Միասին կարող ենք
կարևոր
1159 դիտում, 1 ժամ առաջ - 2026-06-26 15:23
Հասարակություն

Կառավարության լոբբինգը՝ մենաշնորհներին, թանկացումը՝ քաղաքացիներին․ աղմկահարույց օրինագծի մասին

Կառավարության լոբբինգը՝ մենաշնորհներին, թանկացումը՝ քաղաքացիներին․ աղմկահարույց օրինագծի մասին

Հունիսի 25-ին կառավարության նիստում որոշում կայացվեց փոփոխություններ կատարել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքներում և մի շարք այլ հարակից օրենքներում: Այս փոփոխություններին վերաբերող հիմնավորումներում գեղեցիկ ձևակերպված էր իրավական ակտի ընդունման անհրաժեշտության, ակնկալվող արդյունքի և առաջարկվող կարգավորման բնույթի հետ կապված նախադասություններ, որոնք իրականում չեն արտացոլում նախաձեռնության գործնական հետևանքները քաղաքացիների համար:

Այս փոփոխություններն արդեն նույնականացված անձանց նորից նույնականացնելու, բջջային հեռախոսների հաշվառման միջոցով ևս մեկ վերահսկողություն սահմանելու և ֆինանսական բեռի ավելացման հերթական որոշումն է:

Կառավարությունը առաջարկում է Հայաստանի Հանրապետությունում 2027 թվականի հունվարի 1-ից սահմանել լրացուցիչ տուրքեր՝ ֆիզիկական անձանց համար 3.000 ՀՀ դրամ առաջին բջջային հեռախոսի ներմուծման և շտեմարանում գրանցվելուց հետո 365 օրվա ընթացքում երկրորդ և հաջորդ քանակի համար՝ 100.000 ՀՀ դրամ պետական տուրք, իսկ ներմուծում և վաճառք կազմակերպողների համար առաջարկվում է սահմանել 250.000 ՀՀ դրամ պետական տուրք:

Մի շարք երկրներ վերջին տարիներին ներդրել են բջջային հեռախոսների IMEI կոդերի գրանցման համակարգերը։ Պաշտոնական բացատրությունները սովորաբար նույնն են՝ պայքար գողացված հեռախոսների դեմ, մաքսային վերահսկողության ուժեղացում և շուկայի կարգավորում։ Սակայն հարց է առաջանում․ եթե քաղաքացիներն արդեն նույնականացված են իրենց SIM քարտերով, իսկ բջջային օպերատորը տեսնում է հեռախոսի IMEI-ն անմիջապես այն ցանցի միանալու դեպքում, ապա ինչո՞ւ է անհրաժեշտ նաև հեռախոսների պարտադիր գրանցումը։

ԱՄՆ-ում, Կանադայում և եվրոպական երկրներում IMEI տվյալների բազաները հիմնականում օգտագործվում են գողացված հեռախոսների հայտնաբերման և արգելափակման համար։ Սակայն քաղաքացիները պարտավոր չեն առանձին գրանցել իրենց հեռախոսները, առավել ևս՝ վճարել դրա համար։

Մյուս կողմից՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Պակիստանում, Ինդոնեզիայում և Եգիպտոսում գործում են ավելի խիստ համակարգեր։ Այդ երկրներում արտերկրից բերված հեռախոսները պետք է գրանցվեն պետական համակարգում, հակառակ դեպքում որոշ ժամանակ անց կարող են զրկվել բջջային ցանցերից օգտվելու հնարավորությունից։ Շատ դեպքերում գրանցումը ուղեկցվում է զգալի վճարներով, մաքսային տուրքերով կամ այլ ֆինանսական պարտավորություններով, որոնք անմիջականորեն դրվում են քաղաքացիների ուսերին։

Հատկանշական է բռնապետական Ադրբեջանի օրինակը, որտեղ IMEI գրանցումը վաղուց դարձել է պարտադիր պահանջ։ Երկիր ներմուծվող կամ արտերկրից բերված հեռախոսները պետք է գրանցվեն համապատասխան պետական համակարգում, հակառակ դեպքում սարքը չի կարող աշխատել տեղական բջջային ցանցերում։ Նորից գործում է նույն պաշտոնական բացատրությունը՝ մաքսանենգության դեմ պայքար, շուկայի կարգավորում և այլն: Արդյունքում նրանց քաղաքացիները ստիպված են հավելյալ վճարումներ կատարել իրենց իսկ գնած սարքերի համար, իսկ պետությունը ստանում է բնակչության թվային ակտիվների նկատմամբ լրացուցիչ վերահսկողության գործիք։

Պետությունները սովորաբար ներկայացնում են երեք հիմնական հիմնավորում։

Առաջինը մաքսային վերահսկողությունն է։ IMEI գրանցման միջոցով հնարավոր է պարզել, թե արդյոք սարքը ներմուծվել է օրինական ճանապարհով և վճարվել են համապատասխան հարկերը։

Երկրորդը գողացված հեռախոսների դեմ պայքարն է։ Եթե սարքը հայտնվում է սև ցուցակում, այն կարող է արգելափակվել բջջային ցանցերում։

Երրորդը սարքի երկարաժամկետ նույնականացումն է։ SIM քարտը կարելի է փոխել, իսկ IMEI-ն, որպես կանոն, մնում է նույնը։

Այնինչ փաստ է, որ բջջային օպերատորները անմիջապես տեսնում են հեռախոսի IMEI-ն և գողացված հեռախոսով օգտվել այդ տարածաշրջանում հնարավոր չէ։  Նրանք այս հավելյալ գրանցման համակարգի կարիքը չունեն։

Նույնիսկ այս հիմնավորումները չեն բացատրում, թե ինչու պետք է օրինական ճանապարհով գնված և արդեն նույնականացված անձի կողմից օգտագործվող հեռախոսը լրացուցիչ գրանցվի պետական համակարգում։ Շատ երկրներում SIM քարտերը տրամադրվում են միայն նույնականացված անձանց՝ ինչպես Հայաստանում։ Բջջային օպերատորները գիտեն, թե որ համարն ում է պատկանում, իսկ իրավապահ մարմինները, օրենքով սահմանված կարգով, կարող են ստանալ այդ տեղեկությունները։ Այս պայմաններում մարդու նույնականացման համար IMEI-ի պարտադիր գրանցումը հաճախ ներկայացվում է իբր միայն անվտանգության միջոց, բայց իրականում այն ստեղծում է լրացուցիչ վերահսկողության ու վարչարարության հնարավորություն և քաղաքացիների համար ավելացնում է լրացուցիչ ֆինանսական բեռը։

Թեև նման համակարգերը միջոց են «ոչ պաշտոնական ներմուծումը» սահմանափակելու համար, սակայն դրա հետևանքը հաճախ այն է, որ արտերկրից հեռախոս բերող քաղաքացին ստիպված է լինելու վճարել լրացուցիչ գումարներ, անցնել բարդ ընթացակարգեր և ապացուցել իր սարքի «օրինականությունը» նույնիսկ այն դեպքում, երբ այն ձեռք է բերել օրինական ճանապարհով։ Արդյունքում մրցակցային առավելություն են ունենում խոշոր ներկրողները, իսկ ծախսերը կրում են շարքային քաղաքացիները։ Քաղաքացին, որը նախկինում պարզապես գնում և օգտագործում էր իր հեռախոսը, այժմ ստիպված է անցնել պետական թույլտվության նմանվող գործընթաց, որպեսզի իր սեփականությունը լիարժեք գործի։ Քաղաքացին վերածվում է «մուծվելու մատերիալի»։

IMEI պարտադիր գրանցումը միայն տեխնիկական հարց չէ, այն վերաբերում է պետության իրավասությունների սահմաններին, քաղաքացիների ֆինանսական բեռին, շուկայի ազատությանը և անձնական ազատությունների մակարդակին։

Աշխարհի փորձը ցույց է տալիս, որ այն երկրներում, որտեղ գործում են ամենախիստ IMEI գրանցման ռեժիմները՝ Թուրքիայում, Ադրբեջանում, Պակիստանում և մի շարք այլ նվազ ժողովրդավարական պետություններում, համակարգը հաճախ զուգորդվում է ոչ միայն վերահսկողությամբ, այլև զգալի ֆինանսական վճարներով։ Իսկ այն երկրներում, որտեղ առաջնահերթությունը քաղաքացիների ազատ տեղաշարժն ու շուկայի ազատությունն են, նման պարտադիր գրանցման համակարգեր չեն կիրառվում։

Ուստի ցանկացած նոր նախաձեռնություն պետք է գնահատվի ոչ միայն պաշտոնական հայտարարություններով, այլ նաև պարզ հարցով՝ արդյոք այն իրականում բարձրացնո՞ւմ է անվտանգությունը, թե՞ պարզապես քաղաքացիներին ստիպում է ավելի շատ վճարել և պետությանը տալիս է ավելի մեծ վերահսկողության լծակներ։

Եզրակաությունն այն է, որ այս (հիմնականում՝ նվազ ժողովրդավարական) պետությունները օգտագործում են այս լծակները՝

- քաղաքացիների գրպանը մտնելու և հավելյալ բեռ մտցնելու,

- ներկրողների շահերը պաշտպանելու,

- քաղաքացիների վրա ճնշման և վերահսկողոթյան հավելյալ լծակ ունենալու համար։

Այս ամենի արդյունքում պարզապես թանկանալու են բջջային հեռախոսները։ Իսկ կառավարությունը ավելի լավ է անդրադառնա ամենակարևոր հարցերին։ Ինչի՞ են մեր քաղաքացիները ներկրում բջջային հեռախոսները։ Ինչի՞ է Հայաստանում դրանց գինը 25-30 տոկոսով ավելի բարձր, քան այլ երկրներում։ Եվ կառավարությունը փոխարեն մտածի մրցակցությունը խթանելու, գները իջեցնելու համար, վերը նշված պատրվակով լոբբինգ է անում խոշոր ներկրողների շահերը, մտնում է քաղաքացու գրպանը, որպեսզի ոչ միայն բարձր գները ամրապնդվեն, այլ քաղաքացիները դառնան խոշոր ներկրողների և մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների գերին։

Հ.Գ. Հիշեցի որ խորհրդային տարիներին եթե մի որևէ անձ ուզում էր գնել պատճենահանող կամ տպիչ սարք, ապա դա պետք է գրանցվեր КГБ-ում: Հիմա կարծես թե վերադառնում ենք սովետական բարքերին, իսկ մեզ համոզում էին, թե գնում ենք Եվրոպա:

 

Արմեն Գրիգորյան

ՀՅԴ անդամ, տնտեսագետ