Միասին կարող ենք
կարևոր
535 դիտում, 2 ժամ առաջ - 2026-03-12 11:53
Իրավական

Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդման պատճառ դարձած դատավորը բողոքել է նաև Նաիրի Հոխիկյանի դեմ

Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդման պատճառ դարձած դատավորը բողոքել է նաև Նաիրի Հոխիկյանի դեմ

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Աջափնյակ նստավայրում դատաքննության ավարտական փուլում հանրային մեղադրող Էդգար Բաբայանը հայտարարել է, թե ապացուցված է համարվում Նաիրի Հոխիկյանի կողմից կատարված հանցավոր արարքը, ըստ որի՝ ԲԴԽ անդամ, դատավոր Էդգար Հովհաննիսյանին անվանել է «իշխանության պատվեր կատարող և նվազագույն տղամարդկություն չցուցաբերած դատավոր»: 

Նաիրի Հոխիկյանը չի ընդունել իր մեղավորությունը։ 

Հիշեցնենք, խոսքը այն նույն դատավոր Էդգար Հովհաննիսյանի մասին է, ով վարույթ էր ընդունել և քննել Մայր Աթոռի կողմից կարգալույծ հռչակված հոգևորական Արման Սարոյանի հայցը և հայցի ապահովման միջոց կիրառել Մայր Աթոռի դեմ՝ պարտադրելով վերադարձնել կարգալույծ հռչակված հոգևորականին իր պաշտոնին։ Մայր Աթոռը հրաժարվել էր կատարել դատավոր Էդգար Հովհաննիսյանի վճիռը՝ նշելով, որ ՀՀ Սահմանադրությամբ պետությունը իրավունք չունի խառնվել Մայր Աթոռի ներքին կառավարման հարցերին։ Դրանից հետո դատավոր Էդգար Հովհաննիսյանի վճիռը չկատարելու համար քրեական գործ է հարուցվել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի դեմ։ 

Ինչ վերաբերում է հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանին առնչվող գործին, ապա հանրությանը հայտնի դարձած «Լապշինի գործի» դատաքննության փուլում 2023-ի մարտի 29-ին դատական ակտի հրապարակման օրը դատավոր Էդգար Հովհաննիսյանին անակնկալ հրավիրել են Հակակոռուպցիոն դատարան՝ հարցաքննության, հետո երբ ուշացումով ակտը կայացվել է, այն նախ հայտնվել է ԲԴԽ պաշտոնական էջերում և իշխանական կողմնորոշում ունեցող որոշ կայքերում, ապա նոր միայն հրապարակվել «Դատալեքս» տեղեկատվական պաշտոնական համակարգում։ 

Նաիրի Հոխիկյանը հայտարարություն է տարածել, թե բազմաթիվ գործողություններ իրեն բերել են այն համոզման, որ Էդգար Հովհաննիսյանը «իշխանության պատվեր կատարող և նվազագույն տղամարդկություն չցուցաբերած դատավոր է»: Այդ հայտարարությունից ժամեր անց արձագանքել է ԲԴԽ-ն՝ Քննչական կոմիտեին կոչ անելով քրեական գործ հարուցել Քրեական օրենսգրքի 489-րդ հոդվածի 2-րդ մասով՝  դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքով։ 

Նաիրի Հոխիկյանի պաշտպանական կողմը ներկայացրել է հիմնավորումներ, որ Հոխիկյանի այդ հայտարարությունը գնահատողական դատողություն է, ինչի իրավունք ունի յուրաքանչյուր ոք։ Ասելով «նվազագույն տղամարդկություն չցուցաբերած»՝ Հոխիկյանի խոսքով՝ ինքը նկատի է ունեցել «խիզախություն չցուցաբերած», այլ ոչ թե կասկածի տակ է դրել Էդգար Հովհաննիսյանի տղամարդկային որակները, ինչից նա կարող էր վիրավորվել։ 

Հոխիկյանի շահերի պաշտպան փաստաբան Լուսինե Վիրաբյանի խոսքով՝ հանրային մեղադրողը որևէ հստակ ապացույց չի ներկայացրել, որ Նաիրի Հոխիկյանը հենց վիրավորելու նպատակով է արել այդ հայտարարությունը, ավելին՝ հայտարարության ժամանակ Էդգար Հովհաննիսյանը այլևս դատավոր չէր տվյալ գործով և չէր կարող որևէ ազդեցություն ունենալ գործի լուծման վրա, ինչի մասին հստակ նշված է քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածում։ 

Փաստաբան Վրեժ Խաչիկյանի խոսքով՝ ինչպես Վճռաբեկ դատարանի նախադեպային մի շարք որոշումներով, այնպես էլ ՄԻԵԴ վճիռներով ապացուցված է, որ հանրային ճանաչում ունեցող գործիչները և պաշտոնյաները ավելի հաճախ են ենթարկվում քննադատությունների, հետևաբար պետք է հանդուրժող լինեն կոշտ քննադատության ու գնահատողական դատողությունների նկատմամբ։ 

Եզրափակից խոսքում Նաիրի Հոխիկյանը ևս մեկ անգամ շեշտել է, որ իր նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում ընդդիմադիր հայացքների պատճառով։ Հոխիկյանի պնդմամբ՝ նույն դատավոր Էդգար Հովհաննիսյանի մասին այս օրերին տարատեսակ քննադատական ու նույնիսկ վիրավորական արտահայտություններ են հնչում տարբեր մարդկանց կողմից՝ կապված Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ հարուցված քրեական գործի հետ, սակայն այդ արտահայտություններից չի վիրավորվում դատավոր Էդգար Հովհաննիսյանը, չի դիմում իրավապահ մարմիններին՝ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի մեղադրանքով, այնինչ իր՝ Նաիրի Հոխիկյանի գնահատողական դատողությունների համար անմիջապես բողոք է ներկայացրել, ինչը հիմք է տալիս եզրակացնելու, որ կա քաղաքական հետապնդում՝ ապացուցելով իշխանության պատվեր կատարելու հանգամանքը։ 

Հոխիկյանը դատարանից պահանջել է իրականացնել արդարադատություն և նշել, որ պատրաստ է իր իրավունքները պաշտպանել ընդհուպ մինչև միջազգային դատարաններում։ 

Դատավոր Ռազմիկ Մարիկյանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ վճիռ կայացնելու։ 

Դատարանը վերդիկտը կհրապարակի ապրիլի 14-ին։