|
Փոխարժեքներ
19 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.21 |
| EUR | ⚊ | € 427.9 |
| RUB | ⚊ | ₽ 5.1541 |
| GBP | ⚊ | £ 493.59 |
| GEL | ⚊ | ₾ 137.7 |
Վերջին օրերին արցախցիների հանդեպ ընդգծված և խորը ատելությունը գործող իշխանության քարոզարշավի ընթացքում ակնհայտ է: Ատելությունն ուղղված է ոչ թե Ադրբեջանին, այլ Արցախի ժողովրդին ու իշխանություններին: Ինչպե՞ս կբնութագրեք ՀՀ իշխանությունների կողմից նման խոսույթը. «Ապառաժ»-ի հարցին պատասխանում է ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը:
Խստիվ դատապարտում ենք Հայաստանի Հանրապետությունում իշխող քաղաքական ուժի կողմից ընթացող նախընտրական քարոզարշավի ընթացքում Արցախի և արցախահայության հանդեպ սփռվող ատելության ու անբարո խոսույթը։
Հայ ժողովրդի տարբեր հատվածների միջև թշնամանքի սերմանումը այլ բան չէ, քան մեր թշնամի թուրք-ադրբեջանական տանդեմին ծառայելը։ Հայ ժողովուրդն իր հազարամյա պատմության ընթացքում ունեցել է թե՛ հաղթանակներ, թե՛ պարտություններ։ Հաղթանակները ձեռք են բերվել միասնության, ներքին համերաշխության և ազգային միասնականության մթնոլորտում։
Հայոց պատմությունը լի է օրինակներով, երբ պատմության աղբարկղն են նետվել պառակտիչներն ու օտարի խամաճիկ դարձած անողնաշար անձինք։
Այս ընտրական քարոզարշավի թեժ օրերին մի քանի ձայն մուրալու ակնկալիքով հայի ինքնության և արժեքային համակարգի դեմ սանձարձակված խոսելաոճն ու աղիողորմ պահվածքը թուլության և անարժանապատվության ապացույց են։
Երբ Բաքվի բանտերում հայ գերիներն ու պատանդներն իրենց հաղորդագրություններով ապացուցում են իրենց քաջությունն ու արժանապատվությունը, Երևանի կենտրոնում և տաքուկ անկյուններում տեղավորված անձանց նման կեցվածքը պատվաբեր չէ, այլ՝ ամոթալի։ Ցավալին այն է, որ աշխարհը ականատես է այս ժխտողականության և դասալքության դրսևորումներին։
Համոզված ենք, որ արցախյան հիմնահարցը պետք է դառնա Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնային ուղղություններից մեկը։ Այն ոչ միայն հայրենիքի վերակերտման հարց է, այլև ինքնության պահպանման և արժանապատիվ ապրելու առանցք։
Վստահ ենք, որ հայ ժողովուրդը ճիշտ ընտրությամբ կկարողանա ուղղել կքած մեջքը, որդեգրել սևեռուն ու արժանապատիվ կեցվածք և հաղթահարել այս պատմական դժվարին ժամանակահատվածը։