|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանն այսօր դարձյալ խորհրդակցություն է հրավիրել` նվիրված պարենային ապրանքների շուկայում տիրող իրավիճակին:
Ինչպես հայտնում են ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հստակեցվել են այն քայլերը, որոնց շնորհիվ պետությունը կկանխի նախեւառաջ հացի գնաճը` կարգավորման գործընթացի ժամկետ նախանշելով մինչեւ հացահատիկի այս տարվա բերքահավաքն ընկած ժամանակահատվածը, այն է` հունիսի երկրորդ կեսը:
Վարչապետը խորհրդակցության ժամանակ նշել է, որ հանրապետությունում առկա ցորենի պաշարների եւ զեղչված գնով ալյուրի ներկրման շնորհիվ հնարավորություն կստեղծվի հացի շուկայում պահպանել գնային մակարդակը:
Հրահանգվել է ուժեղ վերահսկողություն սահմանել, որ հացի վաճառքը իրականացվի քաշի եւ գնի պարտադիր նշումով:
Կառավարության ղեկավարը կարեւորել է այն հանգամանքը, որ հացի արտադրությունն ընթանա շուկայական սկզբունքներով, իսկ անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերվի սոցիալապես անապահով խավերին: Միաժամանակ, առաջնահերթ ուշադրությունը կհատկացվի գյուղատնտեսական արտադրության աճին, ինչը կնպաստի պարենային ապրանքների գնաճի զսպմանը:
Վարչապետի խոսքով` կանխատեսվում է, որ գալիք բերքահավաքից հետո հանրապետությունում էապես կնվազեն հիմնական պարենամթերքի գները: