կարևոր
2809 դիտում, 1 տարի առաջ - 2022-11-07 17:30
Քաղաքական

Արցախի խորհրդարանում քննարկում է տեղի ունեցել գազի սակագնի սուբսիդավորման թեմայով

Արցախի խորհրդարանում քննարկում է տեղի ունեցել գազի սակագնի սուբսիդավորման թեմայով

Նոյեմբերի 7-ին ԱՀ ԱԺ մեծ դահլիճում կազմակերպվել  է քննարկում ՝ գազի սակագնի սուբսիդավորման թեմայով:

Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկմանը հրավիրվել էին ԱՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը, շահագրգիռ կառույցների ներկայացուցիչներ:

Խորհրդարանի նախանցյալ նիստի ժամանակ, երբ քննարկվել էր էլեկտրաէներգիայի սուբսիդավորման հարցը, խորհրդարանականներն առաջարկել էին սուբսիդավորել նաև գազի սակագինը: Առաջարկի վերաբերյալ ԱՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի կարծիքը բացասական էր: Հիմնավորելով այն՝ նախարարը նախ որոշ տվյալներ ներկայացրեց, ըստ որոնց 2020 թվականի դեկտեմբերից մինչև 2022 թվականի մարտը գազի սուբսիդավորման վրա պետությունը ծախսել է 3,5 մլրդ դրամ, այնինչ այդ գումարները կարելի էր ծախսել ենթակառուցվածքների զարգացման վրա:

ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ով սուբսիդավորման կողմնակից է, շեշտել է ետպատերազմյան շրջանում նման աջակցության կարևորությունը:

«Օդ ու ջրի պես անհրաժեշտ է այս սուբսիդավորումը: Պատգամավորների դերակատարությունը նման առաջարկներով հանդես գալն է, կառավարության գործառույթն էլ միջոցներ գտնելն է»,-ասել է նա՝ ընդգծելով ևս մի կարևոր հանգամանք: «Եթե գազը թանկ է նստում, մարդիկ շատ են էլեկտրաէներգիա օգտագործում, արդյո̉ք էներգոհամակարգը դիմակայելու է նման ճնշմանը»,-ասել է նա:

Արտադրության և արտադրական ենթակառուցվածքների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Կասյանը ներկայացնելով քննարկման նպատակը՝ ասել է, որ կառավարությանը հակադրվելու մտադրություն չկա:

«Ինչքան հնարավոր է բարենպաստ պայմաններ ստեղծել բնակչության համար՝սա է օրակարգում», -ասել է գլխադասային հանձնաժողովի նախագահը: Սակայն, ըստ նրա՝ սխալ է, որ ծրագիրը համահավասար գործի բոլոր խավերի համար:

«Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն այդ ենթատեքստում հիշեցրել է ընտանիքների կարիքների գնահատման ծրագրի բացակայության մասին:

«Ժամանակին դրա վերաբերյալ մեր առաջարկը չընդունվեց, հակառակ պարագայում պարզ կլիներ՝ ով  է ծրագրի իրական շահառուն», - ասել է նա՝ հավելելով, որ դա նաև քաղաքական հարց է:

Վերջին միտքն իրենց ելույթներում ընդգծել են նաև «ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն ու «ԱԺԿ» խմբակցության ղեկավար Դավիթ Մելքումյանը: «Թող տպավորություն չստեղծվի, որ պոպուլիզմով ենք զբաղված: Հարցը քաղաքական տիրույթում է, խոսքը պետական քաղաքականության մասին է, մշակենք համատեղ ռազմավարություն ու առաջնորդվենք դրանով»,-ասել է Մելքումյանը:

«Միասնական հայրենիք» խմբակցության տեսակետը ներկայացրել է խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը:

«Հավասարության նշան է դրվում աղքատների և ունևորների միջև, անընդունելի է նման մոտեցումը: Ծրագիրը պետք է  հասցեական լինի»,-ասել է նա:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության անդամ Արամ Գրիգորյանը հիշեցրել է, որ կարիքների գնահատման ծրագիրն սկսվել է, սակայն ավարտին չի հասցվել ու սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումը նաև այդ նպատակով էր:

ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը ներկաների ուշադրությունը հրավիրել է  այն հանգամանքի վրա, թե ինչ արձագանք կգտնի չսուբսիդավորումը:

Ամփոփելով քննարկումը՝ Վլադիմիր Կասյանն  առաջարկել է կյանքի կոչել գազի սուբսիդավորման ծրագիրը՝ կիրառելով հին մեխանիզմը: