|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պարզաբանում է ներկայացրել Միլանում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ ձեռք բերված փոխըմբռնման վերաբերյալ, որի մասին խոսել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծում է, որ Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ-ի կողմից:
«Մասնավորապես` հանդիպմանը հաջորդած հաղորդագրության մեջ նշված է, որ «Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվեցին առաջիկայում շարունակել հանդիպումները՝ պահպանելով ձևավորված դինամիկան»։
Մեկ այլ համաձայնություն էլ ձեռք է բերվել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ համատեղ հայտարարության վերաբերյալ: Նման ձևաչափով հայտարարություններ երկար ժամանակ է, ինչ չէր հաջողվում ընդունել, այնուամենայնիվ, Միլանում հնարավոր դարձավ համաձայնություն ձեռք բերել հայտարարության տեքստի շուրջ»,- ասված է ՀՀ ԱԳՆ ֆեսյբուքյան էջում տեղադրված հաղորդագրության մեջ: