կարևոր
583 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-17 15:19
Հասարակություն

«88 GROUP»-ը հրապարակային հերքման պահանջ է ներկայացրել

«88 GROUP»-ը հրապարակային հերքման պահանջ է ներկայացրել

«88 GROUP» ընկերությունը հրապարակային հերքման պահանջ է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրիֆինգի ընթացքում լրագրող Վահե Մակարյանը Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ հնչեցրել է պնդումներ, թե վերջինս, իբր, շահարկում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունը՝ իր բիզնես գործունեությունն ընդլայնելու և գույքեր ձեռք բերելու նպատակով։

Պաշտոնապես հայտարարում ենք՝ նշված պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Նարեկ Նալբանդյանը որևէ պաշտոնյայի, առավել ևս՝ ՀՀ վարչապետի անունը չի օգտագործել և չի օգտագործում իր բիզնես գործունեության ընթացքում որևէ արտոնություն, առավելություն կամ գույք ձեռք բերելու նպատակով։

Հաշվի առնելով վերոնշյալը՝ պահանջում ենք հրապարակայնորեն հերքել Նարեկ Նալբանդյանի վերաբերյալ տարածված տեղեկությունները կամ հրապարակել այն փաստական հիմքերը, որոնց վրա հիմնված են եղել այդ պնդումները։

Միաժամանակ արձանագրում ենք, որ «Հրազդան» ցեմենտի գործարքի վերաբերյալ ևս նախկինում հրապարակվել կամ հնչեցվել են տեղեկություններ, որոնք, մեր պնդմամբ, չեն համապատասխանում իրականությանը։

Նարեկ Նալբանդյանի և նրա հետ փոխկապակցված ընկերության անունն անհիմն շրջանառելը, ինչպես նաև նրա գործարար համբավին վնաս հասցնող չստուգված տեղեկությունների տարածումը չենք պատրաստվում անարձագանք թողնել։

Հրապարակային հերքման բացակայության դեպքում ընկերությունը պատրաստվում է դիմել դատարան՝ պահանջելով օրենքով սահմանված կարգով հերքել իրականությանը չհամապատասխանող և գործարար համբավն արատավորող տեղեկությունները, ինչպես նաև կիրառել օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության այլ միջոցներ։

Եթե հրապարակային հնչեցված պնդումները հաստատող փաստեր առկա են, ակնկալում ենք դրանց հրապարակումը։ Հակառակ դեպքում պահանջում ենք նույն հրապարակայնությամբ հերքել տարածված տեղեկությունները»։