| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 3025 դիտում,
        
            3025 դիտում,  6 ամիս առաջ - 2025-04-07 18:18
            6 ամիս առաջ - 2025-04-07 18:18  
         
                
            Ապրիլի 7-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը, որը նաև մայրության և գեղեցկության տոնն է։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ այդ օրը հռչակել է որպես մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր:
Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, օրհնությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Սանկտ Պետերբուրգի Սուրբ Գրիգոր Լուսավորչի անվան հոգևոր ճեմարանի տեսչի պաշտոնակատար Արժանապատիվ Տ․ Ղևոնդ քահանա Տյոմկինը։
Տեր Հայրը, անդրադառնալով օրվա խորհրդին, ընդգծեց Տիրամոր դերակատարությունը մարդկության պատմության մեջ:
«Այսօր տոնելով Աստվածածնի Ավետումը՝ մենք բոլորս մեր հայացքներն ենք ուղղում դեպի Սուրբ Կույսը և սովորում նրա օրինակով վստահել, հավատալ Աստծուն ու հնազանդվել Տիրոջ կամքին, որպեսզի արժանանանք հավիտենական անանց բարիքներին»,-ասաց Տեր Հայրը՝ շնորհավորելով Սուրբ Պատարագին ներկա մայրերին, կանանց ու օրիորդներին և հայցելով Սուրբ Աստվածածնի բարեխոսությունը նրանց համար:
Հավարտ Սուրբ Պատարագի, հանդիսապետությամբ Մայր Աթոռի Արարողակարգային և արտաքին հարաբերությունների բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ․ Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի, կատարվեց մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ։