|
Փոխարժեքներ
13 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.09 |
| EUR | ⚊ | € 442.04 |
| RUB | ⚊ | ₽ 4.7177 |
| GBP | ⚊ | £ 501.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է երեկ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույցի դուրս եկած ազատամարտիկներին. տեղեկացնում է ՀՀ կառավարության պաշտոնական կայքը:
Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Կառավարության ղեկավարը լսել է ազատամարտիկներին հուզող խնդիրներն ու հարցերը, նրանց հետ հանգամանալից քննարկել դրանց լուծման հնարավորությունները, ուղիները, ծանոթացել նրանց ներկայացրած առաջարկությունների փաթեթին:
Որպեսզի պետության օժանդակությունը լինի հասցեական՝ վարչապետը հանձնարարել է պաշտպանության նախարարությանը մանրամասն ուսումնասիրել սոցիալական ծրագրերում ներգրավված ազատամարտիկների ցուցակները և դրանցում իրականացնել անհրաժեշտ ճշգրտումներ:
Ազատամարտիկները վարչապետի ասել են, որ, սոցիալական խնդիրներից զատ, այսօր իրենց ոչ պակաս մտահոգում է հասարակության ոչ պատշաճ վերաբերմունքն իրենց նկատմամբ, ինչը բարոյալքման ֆոն է ստեղծում: Նրանք մատնանշել են նաև լրատվամիջոցների ոչ ճիշտ արձագանքն իրենց բարձրացրած խնդիրներին` իրենք ոչ թե բողոքում են, այլ հրավիրում կառավարության ուշադրությունն իրենց նկատմամբ:
Որպես այդ ուշադրության առաջին դրսևորում` ազատամարտիկներն առաջարկել են, որպեսզի հանրապետությունում սահմանվի Ազատամարտիկի օր, որը կկարգավորվի օրենքով: Զրուցակիցները քննարկել են նաև հայրենասիրական դաստիարակությանը, Ազատամարտիկի թանգարանի հիմնմանը և այլ խնդիրներին առնչվող հարցեր:
Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը խոստացել է կառավարությունում քննարկել բարձրացված խնդիրները, փորձել գտնել անհրաժեշտ լուծումներ, որոնք կարճ ժամանակ անց ևս մեկ անգամ կքննարկվեն ազատամարտիկների հետ հանդիպման ժամանակ: