|
Փոխարժեքներ
11 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.52 |
| EUR | ⚊ | € 442.73 |
| RUB | ⚊ | ₽ 4.7114 |
| GBP | ⚊ | £ 502.55 |
| GEL | ⚊ | ₾ 141.52 |
ՀՀ բնապահպանության նախարարության առջեւ ավարտվեց «թռչկանասեր հասարակության» բողոքի ակցիան, որը տեւեց մեկուկես ժամ:
«Թռչկանի ջրվեժի ոչ մի կաթիլն ավելորդ չէ», «Թռչկանը չի լռելու», «ՀԷԿտիր Թռչկանից» եւ այլ կարգախոսներով ակցիայի մասնակիցները բնապահպանության նախարարից պահանջում էին օրենքով դադարեցնել Թռչկանի ջրվեժի տարածքում ՀԷԿ-ի կառուցումը եւ հետ կանչել իր իսկ ստորագրած որոշումն ու տրամադրած փորձաքննական փաստաթղթերը, բացի այդ` ցանկանում էին հանդիպել նախարարության որեւէ ներկայացուցչի հետ` ակնկալելով ստանալ իրենց հարցերի պատասխանները:
Նշենք, որ երեկ Թռչկանի ջրվեժի մատակայքում ՀԷԿ կառուցող «Ռոբշին» ՍՊԸ-ն հայտարարել էր, որ կասեցնում է շինարարական աշխատանքները եւ տարածքից դուրս է բերում տեխնիկան: Սակայն բնապահպանները շարունակում են իրենց պայքարը, քանի դեռ կա'մ կառավարությունը, կա'մ բնապահպանության նախարարությունը պաշտոնական հայտարարություն չեն տարածել այդ կապակցությամբ եւ հատուկ որոշմամբ չեն ամրագրել այն:
Բնապահպաները համոզված են, որ ընկերության հայտարարությունը հասարակության ուշադրությունը շեղելու համար է:
Ի դեպ, բնապահպանության նախարարությունից ոչ ոք այդպես էլ չբարեհաճեց զրուցել ակցիայի մասնակիցների հետ: Սակայն «Երկիր»-ը բնապահպանության նախարարությունում տեղեկացավ, որ նախարարն իր սենյակում խորհրդակցություն էր անցկացնում, թե ի՞նչ թեմայով` այդպես էլ հայտի չդարձավ:
Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանից «Երկիր» տեղեկացավ, որ նախարարը մի քանի օրից պաշտոնապես կմեկնաբանի ամեն ինչ` կապված Թռչկանի ջրվեժի եւ «Ռոբշին» ՍՊԸ-ի հայտարարության հետ:
Հիշեցնենք, որ այս պահին Թռչկանի ջրվեժի մոտ դեռեւս շարունակվում է շուրջօրյա նստացույցը` հանուն Թռչկանի փրկության:
![]() |
![]() |