|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Առողջապահության նախարարությունն այս տարի վերարտադրողական առողջություն հետ կապված նոր ծրագիր կիրականացնի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ ծրագիրը կոչվում է «Անպտուղ զույգերի վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության ծառայություններ»:
Նախարարը նշեց, որ նման ծրագիր ժամանակին եղել է, որին 50 մլն դրամ է հատկացվել, սակայն այն ոչ արդյունավետ է եղել: «Այս տարի մենք 210 մլն դրամ ենք նախատեսել ծրագրի իրականացման համար: Այս շաբաթ արդեն իսկ հանդիպում ունենք` որոշելու, թե ինչպես ենք գումարը ծախսելու, բայց ծրագրի նպատակը հիմնականում անպտղության պատճառները պարզելուն է ուղղված լինելու: Մյուս կողմից` ծրագրով նախատեսված գումարի մի մասն էլ արտամարմնային բեղմնավորման ծառայությունների գնմանն է ուղղվելու»,- ասաց Թորոսյանը:
Նրա խոսքով` փորձը ցույց է տալիս, որ ծախսն ավելի արդյունավետ է լինում, երբ անպտղության պատճառն է պարզվում, ու խնդիրը` լուծվում, քան երբ մի քանի տասնյակ զույգերի պարզապես արտամարմնային բեղմնավորում են անում: Սակայն, Թորոսյանի հավաստմամբ, վերականգնողական ծրագրով երկու խնդրին էլ լուծում է տրվելու: