կարևոր
2752 դիտում, 1 օր առաջ - 2025-07-24 09:30
Քաղաքական

Ամեն ինչ անում է, որ ոչ մի պաշտոնյա «չպլստա». «Փաստ»

Ամեն ինչ անում է, որ ոչ մի պաշտոնյա «չպլստա». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին «քաղաքական» գրառում էր արել նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ կապված այն հանգամանքի հետ, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը դատի է տվել իրեն՝ վիրավորանքի և զրպարտության համար: Ավելին, ինչ-որ «հանրային» հակընդդեմ հայցի կոչով էր հանդես եկել: Մի գրառում էլ արել էր ֆինանսների նախարարը: Թվում է՝ ինչ կա որ, քաղաքական թիմի անդամ են, քաղաքական պաշտոն են զբաղեցնում, կարող են և քաղաքական գրառումներ անել:

Բայց ամբողջ հարցն այն է, որ նախ՝ քպական պատգամավորների ու նախարարների մի որոշակի մասը այս շրջանում բավական պասիվ է նմանատիպ գրառումներ անելու, մասնավորաբար Եկեղեցու վրա հարձակումները պաշտպանելու, քաղբանտարկյալներին «ահաբեկիչ» որակելու, ՀԷՑ-ը խլելու և մյուս անօրինական գործողությունների առումով: Երկրորդ՝ վերոնշյալ գրառման բառապաշարը, ոճը, «ձեռագիրը» չափից ավելի «նիկոլական» է: Պարզվում է՝ դա ամենևին էլ պատահական չէ:

Մեր տեղեկություններով, Նիկոլ Փաշինյանը հատկապես նախարարների մասով պատրաստի տեքստն ուղարկում է և «առաջարկում», որ դնեն իրենց սոցէջերի «պատին»: Որպեսզի «երկար-բարակ» չբացատրի, թե որքան կարևոր են այս «արշավները», հակադարձումները, բոլորի ներգրավումը, նաև այն, թե կոնկրետ ինչ պետք է գրել, միանգամից պատրաստի տեքստը կազմում և ուղարկում է: Նպատակն այն է, որ իր բոլոր «թեմաների» մեջ ներգրավի բոլորին, այդ թվում՝ նախարարներին: Ճիշտ է, մեր աղբյուրների փոխանցմամբ, դա բավականին բարդ է, որովհետև, մեղմ ասած, ոչ բոլորն են ուզում մտնել նման «բեռի» տակ, բայց Փաշինյանն ամեն ինչ անում է, որ ոչ մի պաշտոնյա «չպլստա» ու թաթախվի, մասնակից լինի իր «նախաձեռնումներին»: