանջվող փոխանցման տուփ տրամադրելու խոստումը:
Նշենք, որ Խ.Մ-ն ոստիկանության նախկին աշխատակից է, պետության դավաճանության կասկածանքով ձերբակալվել է այս տարվա փետրվարին: Գործը քննվելու է Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ:
Այսօրվա նիստի հենց սկզբում, երբ նիստերի դահլիճ բերվեց մեղադրյալը, դատական կարգադրիչը հայտնեց, որ դատավարությունն ընթանալու է դռնփակ: Ավելի ուշ մեղադրյալի փաստաբան Մարատ Գինոսյանը Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց, որ չգիտի` ինչու է գործը դռնփակ քննվելու, իրենք նման միջնորդություն չեն ներկայացրել: Իսկ հարցին` արդյո՞ք համաձայն է մեղադրանքի հետ, պատասխանեց. «Մեղադրանք չպիտի լիներ, հանցակազմ չեմ տեսնում ես, առավել ևս` հայրենիքի դավաճանություն չկա: Մնացածը` հետագայում»:
Նշենք նաև, որ Խ.Մ-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով: Եվ պատիժ է նախատեսվում է 10-15 տարվա ազատազրկում` գույքի բռնագանձմամբ կամ առանց դրա: