|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Հանրապետության ցածրադիր գոտում ծիրանենիների զանգվածային ծաղկումը համընկել է գարնանային ցրտահարությունների հետ:
Հաշվի առնելով հնարավոր վտանգը` երեկ ողջ օրը ՀՀ գյուղատնտեսության նախարարության համապատասխան ծառայություններն ու մասնագետները` նախարար Սերգո Կարապետյանի և փոխնախարարների գլխավորությամբ, եղել են Արարատի և Արմավիրի մարզերում, խորհրդատվական հանդիպումներ ունեցել համայնքների ղեկավարների և այգետերերի հետ:
Հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու նպատակով խորհուրդ է տրվում այգիների հարակից հատվածներում, քամու ուղղությամբ, օգտագործելով բուսական կիսաչոր մնացորդները, ստեղծել կայուն ծխածածկույթ: Հատկապես մեծ է ցրտահարության վտանգն առավոտյան ժամը չորսից յոթն ընկած ժամանակահատվածում:
Նախնական տվյալներով` վտանգի գոտում հայտնված տարածքների մեծ մասում, հաշվի առնելով մասնագետների հորդորները, ողջ գիշեր իրականացվել են համապատասխան աշխատանքներ: Մասնագետների կարծիքով` կայուն ծխածածկույթի ապահովումը ճիշտ և ժամանակին իրականացումը մեծապես կրճատում է կորուստների հավանականությունը:
Ըստ օդերևութաբանների` այս գիշեր ևս ցրտահարման վտանգ կա: Ուստի խնդրում ենք այգետերերին ուշադրությամբ հետևել գիշերային ջերմաստիճանների տատանումներին և անհրաժեշտության դեպքում այգիներում շարունակել կայուն ծխածածկույթի ստեղծումը: