կարևոր
430 դիտում, 1 ժամ առաջ - 2025-11-13 16:26
Քաղաքական

Նիկոլ Փաշինյան, չգիտեմ ինչի չենք տեսնում, որ Ձեր վատ բառապաշարի համար ԱԱԾ-ն Ձեզ կռացրած տանի․ Քրիստինե Վարդանյան

ՀՀ-ում աղքատությունը մինչև հեղափոխությունը եղել է 23.5 տոկոս, իսկ այժմ՝ 23.7 տոկոս։ Ազգային ժողովում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«Ուզում եմ հասկանալ, որ պետական պարտքը կրկնապատկել եք, շուրջ 8 միլիարդով ավելացրել եք արդեն՝ այդ գումարներն ինչի՞ համար են օգտագործվել։ Նայում եմ վիճակագրական տվյալները․ դուք ստանձնել եք երկրի ղեկավարումը, երբ աղքատությունը 23.5 տոկոս էր։ Չեմ էլ անդրադառնում՝ ինչ խոստումներ էիք տալիս։ Հիմա՝ ըստ վերջին տվյալների, աղքատությունը 23.7 տոկոս է։ Այլ ցուցանիշներ էլ կան՝ ծայրահեղ աղքատության, հանցավորության, թմրամիջոցների ապօրինի շրջանառության աճ։ Երբ աճ կա, դուք ասում եք՝ մեթոդաբանությունն ենք փոխել, այլ ձևով ենք հաշվում, դրա համար է թվերի վատթարացումը։ Օրինակ՝ սպառողական վարկ վերցնողների թիվը աճել է 31 տոկոսով։ Վարկով ապրող պետություն, վարկով ապրող քաղաքացի, գնալով թանկացող գներ, չաճող եկամուտներ։ Թղթի վրա թվերն աճում են, բայց կենսամակարդակն այդպես չի բարձրանում։ Ես անզեն աչքով էլ կարող եմ տեսնել, թե այդ գումարների մի մասն առնվազն որտեղ է գնացել․ ձեզնից, ձեր թիմակիցներից, ձեր վարած մեքենաներից»,- ասաց Քրիստինե Վարդանյանը։

Անդրադառնալով իշխանականների հայտարարություններին, թե ժողովրդավարությունն իրենց «կրեդոն» է, Քրիստինե Վարդանյանը հիշեցրեց, որ Գորիսում, Թալինում, Վանաձորում, Վարդենիսում, Բերդում, Անիում, Ալավերդիում, Ախուրյանում, Գյումրիում, Մասիսում, Մեղրիում, Քաջարանում և Կապանում իշխանությունը միջամտել է ընտրություններին, որտեղ իրենց սրտի թեկնածուները չեն ընտրվել։ Նա նաև նշել է, որ երբ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հայ առաքելական եկեղեցու մասին խոսեց Փաշինյանի նույն ձևակերպումներով, Հայաստանում սկսվեց արշավ եկեղեցու դեմ, և մի շարք սրբազաններ միանգամից հանցագործ դարձան։

«Անցած քառօրյայում, երբ իմ գործընկերը խոսում էր քաղբանտարկյալներից, իր ելույթի ընթացքում քաղբանտարկյալների թիվն ավելացավ։ Այսօր առավոտյան դուք ձերբակալել եք երկու բլոգերի։ Նույն մարդկանց մի քանի ամիս առաջ էլ էիք կալանավորել նույն հոդվածով, սակայն առաջին ատյանը նրանց անմեղ էր ճանաչել։ Ես չեմ ողջունում վիրավորական խոսքը կամ հայհոյանքը, բայց խոր կասկած ունեմ, Նիկոլ Փաշինյան, որ ձեզնից ավելի վատ բառապաշար են օգտագործում։ Չեմ հասկանում՝ ինչու չենք տեսնում, որ ԱԱԾ-ն գալիս է ու Ձեզ է կռացրած տանում, թե որ մարդասպաններին է ԱԱԾ-ի հատուկ ջոկատը կռացրած տանում, բայց ընդդիմադիրներին՝ խնդրեմ»,- նշեց նա։  լ

Իր խոսքի ավարտին պատգամավորը դիմել է հանրությանը, հատկապես՝ երիտասարդներին՝ ընդգծելով, որ կախարդական փայտիկներ չկան․ «Միակ ճանապարհը բոլորի մասնակցությունն է քաղաքական գործընթացներին, որովհետև չմասնակցելը գործող իշխանությունների քայլերի, արարքների ու ծրագրերի նկատմամբ ուղղակի ինդուլգենցիա է»։