կարևոր
3766 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-02 15:45
Քաղաքական

Իմ ընտանիքը, հարազատները ապօրինի ճնշումների են ենթարկվում վերջին 3 տարում, մտածում են` կարող են մեզ վախեցնել. Իշխան Սաղաթելյան

Վերջին երեք տարվա մեջ, մասնավորապես վերջին 6 ամսվա ընթացքում, այս իշխանությունների կողմից իմ ընտանիքը, իմ հարազատները ենթարկվում են հակաօրինական, ապօրինի ճնշումների՝ քրեական գործեր, խուզարկություններ, հարցաքննություններ,ինչ կարող են՝ անում են»: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով իր ընտանիքի եւ ընտանեկան բիզնեսների նկատմամբ ճնշումների մասին հարցին:

«Հայրս էլ է հարցաքննվել, հարազատներիս ընկերություններ էլ են մտել, ապօրինի գործողություններ են արել, խուզարկություններ են արել, հորս փորձում են մեղադրանք առաջադրել, մի ուրիշ գործով կանչել են հարցաքննության: Իմ հերն ինձ ասել ա՝ տղա ջան, էս պայքարից հետ կանգնել չկա, մեր տան հարսներն էլ են պատրաստ նստելու: Ինչ կարան, թող անեն: Հավանաբար մտածում են՝ այդ ճանապարհով վախեցնել, որ մեր ճանապարհից հետ կանգնենք, բայց սխալվում են»,-ասաց նա:

Շինծու քրեական գործի շրջանակներում մանդատից զրկելու հնարավորության մասին խոսելով Սաղաթելյանն ասաց․ «Սրանք մեզ հայրենիքից են զրկել, 5 հազար հայորդու կյանքից են զրկել, մանդատն ի՞նչ է, որ չփորձեն զրկել: Վստահ եմ, որ փորձելու են զրկել, թող փորձեն: Ինչ վերաբերում է պնդմանը, թե մանդատը չկորցնելու համար եմ եկել խորհրդարան, եթե մանդատի համար եկած լինեի, մինչ այս էլ պարտաճանաչ եկած կլինեի»: