|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ օրերս սահմանին տեղի ունեցած միջադեպերին` նշելով, որ այդ դեպքերը որոշակի թյուր մեկնաբանությունների տեղիք են տվել: Այնուհետև նա խոսքը փոխանցեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին` դեպքերին ավելի մանրամասն գնահատական տալու և իրադրությունն ամբողջությամբ ներկայացնելու համար:
Սեյրան Օհանյանը նշեց, որ հակառակորդի դիվերսիոն գործողությունները տեղի են ունեցել ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում: Հակառակորդը դիվերսիոն անհաջող գործողություններից հետո հետ է շպրտվել` կրելով կորուստներ, իհարկե, նաև հայ դիրքապահների, մասնավորապես` զոհված հերոս Արմեն Հովհաննիսյանի և նրա մարտական ընկերների մարտական գործողությունների արդյունքում: Դրանից հետո, նախարարի խոսքով, սահմանին լարվածությունը մեծացել է` արտահայտվելով կրակոցներով ու հակառակորդի խուճապային գործողություններով:
Սեյրան Օհանյանը նշեց, որ կրակոցներ եղել են ոչ միայն ԼՂ սահմանին ու հենակետերում, այլև ՀՀ սահմանին` հակառակորդի կողմից գնդակոծվել են հայկական զորքերի հենակետերը, ինչպես նաև բնակավայրերը: «Հակառակորդի անկանոն կրակահերթերին մենք պատասխան չենք տալիս, մենք պատասխանում ենք նպատակային: Իրադրությունն ամբողջությամբ գտնվում է վերահսկողության ներքո, անհանգստանալու և մտահոգությունների ոչ մի խնդիր չկա»,- շեշտեց պաշտպանության նախարարը: