|
Փոխարժեքներ
13 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 426.09 |
| RUB | ⚊ | ₽ 5.0686 |
| GBP | ⚊ | £ 493.73 |
| GEL | ⚊ | ₾ 138.67 |
Փորձ է արվում հասարակությանը ներկայացնել եվրոպական շուկա մուտք գործելը որպես չափազանց պարզ ու հեշտ գործընթաց՝ ստեղծելով տպավորություն, թե այն ընդամենը «դուռ» է, որի բանալու կրկնօրինակը արդեն հանձնված է ՔՊ-ին, և վերջինս ցանկացած պահի կարող է առանց որևէ խոչընդոտի այն բացել։ Նույն տրամաբանության մեջ են նաև այն հայտարարությունները, թե իբր «չարժե զանգել Փարիզի ձեր բարեկամներին ու ծիրան խնդրել», քանի որ արտահանման այնպիսի ծավալներ են լինելու, որ Հայաստանի քաղաքացիներին նույնիսկ չի հասնի։ Սա ներկայացվում է որպես հերթական մակերեսային մանիպուլյացիա՝ հասարակության մեջ ստեղծելով ԵՏՄ շուկային այլընտրանքային հեշտ ու մատչելի ուղու պատրանք։
Մինչդեռ իրականությունը բոլորովին այլ է։ Հայ արտադրողներն ու արտահանման գործընթաց կազմակերպողները կանգնած են հսկայական ծախսերի, լոգիստիկ խնդիրների, շուկաներում դիրքավորվելու բարդությունների, հուսալի գործընկերներ գտնելու դժվարությունների, ինչպես նաև տրանսպորտային ու ապահովագրական բարձր ծախսերի առաջ։ Բացի այդ, առկա են նաև լեզվական խոչընդոտներ և գործընկերային կապերի ձևավորման բարդություններ, որոնք հաճախ անտեսվում են պաշտոնական ներկայացումներում։
Եվրոպական գործընկերը, որպեսզի պատրաստ լինի գնել հայկական արտադրանք՝ լինի դա ծիրան, խնձոր կամ այլ գյուղմթերք, առաջադրում է պահանջների լայն և խիստ ցանկ, որի կատարումը ուղղակիորեն բարձրացնում է արտադրանքի ինքնարժեքը։ Ավելին՝ այսօր հայկական գյուղատնտեսության շատ արտադրողների մոտ պարզապես բացակայում են այդ պահանջներին համապատասխան գիտելիքներն ու փորձը։ Գնացեք գյուղեր, մտեք ծիրանի այգիներ և փորձեք գյուղացիներին բացատրել՝ արդյոք նրանք տեղյակ են եվրոպական բոլոր չափանիշներին։
Գյուղատնտեսական արտադրանքի միջազգային շուկաներում մրցունակ լինելու համար այլևս բավարար չէ միայն որակյալ բերք ստանալը։ Գնորդներն ու խոշոր առևտրային ցանցերը պահանջում են նաև փաստացի ապացույցներ, որ արտադրանքը աճեցվել է անվտանգ, վերահսկվող և շրջակա միջավայրի նկատմամբ պատասխանատու պայմաններում։ Այդ նպատակով էլ ներդրված են եվրոպական սերտիֆիկացման համակարգերը, որոնք փաստացի համարվում են եվրոպական շուկա մուտք գործելու պարտադիր պայմաններից մեկը։
Գյուղատնտեսական արտադրության ողջ գործընթացում՝ մրգերից մինչև բանջարեղեն, պարտադիր է սննդի անվտանգության, աշխատողների պաշտպանության և բնապահպանական խիստ պահանջների պահպանումը։ Այս չափանիշների հիմքում ընկած է այն սկզբունքը, որ յուրաքանչյուր գործողություն պետք է մանրակրկիտ փաստաթղթավորվի, և ցանկացած պահի հնարավոր լինի վերարտադրել արտադրության ամբողջ շղթան՝ այգուց մինչև վերջնական արտադրանք։
Արտադրողները պարտավոր են մանրամասն գրանցել ցանքի և տնկման աշխատանքները, պարարտանյութերի կիրառումը, բույսերի պաշտպանության միջոցների օգտագործումը, ոռոգման գործընթացները և բերքահավաքը։ Յուրաքանչյուր գրառում պետք է պարունակի կոնկրետ տվյալներ՝ ամսաթիվ, իրականացված գործողություն, օգտագործված նյութերի անվանում և չափաբաժին, ինչպես նաև պատասխանատու անձ։ Այս գրանցամատյանները միաժամանակ ծառայում են և՛ վերահսկողության, և՛ կառավարման գործիք, և ենթակա են աուդիտի։
Օրինակ՝ եթե ծիրանի այգում իրականացվել է բույսերի պաշտպանության միջոցառում, պարտադիր է նշել ԵՄ-ում թույլատրված թունաքիմիկատի անվանումը, օգտագործված քանակը, մշակման օրը և տևողությունը, ինչպես նաև աշխատանքը իրականացրած աշխատակցի տվյալները։ Այս տվյալների բացակայությունը փաստացի նշանակում է, որ արտադրանքը չի համապատասխանում միջազգային պահանջներին։
Այսինքն՝ բերքի ամբողջ կյանքի ցիկլի ընթացքում պետք է ապահովված լինի լիարժեք հետագծելիություն։ Ցանկացած պահի պետք է հնարավոր լինի պարզել, թե տվյալ խմբաքանակի միրգը կամ բանջարեղենը որ հողատարածքից է ստացվել, ինչ մշակման փուլեր է անցել և ինչ միջոցներ են կիրառվել։ Այս համակարգը թույլ է տալիս արագ արձագանքել հնարավոր խնդիրներին՝ թե՛ արտադրողների, թե՛ վաճառքի կազմակերպիչների և թե՛ վերջնական սպառողների մակարդակում։
Սերտիֆիկացման պահանջները ներառում են նաև գյուղատնտեսական աշխատողների առողջության և անվտանգության խիստ կանոններ։ Միջազգային չափանիշների համաձայն անհրաժեշտ է ապահովել անվտանգ աշխատանքային միջավայր՝ նվազեցնելով բոլոր հնարավոր ռիսկերը։
Աշխատողները պարտադիր պետք է ապահովված լինեն պաշտպանիչ միջոցներով՝ հատուկ հագուստ, ձեռնոցներ, դիմակներ, պաշտպանիչ ակնոցներ և այլ պարագաներ, հատկապես թունաքիմիկատների կիրառման ընթացքում։ Պարտադիր է նաև առաջին բուժօգնության միջոցների առկայությունը և դրանց հասանելիությունը աշխատանքային տարածքում։ Աշխատակիցները պետք է անցնեն անվտանգության ուսուցում, տեղեկացված լինեն ռիսկերի մասին և իմանան արտակարգ իրավիճակներում գործողությունների կարգը։
Սերտիֆիկացման կարևոր բաղադրիչներից են նաև թունաքիմիկատների վերահսկվող օգտագործումը, դրանց հաստատված լինելը և ժամկետների խիստ պահպանումը։ Պահանջվում է նաև վտանգավոր նյութերի անվտանգ և առանձնացված պահպանում։
Համակարգը ներառում է նաև ջրի որակի վերահսկողություն․ որոշ դեպքերում ոռոգման ջուրը ենթարկվում է լաբորատոր փորձաքննության՝ դրա անվտանգությունը հաստատելու նպատակով։
Եվ այս ամենը՝ պարտադիր փաստաթղթավորված, համապատասխան գրանցամատյաններում մանրամասն արձանագրված։
Այսօր եվրոպական բազմաթիվ սուպերմարկետներ և ներմուծող ընկերություններ համագործակցում են միայն այն արտադրողների հետ, որոնք ունեն որակի և անվտանգության համապատասխանության սերտիֆիկատ։ Հետևաբար, եթե որևէ տնտեսություն նպատակ ունի իր ծիրանը, խնձորը կամ այլ թարմ գյուղմթերք արտահանել միջազգային խոշոր շուկաներ, ապա այս սերտիֆիկատը դառնում է ոչ թե ընտրություն, այլ պարտադիր նախապայման։
Արմեն Գրիգորյան
ՀՅԴ անդամ, տնտեսագետ