կարևոր
1306 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-03 17:18
Իրավական

Կաթողիկոսի ու վեց սրբազանի գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան

Կաթողիկոսի ու վեց սրբազանի գործով նոր դատավորը դիմել է Վճռաբեկ դատարան

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահագն Մելիքյանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ ընդդատության հարցի լուծման համար։ Դատական համակարգից «Փաստինֆո»-ն տեղեկանում է, որ դատարանը դիմել է Վճռաբեկ դատարան՝ Քրեական դատավարության օրենսգրքի 263-րդ հոդվածի 4-րդ մասի հիմքով։

Մասնավորապես, հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ վարույթն ըստ ընդդատության ստացած դատարանը մինչև նախնական դատալսումներ նշանակելն իրավասու է որոշմամբ վիճարկելու դրա ընդդատությունը: Այդ դեպքում վարույթի ընդդատության հարցը հնգօրյա ժամկետում վերջնականապես լուծվում է Վճռաբեկ դատարանի քրեական պալատի նախագահի որոշմամբ:

Երևանի քրեական դատարանը Արմավիրի մարզի դատարանից գործը ստացել է ընդդատության կարգով սեպտեմբերի 1-ին։ Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս. Ռուշանյանի՝ օգոստոսի 28-ի որոշմամբ։ Նա վարույթը ստանձնել էր օգոստոսի 14-ին։

Մինչ այդ գործը հանձնվել էր  նույն դատարանի մեկ այլ դատավորի՝  Հ. Մանուկյանին։ Օգոստոսի 7-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել քրեական գործով ինքնաբացարկ հայտնելու մասին։