|
Փոխարժեքներ
26 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.01 |
| EUR | ⚊ | € 428.44 |
| RUB | ⚊ | ₽ 5.1334 |
| GBP | ⚊ | £ 496.45 |
| GEL | ⚊ | ₾ 137.79 |
«Հայաստան» դաշինքի անդամ, փաստաբան Ռուբինա Պետրոսյանը գրում է․
«Երբ սխալվելու գինը պետությունն է․ մաս 2
Երկրի ղեկավարը պարզապես կառավարիչ չէ։ Նա՝
Ա) իր ժողովրդի դեմքն է արտաքին աշխարհում, որովհետև պետությունն ու ժողովուրդը միջազգային հարթակում ընկալվում են նրա վարքով, խոսքով և հեղինակությամբ։ Եթե ղեկավարը անճարակ է, չունի քաղաքական դիմագիծ կամ համարվում է անվստահելի գործընկեր, նույն կերպ է ընկալվում նաև նրա ներկայացրած ժողովուրդը։ Հակառակ դեպքում, երբ առաջնորդը սկզբունքային է, կարողանում է պաշտպանել պետական շահը և արժանապատիվ կերպով ներկայացնել իր երկիրը, հարգանքի են արժանանում թե՛ ինքը, թե՛ նրա ժողովուրդն ու պետությունը։ Արդեն ութ տարի է, ինչ մեզ ներկայացնողի անհետևողական, անճարակ և անվստահելի վարքագծի հետևանքով արտաքին վերաբերմունքը մեր նկատմամբ փոխվել է դեպի վատը․ ուժեղ, հաղթանակած ժողովրդի կերպարից վերածվել ենք խոցելի, ապակողմնորոշված և թուլացած տպավորություն թողնող հանրույթի։
Բ) Ութ տարի շարունակ մեր ներազգային կյանքի հիմնական բնութագրիչը դարձել են ՍՈՒՏՆ ու ԿԵՂԾԻՔԸ, որովհետև երկրի ղեկավարը ամենօրյա ռեժիմով ստում է և կեղծում: Սուտն այլևս կառավարման գործիք է, իսկ կեղծիքը՝ քաղաքական կենսակերպ։
6. Յուրաքանչյուր ժողովրդի համար սրբազան արժեքներ են նրա ԼԵԶՈՒՆ և ԵԿԵՂԵՑԻՆ։ Մեր մեծ Լուսավորիչը՝ Խաչատուր Աբովյանը, պատահական չէր ասում, որ ժողովրդին պահողը նրա լեզուն և հավատքն են։ Ուրիշ ժողովրդի նվաճել ցանկացող թշնամին ամեն գնով փորձում է այդ ժողովրդին հեռացնել իր եկեղեցուց, ստիպել հրաժարվել սեփական լեզվից: Մեր պատմության ընթացքում այդպիսի բազմաթիվ փորձեր են եղել, բայց՝ անարդյունք: Հայ ժողովուրդն ամեն գնով դիմադրել է այդ փորձերին, և հենց դրա շնորհիվ նա կա մինչև օրս` անցնելով անգամ ցեղասպանությունների միջով: Հանուն սեփական շահը առաջ տանելու պատմության նենգափոխումը դավաճանություն է քո ժողովրդի շահերին, որովհետև սեփական պատմության դեմ պայքարը պայքար է սեփական ինքնության դեմ: Ազգային եկեղեցու դեմ պայքարը նույնպես պայքար է սեփական ինքնության դեմ: Այսօր նույն վտանգը դրսևորվում է նոր մեթոդներով։ Այս իշխանությունները, մեզ համար խորթ ու թշնամական կենտրոններից ներշնչվող օրակարգով, փորձում են անել նույնը՝ առավել քողարկված ձևերով։ Սեփական քաղաքական շահի համար պատմության խեղաթյուրումը դավաճանություն է ազգային հիշողության նկատմամբ, որովհետև սեփական պատմության դեմ պայքարը պայքար է ինքնության դեմ։
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին պարզապես դավանաբանական կենտրոն չէ: Այն մեր պատմության, մեր դիմադրողականության, մեր լեզվի և մշակույթի հիմնասյուներից է, իսկ շատ դարեր, երբ զրկված ենք եղել պետականությունից, եղել է մեր ինքնության առանցքը: Հետևաբար թուլացնել ազգային եկեղեցին՝ նշանակում է թուլացնես ինքդ քեզ:
7. Կոռուպցիայի դեմ պայքարի կարգախոսներով իշխանության եկած քպական վարչախումբն այսօր ինքն է խորապես և գրեթե անդառնալիորեն խրվել կոռուպցիայի մեջ: Փոխվել է ոչ թե երևույթը, այլ դրա ձևը․ կոռուպցիան ստացել է «օրինականացված» տեսք։
Այս իշխանությունը, փաստացի, որոշել է, որ պատերազմում պարտվելը, հայրենիքի հատվածների կորուստը, երկիրը միջազգային մեկուսացման տանելը, դաշնակիցների հետ հարաբերությունների խաթարումը, կեղծ «խաղաղության օրակարգի» առաջմղումը և բազմաթիվ այլ ձախողումներ կարելի է ներկայացնել որպես «աշխատանքային արդյունք»։ Եվ այդ ամենի դիմաց իրենք իրենց պարգևատրում են աննախադեպ չափերի հասնող միլիոնավոր դրամներով։ Այն դեպքում, երբ նույն իշխանության ղեկավարը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարում էր, թե թոշակառուն ի վիճակի չէ ճիշտ տնօրինել անգամ հավելյալ տասը հազար դրամը։
Այս ցանկը կարելի է շարունակել երկար, սակայն դրանից իրականությունը չի փոխվելու։
Ուրեմն գնա՛ ընտրության։
Գնա՛, որպեսզի դու որոշես, թե ով է ներկայացնելու քեզ աշխարհում։
Գնա՛, որպեսզի քեզ չզրկեն հավատից ու ինքնությունից։
Գնա՛, որպեսզի հայ մնաս։
Գնա՛, որպեսզի Հայաստանում ապրես՝ արժանապատիվ ու անվտանգ պետության մեջ»։