|
Փոխարժեքներ
12 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը քիչ առաջ լրագրողներին ներկայացրեց մինչ այս ժամը իրենց շտաբի կողմից արձանագրված ընտրախախտումները:
Նա ասաց, որ խախտումներն այնքան շատ են, որ իրենց արագ արձագանքման խումբը չի հասնում բոլորի հետքերով գնալ:
Խուրշուդյանի խոսքով` հիմնական խախտումներն արձանագրվել են գյուղերում: Այսպես` Վերին Գետաշեն գյուղի գյուղապետ Արտուշ Ղուկասյանը ստիպել է բաց քվեարկել, քանի որ դրա նախորդ օրը ընտրակաշառք է բաժանել: Քարաձոր գյուղում` 29/24 ԸՏ-ում, գյուղապետի հովանավորչությամբ լցոնումներ են կատարվել, հետո ստիպել են բաց քվեարկել: Նմանատիպ դեպքեր են գրանցվել նաև Շիրակի մարզի Հոռոմ գյուղում, Լոռու մարզի Ճոճկան գյուղում, Նորակերտում և այլն:
Երևանի Զոհրապի 22 հասցեից քաղաքացի Ղրխիկյան Յուրին ահազանգել է, որ իր եղբայրն ու տղան արդեն 14 տարի է` ՌԴ քաղաքացիներ են, սակայն ինքը, գնալով քվեարկության, տեսել է, որ նրանց փոխարեն արդեն քվեարկել են:
Հովսեփ Խուրշուդյանը մի քանի այլ խախտումներ էլ նշեց` Արտաշեսյան փողոցից Աշոտ Արևշատյանը ահազանգել է, որ ընտրակաշառք են բաժանում, Սարգսյան Աշոտը թիվ 5/10 ԸՏ-ում մի խումբ մարդկանց հետ խանգարում է ընտրողներին, թիվ 4/12 ԸՏ-ում հանձնաժողովի անդամը տեսել է, որ ծրար կա քվեախցիկում և այլն:
Նա խոսեց նաև անձնագրերից թաց անձեռոցիկի միջոցով մաքրվող կնիքներ մասին և լրագրողների աչքի առաջ մաքրեց դա` ապացուցելով, որ կնիքը, իրոք, ջնջվում է:
Րաֆֆի Հովհաննիսյանի մամլո խոսնակն ասաց, որ դեռևս բռնության հետքեր չեն գրանցվել, և որ խախտումների վերաբերյալ իրենք դիմում են ներկայացրել ոստիկանություն և ԿԸՀ: