|
Փոխարժեքներ
06 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.81 |
| EUR | ⚊ | € 405.3 |
| RUB | ⚊ | ₽ 4.2671 |
| GBP | ⚊ | £ 478.42 |
| GEL | ⚊ | ₾ 139.08 |
«Փաստ» օրաթերթը գրում է.
Սյունիքի մարզի Շաքի գյուղում տեղի ունեցած ցնցող միջադեպը, երբ ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի զինծառայողը մտել է տեղի բնակիչներից մեկի տուն, կրակել տանտիրուհու ուղղությամբ և վիրավորել նրան, բնականաբար, լայն արձագանք, անհանգստություն և քննարկումների ալիք է բարձրացրել ինչպես մամուլում, այնպես էլ սոցիալական ցանցերում: Պատմությունը դեռևս բազմաթիվ անպատասխան մնացած հարցեր ունի: Անշուշտ, որևէ երկրի պարագայում անհնար է լիովին բացառել առանձին միջադեպերը, սակայն հասարակությանն առաջին հերթին հուզում է բուն հարցադրումը՝ ինչպե՞ս է դա տեղի ունեցել:
Հանրային մտահոգություններն ու անվտանգային հարցադրումները լիովին հասկանալի են, սակայն քննարկումների ֆոնին դիտարկումներն ու քննադատությունները երբեմն ուղղվում են տարբեր հասցեներով, որոնք տվյալ դեպքի հետ անմիջական առնչություն չունեն: Արդյունքում՝ բուն խնդիրը, ըստ էության, որոշակիորեն շեղվում է ու մղվում էմոցիոնալ ընկալումների դաշտ:
Մասնավորապես, քննարկումներում հաճախ հիշատակվում են Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը՝ նրանց վերագրելով տվյալ հատվածում սահմանային պատշաճ հսկողություն չիրականացնելու պատասխանատվությունը: Մինչդեռ, եթե հարցին մոտենում ենք տեղագրական փաստերով, ակնհայտ է դառնում, որ ԱԱԾ Սահմանապահ զորքերն այս կոնկրետ դեպքի հետ առնչություն չունեն:
Փաստացի տվյալներով՝ այն հատվածը, որտեղից ադրբեջանցի զինծառայողն ապօրինի հատել է սահմանը, ԱԱԾ Սահմանապահ զորքերի պահպանության տակ գտնվող մոտակա տեղամասից և ուղեկալներից հեռու է ավելի քան 50 կիլոմետր: Տվյալ տեղանքում սահմանային վերահսկողությունն իրականացվում է այլ տրամաբանությամբ, և Սահմանապահ ծառայության պատասխանատվության գոտին այդ տարածքի վրա չի տարածվում:
Միևնույն ժամանակ, սա առաջ է քաշում օբյեկտիվ հարցադրումներ. արդյո՞ք սահմանախախտը հստակ տեղեկացված է եղել տեղանքից, թե որտեղով է հնարավոր անցնել՝ ՍԶ պահպանվող տեղամասերից հեռու, և որքանով են տվյալ հատվածում ապահովված տեսադիտարկման համակարգերն ու կանխարգելիչ ինժեներական ենթակառուցվածքները: Սրանք մասնագիտական ու իրավական քննության ենթակա հարցեր են:
Ակնհայտ է, որ տեղի ունեցածը լուրջ անվտանգային հարցեր է բարձրացնում, որոնք հետևողական հասցեագրում են պահանջում: Սակայն, երբ հանրային դիսկուրսում շեշտադրումները ոչ ճիշտ ուղղությամբ են արվում, հարցի լուծումը չի արագանում։ Ուշադրության շեղումը խաթարում է առարկայական քննարկումը և խանգարում բուն անվտանգային խնդիրների արդյունավետ ու համակարգված հասցեագրմանը: