|
Փոխարժեքներ
24 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.32 |
| EUR | ⚊ | € 437.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6885 |
| GBP | ⚊ | £ 505.87 |
| GEL | ⚊ | ₾ 138.82 |
Քաղաքագետ Վահե Դավթյանը գրում է.
«Կան պայմաններ, որոնցում ռևանշիզմի միակ այլընտրանքն ասիմիլացումն է: Բովանդակային սննկացումը: Անարդարության փակ ցիկլում տարիներ շարունակ ապրող ժողովրդի ներսում չի կարող չկուտակվել բացասական էներգիա: Եվ այդ էներգիան վաղ թե ուշ փոխակերպվում է ծայրահեղական մեծ ալիքների: Դա մի յուրահատուկ «սեղմված զսպանակ է», որի բացումը երբեմն աղետալի հետևանքներ է ունենում:
Իրականությունն այն է, որ այդ զսպանակը վաղ թե ուշ բացվում է:
Կարդացեք աշխարհաքաղաքականության դասականներին` Հաուսհոֆերից մինչև Գումիլև, որոնք կենսաբանական մակարդակում վաղուց սահմանել են այս ֆունդամենտալ օրինաչափությունը: Յուրաքանչյուր էթնոս ձգտում է սեփական կենսական տարածության ընդլայմանը: Մինչդեռ այդ տարածության նպատակային սեղմումը էթնոսի ներսում հանգեցնում է խորքային մենթալ աղճատումների, կոլեկտիվ բարդույթների: Արդյունքում առաջանում է արդարության հաստատման ձգտում: Երբեմն դա առողջ ձգտում է, երբեմն՝ ֆանատիկ: Բայց դա, թերևս, այլ թեմա է:
Այդ կուտակումը սկսվում է տարրականից՝«ես-նա», «մենք-նրանք» հակադրումից՝ առանց որի չկա ինքնություն: Ո՛չ ազգային, ո՛չ քաղաքական: Փոխարենը կա անդրինքություն, թվային ինքնություն՝ արհեստական բանականության լայն ենթակառուցվածքներով:
Եվ հենց այդ օրգանական հակադրումն այսօր մեզանում փորձում են արմատախիլ անել՝ ՛՛խաղաղության՛՛ միակողմանի հաստատմամբ ու Անկախության հռչակագրի լիկվիդացմամբ, ցորենի ու բենզինի սիմվոլիկ ներմուծմամբ ու Արցախյան շարժման չլինելու մասին հայտարարություններով: Նպատակը պարզ է՝ բացառելով այդ հակադրումը՝ բացառել նաև մեր վերագիտակցումը:
Դրան զուգահեռ՝ Ադրբեջանում «մենք-նրանք»-ը պետական քաղաքականության բազային գործոն է: Արցախյան երկրորդ պատերազմն ու դրան հաջորդած զարգացումները պարարտ հող ստեղծեցին Ադրբեջանում ազգակերտման, ազգային ու քաղաքական ինքնության ձևավորման համար: Այսօր նրանք այդ գործընթացի ամենաակտիվ փուլում են գտնվում: Մինչդեռ մեզ հորդորում են չօգտագործել «Արցախ» տեղանունը, որպեսզի Արդբեջանում… չօգտագործեն «Գյոյչան»:
Սա հոգեբանական օպերացիա է, որի նպատակը կոլեկտիվ հիշողության դեակտիվացումն է, քաղաքական սուբյեկտայնության աստիճանական ապամոնտաժումը: Այս համատեքստում «մենք-նրանք» հակադրության արհեստական չեղարկումը ոչ թե հաշտեցման, այլ ապակողմնորոշման մեխանիզմ է։
Պարադոքսն այն է, որ մի կողմում «մենք-նրանք»-ը ինստիտուցիոնալացվում է, մյուս կողմում՝ ներկայացվում որպես հետամնացության և նույնիսկ սպառնալիքի աղբյուր։
Սակայն պատմական փորձը ցույց է տալիս, որ նման անհամաչափությունները երկար չեն պահպանվում։ Զսպանակը չի կարող անվերջ սեղմված մնալ»: