Փոխարժեքներ
23 07 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 383.74 |
EUR | ⚊ | € 450.05 |
RUB | ⚊ | ₽ 4.9299 |
GBP | ⚊ | £ 521.81 |
GEL | ⚊ | ₾ 141.25 |
Այս նախագծի երաշխավորը կարող է դառնալ ամերիկյան մասնավոր ընկերություն։ Middle East Eye-ի տվյալներով՝ այս նախագծի գաղափարը գալիս է Թուրքիայից՝ աջակցություն գտնելով Վաշինգտոնում: Սակայն Երեւանում իբր պնդում են՝ ամերիկյան ընկերությունը աշխատի նաեւ Նախիջեւանի հատվածում, ինչի հետ համաձայն չեն Բաքվում։ «Հայաստան, Ադրբեջան, մենք այնտեղ իսկական հրաշք գործեցինք, եւ գործն արդեն գրեթե ավարտված է, եթե ոչ ամբողջությամբ: Մենք պետք է պատրաստ լինենք դրան»:- բացականչել է Սպիտակ տան տերն իրեն բնորոշ արտահայտիչ ոճով սենատորների հետ վերջերս կայացած ընթրիքի ժամանակ։ Ավելի վաղ Էրդողանը բազմիցս խոսել էր ռազմավարական եւ տնտեսական նշանակություն ունեցող Զանգեզուրի միջանցքում իր երկրի շահագրգռվածության մասին՝ թույլ տալով «Բարձր դռան» ժառանգներին ամենակարճ ճանապարհով դուրս գալ Կասպից ծով եւ այնուհետեւ Կենտրոնական Ասիա:
Այստեղ հարկ է հիշեցնել՝ առաջին անգամ թուրք հարեւանների միջեւ Մեղրիով ցամաքային կապի գաղափարը ծագել է 1990-ական թվականներին ոչ անհայտ ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլի գրություններում, որը ենթադրում էր տրանսպորտային հաղորդակցության բացում Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ Արաքսի հյուսիսային ափով՝ Լեռնային Ղարաբաղում Բաքվին որոշ զիջումների դիմաց, որտեղ ռազմական հաջողություններն այն ժամանակ ուղեկցում էին հայկական կողմին։ Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ լարվածության խորապատկերին երկաթուղային գիծը ապամոնտաժվեց, ինչը հանգեցրեց մերձկասպյան հանրապետության հիմնական մասի եւ նախիջեւանյան էքսկլավի միջեւ ցամաքային հաղորդակցության դադարեցմանը։ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հիշողությունների համաձայն՝ 2001ին Քի-Վեսթում բանակցությունների նախապատրաստման շրջանում կողմերը մոտեցել են փոխզիջմանը.Բաքուն իբր համաձայնվում էր, որ այն ժամանակ հայկական ուժերի կողմից վերահսկվող Ղարաբաղը դե ֆակտո կդառնա Հայաստանի մի մասը, իսկ Երեւանն իր կողմից պատրաստ էր ապահովել դեպի Նախիջեւան տրանսպորտային երթուղին: Սակայն Հեյդար Ալիեւի շրջապատում տարաձայնությունների պատրվակով համաձայնագիր ստորագրել չհաջողվեց։
Իսկ իրականում Ադրբեջանը, ի սկզբանե ոչինչ զիջելու մտադրություն չունենալով, խորամանկ խաղ էր վարում՝ դաշնակիցներ ձեռք բերելով եւ ուժեր կուտակելով ռազմական ռեւանշի համար։ 2020 թ-ի նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ 44-օրյա պատերազմի արդյունքում ընդունվել է հրադադարի մասին համատեղ հայտարարություն։ Փաստաթղթի 9-րդ հոդվածը ենթադրում էր, առանց հատուկ կոնկրետացման, «տարածաշրջանի բոլոր տնտեսական եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակում»։ Հայկական իշխանությունները նաեւ պարտավորություններ են ստանձնել Ադրբեջանի հարավ-արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի ինքնավարության միջեւ տրանսպորտային հաղրդակցության ապահովման հարցում, որի վերահսկողությունը թղթի վրա դրվել է ռուս սահմանապահների վրա:
Սակայն դեռեւս նկատելի տեղաշարժ տեղի չի ունեցել, բացառությամբ, որ, ըստ ՀՀ վարչապետի մամուլի խոսնակի հայտարարության, 2025 թ-ից Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-անցագրային կետում ծառայությունն ամբողջությամբ իրականացվում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերի կողմից: Բաքվի վերահսկողության տակ Լեռնային Ղարաբաղի վերջնական անցումից հետո, որին հաջորդեց ռուսական խաղաղապահ զորակազմի դուրսբերումը, Ադրբեջանն ու Թուրքիան լիարժեք հնարավորություն ունեն թելադրելու իրենց պայմանները, յան դեպքում, երբ Երեւանը լավագույն դեպքում Ռուսաստանի եւ Իրանի դիրքերի ակնհայտ թուլացման պայմաններում տարածաշրջանում արեւմտյան խաղացողների ներգրավման սխեմաներ է փնտրում։
Փաշինյանի կառավարությունը նախընտրում է խոսել «խաղաղության խաչմերուկի» մասին՝ զերծ մնալով «Զանգեզուրի միջանցք» եզրույթի օգտագործումից՝ հերթական միակողմանի զիջումներից հանրային դժգոհության մտավախությունների պատճառով։ Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ վերահսկողության փոխանցումը երրորդ կողմին չի քննարկվում, վստահեցնում է դրա մամուլի խոսնակը: Ի դեպ, դա ավելի շատ արվում է ձեւականորեն, եւ ամենեւին էլ պատահական չէ, որ փորձագիտական հանրության մի մասի կողմից միջանցքի շուտափույթ բացման կոչեր հնչեցին։
ՀՀ փոխարտգործնախարարը վերջերս տված հարցազրույցում հայտարարել է՝ Հայաստանը չի դեմ Սյունիքի երկաթուղու աութսորսինգին, եթե պահպանվեն որոշակի սկզբունքներ. «Ինչ վերաբերում է աութսորսինգին, այսօր Հայաստանում հայտնի են աութսորսինգի բազմաթիվ դեպքեր, որոնցից մի քանիսը մեզ համար հարմար են, իսկ մի քանիսը՝ ոչ։ Օրինակ՝ Հայկական երկաթուղիների, Զվարթնոց օդանավակայանի եւ ջրամատակարարման համակարգի կառավարումը։ Սակայն դրանք շարունակում են մնալ Հայաստանի Հանրապետության սեփականությունը։ Ես չեմ կարծում, որ այնտեղ որեւէ կերպ խախտվել են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, իրավասությունը կամ տարածքային ամբողջականությունը»։
Իր հերթին, Բաքվում թերահավատություն են հայտնում ամերիկացիների առաջարկի վերաբերյալ՝ խստորեն պնդելով Սյունիքով անարգել տրանպորտային հաղորդակցության եւ ապագա ճանապարհի արտատարածքային լինելու մասին՝ պարբերաբար հիշելով, որ խորհրդային տարիներին Մեղրիի երկաթուղային կայարանը եւ համապատասխան ճանապարհահատվածը գտնվել են ադրբեջանական, այլ ոչ թե հայկական երկաթուղու կառավարման ներքո: ալիեւը հերթական անգամ հայտարարել էԱդրբեջանի տարածքում երթուղու գործարկման համար երկաթուղու մի հատվածի շինարարության մոտալուտ ավարտի մասին, մինչդեռ հայկական կողմում աշխատանքներ «արդեն հինգ տարի չեն տարվում»: Ադրբեջանի առաջնորդը կարծում է՝ Հայաստանի՝ տարանցիկ երկիր դառնալու շանսերը սրընթաց նվազում են։ «Զանգեզուրի միջանցքի» հիպոթետիկ այլընտրանքը կարող էր լինել երկաթուղային «Արաքսյան միջանցքը» սահմանային գետի հարավային, իրանական ափերով, սակայն այդ գաղափարի իրագործմանն ակնհայտորեն ընդդիմանալու են ամերիկացիները, իսկ ադրբեջանա-իրանական հարաբերությունները, մեղմ ասած, հեռու են իդեալականից։
Այսպես թե այնպես, առեւտուրը շարունակվում է, եւ դրա արդյունքներին կարելի է սպասել առաջիկա ամիսներին։ Հայտնի է՝ սեպտեմբերի առաջին կեսին Թրամփի վարչակազմը նախատեսում է կազմակերպել առաքելություն, որը կոչվում է «Ղազախստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի «միջին միջանցքի» տարածաշրջանում առեւտրի, էներգետիկայի, ենթակառուցվածքների եւ լոգիստիկայի ուսումնասիրություն»: Ամենայն հավանականությամբ՝ այդ ժամանակ Երեւանին առաջարկ կանեն, որն այնտեղ չեն կարողանա մերժել։ Առայժմ հայկական Սյունիքով լուրջ ռեաբիլիտացիայի կարիք ունեցող երկաթուղային երթուղին ամերիկացիներին փոխանցելու դեպքում Ռուսաստանն ու Իրանը հեռու կմնան Չինաստանից եւ Կենտրոնական Ասիայից Եվրոպա լոգիստիկ ուղիներից։
Անդրեյ Արեշեւ
Աղբյուրը՝ infoshos.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի