կարևոր
943 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-03 18:01
Քաղաքական

Պահանջում եմ ազատ արձակել ՀՀ-ում պահվող բոլոր քաղբանտարկյալներին. Արա Աբրահամյան

Պահանջում եմ ազատ արձակել ՀՀ-ում պահվող բոլոր քաղբանտարկյալներին. Արա Աբրահամյան

Ռուսաստանի հայերի միության նախագահ, գործարար Արա Աբրահամյանը հայտարարություն է տարածել` պահանջելով ազատ արձակել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին։

Նշենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ԲՀԿ առաջնորդի խափանման միջոցը փոխելու կամ երկարաձգելու հարցով դատական նիստը։

«Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել Հայաստանում պահվող բոլոր քաղբանտարկյալներին և դադարեցնել իշխանությունների կողմից իրականացվող՝ իրենց վարած ազգային շահերի հանձնման քաղաքականությանը չհամաձայնող գործիչների ահաբեկումն ու հետապնդումը։ Այդ անօրինական քաղաքականության հերթական վկայությունն են Գագիկ Ծառուկյանի և այլ հայտնի ընդդիմադիր գործիչների՝ Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, Անդրանիկ Թևանյանի և բազմաթիվ այլ անձանց նկատմամբ իրականացվող ապօրինի հետապնդումը»,– ասված է հայտարարությունում։

Ըստ Աբրահամյանի` բացարձակապես անընդունելի և ամոթալի է ազգի հոգևոր առաջնորդների՝ Ամենայն հայոց կաթողիկոսի և հոգևորականների նկատմամբ իրականացվող հետապնդումը, ինչպես նաև Հայ առաքելական սուրբ եկեղեցու ներքին գործերին միջամտելը։ Քաղաքական դրդապատճառներով իրականացված գործողություններն ուղղված են պետության տնտեսական և իրավական համակարգի հիմքերի խաթարմանը։

Աբրահամյանը հիշեցրել է, որ Գագիկ Ծառուկյանին ճանաչում է որպես մեծ հայրենասերի, մարդու, ով իր ուժերով զրոյից ստեղծել է մի ամբողջ բիզնես կայսրություն, տասնամյակներ շարունակ ներդրումներ կատարել Հայաստանի հեղինակության և վարկանիշի բարձրացման գործում, տասնյակ հազարավոր ընտանիքների ապահովել է աշխատանքով։

Անդրադառնալով այն հանգամանքին, որ Ծառուկյանի գլխավորած քաղաքական ուժն այդպես էլ չհայտնվեց խորհրդարանում` Աբրահամյանը շեշտել է, որ այդպիսով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրականացնում է ընդդիմադիր առաջնորդների նկատմամբ իր անձնական վրեժխնդրության ծրագրերը։

Ըստ գործարարի` ՀՀ վարչապետը փորձում է նաև թուլացնել հայկական բիզնեսի հենասյուների տնտեսական հզորությունը, մաքրել քաղաքական և գործարար դաշտը՝ իր նոր «խաղաղասեր բարեկամների» համար։