|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի` Հայաստանի անկախության 20-րդ տարեդարձի նախաշեմին արած հայտարարությունը հայաստանյան լրատվամիջոցների կողմից ներկայացվեց ընդհանուր բովանդակությունից դուրս եւ չարաշահվեց՝ նպատակ ունենալով Հայ Յեղափոխական Դաշնակցության մեջ ներքին խնդիրների ու պառակտումի սերմեր գտնել:
«Հուսախաբության մատնելով Դաշնակցության կազմակերպական եւ գաղափարական ուժը չգիտակցող բոլոր տարրերին ու ուժերին՝ հայտարարում ենք, որ կուսակցությունն իր կուռ կառույցով կմնա մեր ազգային արժեքներից մեկը»,- «Ասպարեզին» տված բացառիկ հարցազրույցում ասել է ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի ԿԿ ներկայացուցիչ Ավետիք Իզմիրլյանը:
Ըստ նրա` իրենց` որպես անկախության գաղափարը նսեմացնողների ներկայացնելու փորձերին ու շահարկումներին վերջ տալու համար եւ Հայաստանի Լոս Անջելեսի գլխավոր հյուպատոսությունից ստացված նոր հրավեր-նամակից հետո (հրավերում գրված է, որ ճաշկերույթը ոչ թե նախագահ Սերժ Սարգսյանի մեծարման, այլ Անկախության տոնի կապակցությամբ է) ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն հարկ է համարել հանդես գալ նոր հայտարարությամբ:
«Համոզված ենք, որ այս նոր հայտարարությամբ հարցը կփակվի: Իսկ անկախության գաղափարի նկատմամբ մեր ամբողջական հանձնառության եւ Հայաստանի անկախությունն իբրեւ գերագույն արժեք ու նպատակ ունենալու մեր վարքագիծն անքննելի է»,- նշել է Ա. Իզմիրլյանը:
Նա նաեւ հայտարարել է, որ իրենց համայնքն իր կարողություններով Հայաստանի անկախ պետականության կարեւորագույն կռվաններից մեկն է: «Այստեղ են ապրում հարյուր հազարավոր հայորդիներ, որոնք ամեն օր Հայաստանի հարցերով ու խնդիրներով են տագնապած, Հայաստանի իրագործումներով են երջանիկ, Հայաստանի ապագայով են մտահոգված: Մեր առաքելությունը համայնքի քաղաքական եւ տնտեսական հնարավորությունները առավելագույնս կազմակերպելն ու դրանք ազգային շահերին ի նպաստ ուղղորդելն է»,- նշել է դաշնակցական գործիչը: