|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ մշակույթի նախարարությունը մշտապես բարձր է գնահատել հայ հոգևոր երաժշտության և տաղերի անզուգական կատարող Լուսինե Զաքարյանի ժառանգությունը և չէր կարող չմտահոգվել Լ. Զաքարյանի ժառանգության պահպանման և հանրահռչակման խնդիրներով:
Նախարարությունից տեղեկացնում են, որ դեռևս երկու տարի առաջ նախարարության աշխատակիցները հանդիպել են Լուսինե Զաքարյանի և Խորեն Պալյանի ժառանգներից՝ Պալյանի եղբորորդիներից մեկի հետ /նրանց է պատկանում բնակարանը` սեփականության իրավունքով/ և միասին այցելել վերոնշյալ բնակարան: Բնակարանի վիճակն անմխիթար էր. Լուսինե Զաքարյանի ստեղծագործական կյանքի հետ կապված հուշային առարկաները գրեթե բացակայում էին:
Խորեն Պալյանն իր կենդանության օրոք հիմնադրել է «Լուսինե Զաքարյան» հիմնադրամը, որին և պատկանում է Լուսինե Զաքարյանի երգարվեստի հեղինակային իրավունքը: «Լուսինե Զաքարյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ-ժառանգներին նախարարությունն առաջարկել է իրենց սեփականությունը հանդիսացող բնակարանը հիմնադրամին նվիրաբերել և հիմնադրամի հովանու ներքո ստեղծել Լուսինե Զաքարյանի տուն-թանգարանը: Նշենք, որ թանգարանի հիմնադիրն ու սեփականատերը կմնան ժառանգները:
Սակայն նախարարության վերոնշյալ առաջարկությունները մինչ օրս անպատասխան են:
Հարկ ենք համարում նշել, որ աշխարհում լավագույն թանգարանները հիմնադրում են տարբեր հիմնադրամներ: Օրինակ` Երևանում գործում է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը, Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանը, Հարություն Կալենցի արվեստանոց-թանգարանը, որոնց հիմնադիրներն են համապատասխան հիմնադրամները:
Նախարարությունը կրկին պատրաստ է բոլոր շահագրգիռ կողմերի և անհատների հետ քննարկել և ընդունելի որոշում կայացնել բարձրացված խնդրի առնչությամբ: