կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-26 12:48
Հասարակություն

Անգամ ղրղզներն «Ընդդիմության մասին» օրենք ունեն

Անգամ ղրղզներն «Ընդդիմության մասին» օրենք ունեն

Այսօր լրագրողների հետ զրույցում «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, խոսելով խմբակցության անելիքների մասին, նշեց, որ «Ժառանգությունը» նախապատրաստվել է աշնանը` մշակելով մոտ 20 օրենսդրական նախաձեռնություններ, այդ թվում` «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը, որով առաջարկվում է վերացնել  պարտադիր զինվորական ծառայության դեպքում տարկետում ստանալու իրավունքը։

 

Հաջորդ օրինագիծը վերաբերում է «Խորհրդարանական ընդդիմության մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է ընդդիմությանը տրամադրել իրական լծակներ։ Ռուբեն Հակոբյանը նշեց, որ «Խորհրդարանական ընդդիմության մասին» օրենքի նախագիծը քննարկվում է քառյակի ուժերի հետ, որպեսզի այն դառնա միասնական նախագիծ։

 

«Նույնիսկ ղրղզները ունեն օրենքով կարգավորվող լծակներ, որոնք տրվում են ընդդիմությանը։ Զարմանում եմ, որ դա քննարկման թեմա է դառնում, դա աքսիոմատիկ ճշմարտություն է,  որ ընդդիմությանը պետք է տրամադրվեն լծակներ։ Ոչ թե ընդդիմությունը ավելի ազնիվ է, դրա համար պետք է տալ այդ լծակները, այլ  որ ընդդիմությունը պետք է վեր հանի իշխանության թերությունները` օրենքով: Եթե վաղը Հանրապետականը դառնա ընդդիմություն, ապա Հանրապետականը վեր կհանի այդ թերություններ։ Իշխանության ներկայացուցիչները թող ծանոթանան համաշխարհային ճշմարտություններին»,- ասաց Ռուբեն Հակոբյանը։

 

Եվս մեկ օրինագիծով առաջարկվում է խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքները տեսագրել ու տեղադրել կայքում, որը ավելի հրապարակային ու որակյալ կդարձնի հանձնաժողովների աշխատանքները:

 

«Առաջիկայում`  սեպտեմբերի 10-20-ը, «Ժառանգություն» խմբակցությունը լուրջ ձևաչափով ֆորում է նախաձեռնելու սահմանադրական բարեփոխումների մասին։ Մենք մեր տեսակետը ասել ենք ու կրկնում ենք, որ այս լարված վիճակում, երբ ներքին ու արտաքին քաղաքականության մեջ առաջնահերթությունները այլ են, պետք չէ առաջնային համարել սահմանադրական բարեփոխումների հարցը։ Մենք գտնում ենք, որ դա այլ նպատակ է հետապնդում»,- ասաց Ռուբեն Հակոբյանը։