կարևոր
3280 դիտում, 22 ժամ առաջ - 2025-08-01 00:06
Արցախ

Այս քաղաքականությունն ունի խորքային նպատակ՝ ոչնչացնել Արցախի բնությունն ու մշակութային ինքնությունը. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Այս քաղաքականությունն ունի խորքային նպատակ՝ ոչնչացնել Արցախի բնությունն ու մշակութային ինքնությունը. Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն

Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է.

«Արդեն ավելի քան տասն օր է, ինչ ժամանակավորապես օկուպացված Արցախի տարածքում բռնկված հրդեհները չեն մարվում։ Ճակատագրական կերպով դրանք օրեցօր տարածվում են՝ վերածվելով լայնամասշտաբ էկոլոգիական ու հումանիտար աղետի։ Արցախի մշակույթի նախարարությունը ևս ահազանգել է այն սպառնալիքի մասին, որը ծառացած է ինչպես բնակավայրերի, այնպես էլ կենսաբազմազանությամբ հարուստ անտառների և ավելի քան 100 պատմամշակութային հուշարձանների վրա։ Շատ դեպքերում վնասը անդառնալի է՝ վտանգելով Արցախի հազարամյա քաղաքակրթական շերտերի գոյությունը։

Հրդեհները չեն կարող ընկալվել որպես տարերային կամ պատահական երևույթ։ Ակնհայտ է՝ դրանք նպատակաուղղված կերպով հրահրվում են «Ադրբեջանի» օկուպացիոն վարչակարգի կողմից՝ նույն մեթոդաբանությամբ, որը կիրառվեց 2020 թ․ թուրք-ադրբեջանական ահաբեկչական տանդեմի կողմից Արցախի դեմ սանձազերծված լայնածավալ պատերազմի ժամանակ։ Այդ ընթացքում «Ադրբեջանը» բազմիցս օգտագործեց միջազգային իրավունքով արգելված ֆոսֆորային զինատեսակներ՝ միտումնավոր հրկիզելով Արցախի անտառները։

Այս քաղաքականությունն ունի խորքային նպատակ՝ ոչնչացնել Արցախի բնությունն ու մշակութային ինքնությունը։ «Ադրբեջանը» հետևողականորեն վարում է մշակութային ցեղասպանության ռազմավարություն՝ ուղղված հայ ժողովրդի քաղաքակրթական կոդերի ջնջմանը և պատմական հիշողության վերացմանը։

Վառ օրինակ է վերջին օրերին ժամանակավորապես օկուպացված Ստեփանակերտում տեղի ունեցած մշակութային վանդալիզմը, երբ Ադրբեջանի պետական կառույցների ուղղակի մասնակցությամբ ոչնչացվեց համաշխարհային ճանաչում ունեցող հայ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու կիսանդրին` հենց հանճարեղ նկարչի ծննդյան օրը։ Այս մասին հրապարակային հայտարարությամբ հանդես է եկել «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ն։ Այվազովսկին՝ լինելով ոչ միայն հայկական, այլև համամարդկային մշակույթի անբաժան մաս, դարձավ «Ադրբեջանի» մշակութային ցեղասպանության հաջորդ զոհը՝ պարզապես այն պատճառով, որ մարմնավորում է այն արժեքները, որոնց դեմ գործում է ադրբեջանական պետական մեքենան։

Մենք հստակ արձանագրում ենք՝ միջազգային հանրության անգործությունը, միայն արարողակարգային և «անատամ» հայտարարությունները, ինչպես նաև Ադրբեջանի հանդեպ ցուցաբերվող քաղաքական և տնտեսական հովանավորչությունը ստեղծում են անպատժելիության մթնոլորտ։ Այդ մթնոլորտը վերածվում է պարարտ հողի նոր` առավել ընդգրկուն հանցագործությունների համար։ Լռությունը՝ տվյալ դեպքում, հանցակցության ձև է։

Այս պահին Արցախի ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ամբողջական ոչնչացման շեմին։

Մշակութային ցեղասպանության այս մասշտաբի դրսևորումը հասցրել է անգամ գերազանցել այն ողբերգական իրողությանը, երբ Հայոց ցեղասպանության տարիներին ու դրանից հետո թուրքերն իրականացնում էին Արևմտյան Հայաստանի տարածքում։

«Ադրբեջանը» ներկայանում է որպես պարազիտային քաղաքակրթության վառ ներկայացուցիչ՝ կառուցված ուրիշի արժեքները յուրացնելու և ոչնչացնելու հաշվին։ Այդ մոդելը հակասում է բոլոր այն սկզբունքներին, որոնց վրա հիմնված է քաղաքակիրթ մարդկության գոյությունը։

Մենք վերահաստատում ենք մեր կոչը՝ միջազգային կառույցներին, իրավապաշտպան և մշակութային կազմակերպություններին։ Ժամանակը սպառվում է։ Անհապաղ անհրաժեշտ են հստակ, գործուն և թիրախային քայլեր՝ կանխելու շարունակվող մշակութային ցեղասպանությունը։ Հակառակ պարագայում մոլորակը կզրկվի բացառիկ պատմամշակութային արժեքներից»: