կարևոր
577 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-20 09:50
Հասարակություն

Ռուսական շուկան փակվում է, իսկ նորերը չեն բացվում․ «Ժողովուրդ»

Ռուսական շուկան փակվում է, իսկ նորերը չեն բացվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Ժողովուրդ»-ի հարցմանը Էկոնոմիկայի նախարարությունը պատասխանել է, որ արտահանման շուկաների դիվերսիֆիկացումը դարձել է կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթություն։ Սակայն երբ խնդրեցինք ցույց տալ՝ կոնկրետ ինչ ապրանք, ինչ քանակով և որ նոր շուկա է գնացել, նախարարությունը մեզ ուղղորդեց ՊԵԿ։ ՊԵԿ-ն էլ՝ Արմստատ։ Պաշտոնական թվերը մի շարք ուղղություններով ոչ թե թռիչքային աճ, այլ անկում են ցույց տալիս։

Հայկական գյուղմթերքի համար ռուսական շուկան այլևս այն նույն «անվտանգ նավահանգիստը» չէ, ինչ նախկինում։ Վերջին ամիսներին ռուսական կողմի տարբեր սահմանափակումները խնդիրներ են ստեղծել հայկական մի շարք ապրանքների արտահանման և իրացման համար։ Դրա ֆոնին Հայաստանի իշխանությունները խոսում են նոր շուկաներ գտնելու, արտահանման աշխարհագրությունը փոխելու և կախվածությունը նվազեցնելու մասին։

«Ժողովուրդ» օրաթերթը փորձեց պարզել՝ իսկ ի՞նչ ունենք փաստացի։

Մենք հարցում ուղարկեցինք ՀՀ էկոնոմիկայի նախարարություն՝ խնդրելով 2026 թվականի հունվարի 1-ից մինչև հարցման պատասխանի օրը տրամադրել Հայաստանից արտահանված գյուղատնտեսական և սննդամթերքի հիմնական տեսակների վերաբերյալ մանրամասն վիճակագրություն՝ ըստ ապրանքատեսակի, երկրի, քանակի, մաքսային արժեքի և մեկ կիլոգրամի միջին արտահանման արժեքի։

Նաև հարցրել էինք, թե Հայաստանի արտահանման մեջ ինչ մասնաբաժին ունեն Ռուսաստանը, ԵՄ երկրները, Մերձավոր Արևելքը, Միջին Ասիան և Ծոցի երկրները, ինչպես նաև որ երկրներում է 2026 թվականին առաջին անգամ կամ նախորդ տարվա համեմատ զգալի աճով հայկական արտադրանք հայտնվել։ Նկատենք, որ արտահանման համար պետությունը արտադրողներին սուբսիդիա է տրամադրում, սակայն կարծես թե սուբսիդիան ծախսվում է, բայց արտահանումը չի ստացվում:

Նախարարության պատասխանը, մեր հարցման միայն մի մասն էր։

Մնացածի համար մեզ առաջարկեցին դիմել Պետական եկամուտների կոմիտե։

Էկոնոմիկայի նախարարությունից, միևնույն ժամանակ, մեզ պարզաբանեցին, որ «Բիզնեսն ինքնուրույն է իրականացնում իր ապրանքատեսակին համապատասխանող շուկաների մարքեթինգային վերլուծություն և թիրախավորում»։

Սակայն հենց հաջորդ հատվածում նախարարությունը փաստում է, որ ստեղծված իրավիճակում պետությունը նույնպես ակտիվ դեր է ստանձնել։

«Ներկայում, երբ ավանդական արտահանման շուկաներում ի հայտ են եկել աշխարհաքաղաքական և լոգիստիկ խնդիրներ, արտահանման ուղղությունների դիվերսիֆիկացումը վերածվել է ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականության առաջնահերթության»,– ասված է պատասխանում։

Նախարարությունը հայտնում է, որ ԱԳՆ-ի և արտերկրում Հայաստանի դեսպանների հետ համագործակցությամբ իրականացվում է աշխատանք՝ հայկական ծագման ապրանքների արտահանման և գնորդների որոնման ուղղությամբ։

Դեսպաններին, ըստ նախարարության, տրամադրվել են արտահանման ենթակա ապրանքների, մինչև տարեվերջ դրանց գնահատված ծավալների, ինչպես նաև արտադրող և արտահանող ընկերությունների ցանկերը։

Ավելին՝ նախարարությունը վստահեցնում է.

«Արդեն իսկ կան Եվրոպական, Մերձավոր Արևելքի, Միջին Ասիայի և Ծոցի երկրներ փաստացի արտահանված արտադրանքի ծավալներ, ինչպես նաև արտահանման նպատակով ակտիվ բանակցություններ արտահանողների և ներմուծողների միջև»։

Հնչում է լավ։

Բայց երբ անցնում ենք թվերին, պատկերը մի փոքր այլ է։

Ռուսաստան՝ արտահանումը նվազում է

Արմստատի հրապարակած տվյալների համաձայն՝ 2026 թվականի մայիսին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է մոտ 169.4 մլրդ դրամ։

2025 թվականի մայիսին այն կազմում էր 197.6 մլրդ դրամ, իսկ 2024 թվականի մայիսին՝ մոտ 219 մլրդ դրամ։

Այսինքն՝ մեկ տարվա ընթացքում Հայաստանից Ռուսաստան արտահանումը նվազել է մոտ 28.2 մլրդ դրամով կամ 14.3 տոկոսով։

2024 թվականի մայիսի համեմատ անկումն արդեն մոտ 49.5 մլրդ դրամ է կամ 22.6 տոկոս։

Սա ընդհանուր արտահանման ցուցանիշ է և ոչ միայն գյուղմթերքի։ Հետևաբար ճիշտ չէ ամբողջ անկումը վերագրել ռուսական սահմանափակումներին։ Բայց մեկ բան ակնհայտ է՝ ռուսական շուկայի ուղղությամբ աճի մասին խոսել այս թվերով դժվար է։

Իսկ նոր շուկանե՞րը

Այստեղ էլ պատկերն ամբողջությամբ միանշանակ չէ։

Օրինակ՝ 2026 թվականի մայիսին Հայաստանից Նիդերլանդներ արտահանումը կազմել է մոտ 15.1 մլրդ դրամ, մինչդեռ 2025 թվականի մայիսին այն եղել է 14.7 մլրդ դրամ։

Աճը՝ ընդամենը մոտ 3 տոկոս։

Այսինքն՝ առնվազն ընդհանուր արտահանման ցուցանիշով Նիդերլանդների ուղղությամբ այնպիսի աճ չենք տեսնում, որը կարող էր վկայել ռուսական շուկայի կորուստը արագ փոխհատուցելու մասին։ Բայց եթերներում ազդարարում էին, թե մեր վարդերը Հոլանդիա են գնում:

Ուկրաինայի դեպքում պատկերը ավելի հետաքրքիր է։

2026 թվականի մայիսին Հայաստանից Ուկրաինա արտահանումը կազմել է մոտ 1.04 մլրդ դրամ, մինչդեռ 2025 թվականի մայիսին՝ մոտ 605 մլն դրամ։

Այսինքն՝ աճը շուրջ 71 տոկոս է։

Լեհաստանի ուղղությամբ ևս աճ կա։

2026 թվականի մայիսին արտահանումը կազմել է մոտ 1.7 մլրդ դրամ, մինչդեռ 2025 թվականի մայիսին՝ մոտ 759 մլն դրամ։

Աճը՝ ավելի քան 2.2 անգամ։

Սակայն այստեղ էլ կա էական վերապահում․ այս թվերը վերաբերում են երկրների հետ ընդհանուր արտահանմանը, ոչ թե միայն ծիրանին, ելակին, ծաղկին կամ լոլիկին։

Հետևաբար այս թվերով դեռ հնարավոր չէ ասել, որ ռուսական շուկայից դուրս մնացած հայկական գյուղմթերքը նույն ծավալով տեղափոխվել է Լեհաստան կամ Ուկրաինա, թե այլ բիզնեսմեններ են իրենց արտադրանքը ավելի մեծ թվով արտահանել այդ երկրներ։

Ծաղիկների շուկան․ խոստումներն ու թվերը

Հատկապես ուշագրավ է ծաղիկների պատմությունը։

Ռուսական ուղղությամբ խնդիրների առաջացման ֆոնին կառավարությունը նույնիսկ հատուկ աջակցության ծրագիր է հաստատել ջերմատնային լոլիկի, պղպեղի, ելակի և ծաղիկների արտահանման համար։ Ծրագրով նախատեսվել է, օրինակ, արտահանված յուրաքանչյուր ծաղկի դիմաց 37 դրամ փոխհատուցում, ելակի մեկ կիլոգրամի դիմաց՝ 770 դրամ, լոլիկի՝ 275 դրամ, պղպեղի՝ 400 դրամ։

Այսինքն՝ պետությունն ինքն է արձանագրել, որ նոր շուկաներ մտնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ աջակցություն։

Բայց Արմստատի թվերը ցույց են տալիս, որ 2026 թվականի մայիսին Հայաստանից ծաղիկների արտահանումը կազմել է 676.7 տոննա՝ 1.66 մլն դոլար արժեքով։

2025 թվականի մայիսին արտահանվել էր 1,038.6 տոննա՝ 3.93 մլն դոլար արժեքով։

Այսինքն՝ ծավալը նվազել է մոտ 35 տոկոսով, իսկ արժեքը՝ մոտ 58 տոկոսով։

Այստեղ արդեն հարցը լուրջ է։

Եթե դիվերսիֆիկացիան աշխատում է, ինչո՞ւ է ընդհանուր ծաղկի արտահանումը նման անկում գրանցում։

Կորիզավոր մրգերի դեպքում անկումը գրեթե ամբողջական է

Ավելի կտրուկ է պատկերը կորիզավոր մրգերի դեպքում։

2026 թվականի մայիսին Հայաստանից ծիրանի, բալի, դեղձի, կեռասի և հոնի ապրանքային խմբից արտահանվել է ընդամենը մոտ 2.5 տոննա։

2025 թվականի մայիսին նույն ցուցանիշը եղել է 447.9 տոննա։

Այսինքն՝ անկումը գերազանցում է 99 տոկոսը։

Արժեքային արտահայտությամբ նույնպես պատկերը կտրուկ է․ 2025 թվականի մայիսի մոտ 455 հազար դոլարի փոխարեն 2026 թվականի մայիսին արտահանման արժեքը կազմել է ընդամենը մոտ 2 հազար դոլար։

Միաժամանակ նախարարությունը հունիսին հայտարարում էր, որ նոր ուղղություններով արդեն սկսվել են ծիրանի արտահանումները։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել էր, որ հունիսի 1-17-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանից արտահանվել է 162 տոննա ծիրան, և առաջին խմբաքանակներն ուղարկվել են Ուկրաինա և Վրաստան։

Հետագա օրերին նախարարության հրապարակած թվերը ևս ցույց են տալիս արտահանման ակտիվացում։

Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան, 154 տոննա կեռաս, 19 տոննա ելակ, 144 տոննա պղպեղ, 76 տոննա լոլիկ և շուրջ 390 հազար հատ ծաղիկ։

Հունիսի 26-28-ը՝ ևս 832 տոննա ծիրան, 305 տոննա կեռաս, 191 տոննա պղպեղ և 492 հազար հատ ծաղիկ։

Այս թվերը ցույց են տալիս, որ հունիսին պետության հայտարարած նոր արտահանման ուղղություններում իրական շարժ եղել է։

Բայց այստեղ էլ մի կարևոր խնդիր կա․ դրանք նախարարության կողմից հրապարակված կարճաժամկետ արտահանման օպերատիվ թվեր են, մինչդեռ Արմստատի պաշտոնական արտաքին առևտրի վիճակագրությունը հրապարակվում է ամսական և տարեկան կտրվածքով։

Այսինքն՝ ամբողջական պատկերը դեռ պետք է սպասել պաշտոնական վիճակագրության թարմացմանը։

Իսկ ելա՞կը

Ելակի և մի շարք այլ հատապտուղների ընդգրկող ապրանքային խմբի դեպքում 2026 թվականի մայիսին արտահանվել է 311.4 տոննա՝ 1.36 մլն դոլար արժեքով։

2025 թվականի մայիսին՝ 405.6 տոննա՝ 1.52 մլն դոլարով։

Այսինքն՝ ծավալը նվազել է մոտ 23 տոկոսով։

Ու սա այն դեպքում, երբ հենց ելակի արտահանման համար կառավարությունը նոր շուկաներ մտնելու նպատակով հատուկ փոխհատուցման մեխանիզմ է ներդրել։

Իսկ «Ջերմուկը» հակառակ պատկերն ունի

Հանքային ջրի և շաքարով ըմպելիքների ապրանքային խմբում, ընդհակառակը, մայիսին արտահանման աճ է արձանագրվել։

2026 թվականի մայիսին արտահանվել է 3,954.9 տոննա՝ 3.48 մլն դոլար արժեքով։

2025 թվականի մայիսին՝ 2,855.1 տոննա՝ 2.3 մլն դոլարով։

Այսինքն՝ ծավալն աճել է մոտ 38.5 տոկոսով, արժեքը՝ շուրջ 51 տոկոսով։

Սակայն այստեղ նույնպես պետք է զգույշ լինել․ Արմստատի ցուցանիշը վերաբերում է ամբողջ ապրանքային խմբին, և միայն այս թվով հնարավոր չէ ասել՝ աճի մեջ որքան է կազմում հենց «Ջերմուկի» մասնաբաժինը։

ՊԵԿ-ը մեզ ուղարկեց Արմստատ, Արմստատն էլ՝ ամփոփ թվեր

Երբ Էկոնոմիկայի նախարարությունից չստացանք մեր հարցման ամբողջական վիճակագրությունը, դիմեցինք ՊԵԿ։

ՊԵԿ-ից մեզ պատասխանեցին, որ արտաքին և փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կարգը սահմանված է կառավարության 2023 թվականի նոյեմբերի 9-ի թիվ 1926-Ն որոշմամբ, իսկ տվյալները հրապարակվում են ՊԵԿ-ի մաքսային վիճակագրության էջում։

Միաժամանակ ՊԵԿ-ից ընդգծեցին, որ «արտաքին առևտրի պաշտոնական վիճակագրությունը վարում է ՀՀ վիճակագրական կոմիտեն», և մեր հայցած տեղեկատվությունը կարելի է գտնել Արմստատի պաշտոնական կայքում։

Այսպիսով, երբ լրագրողը փորձում է ստանալ մեկ տեղում հավաքված պարզ պատասխան՝ ինչ ենք կորցրել ռուսական շուկայում և ինչ ենք շահել նոր շուկաներում, պետական կառույցների միջև ստացվում է մի տեսակ «պինգ-պոնգ»։

Էկոնոմիկա՝ ՊԵԿ։

ՊԵԿ՝ Արմստատ։

Իսկ լրագրողը ստիպված է տարբեր պաշտոնական էջերից հավաքել պատկերը։

Դիվերսիֆիկացիան սկսվա՞ծ է, թե՞ դեռ խոստումների փուլում է

Պատասխանը միանշանակ չէ։

Մի կողմից՝ փաստացի կան նոր ուղղություններ։ Ուկրաինա և Լեհաստան արտահանման աճ կա։ Նախարարությունը հայտնում է Վրաստանի, Ուզբեկստանի, ԱՄԷ-ի, Իրանի, Ուկրաինայի, եվրոպական մի շարք երկրների, Բելառուսի և Ղազախստանի ուղղությամբ իրականացված կամ նախատեսվող արտահանման մասին։

Մյուս կողմից՝ հիմնական գյուղմթերքի մի շարք կատեգորիաներում պաշտոնական մայիսյան թվերը ցույց են տալիս կտրուկ անկում։

Ծաղիկներ՝ -35 տոկոս ծավալով։

Հատապտուղների համապատասխան խումբ՝ մոտ -23 տոկոս։

Կորիզավոր մրգեր՝ ավելի քան -99 տոկոս։

Ռուսաստան ընդհանուր արտահանում՝ մոտ -14 տոկոս մեկ տարվա կտրվածքով։

Այս թվերը դեռ չեն նշանակում, որ դիվերսիֆիկացիան ձախողվել է։ Հունիսյան օպերատիվ տվյալները ցույց են տալիս, որ նոր ուղղություններով արտահանում իսկապես իրականացվել է, և հատկապես ծիրանի ու կեռասի մասով ծավալները զգալի են։

Բայց մի բան արդեն պարզ է։

Ռուսական շուկայի հնարավոր կորուստը դեռ ամբողջությամբ չի փոխարինվել նոր շուկաներով։

Եվ հենց սա է այն հարցը, որի պատասխանը պետք է տալ ոչ թե ընդհանուր հայտարարություններով, այլ թվերով։

Քանի՞ տոննա էր գնում Ռուսաստան։

Քանի՞ տոննա է հիմա գնում այնտեղ։

Քանի՞ տոննա է գնացել Ուկրաինա, Լեհաստան, Նիդերլանդներ, Ծոցի երկրներ, Մերձավոր Արևելք և Միջին Ասիա։

Եվ ամենակարևորը՝ արդյո՞ք նոր շուկաներում հայկական գյուղմթերքը կարողացել է փոխարինել ռուսական շուկայի կորցրած ծավալը։

Այս հարցերի ամբողջական պատասխանը դեռ չունենք։

Իսկ քանի դեռ չունենք, «արտահանման դիվերսիֆիկացումը դարձել է կառավարության առաջնահերթություն» հայտարարությունը մնում է քաղաքական խոստում, ոչ թե ամբողջությամբ չափված տնտեսական արդյունք»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ 20․ 08․ 26